80 հազարով տնօրեն դառնալու համար դիմել Աշոտյանին

80 հազարով տնօրեն դառնալու համար դիմել Աշոտյանին
Կրթության եւ գիտության նախարարությունում դեռեւս դաշնակցական ղեկավարների ժամանակներից մտմտացել են հանրակրթական դպրոցների տնօրեններին հավաստագրելու կարգ ստեղծելու մասին, ըստ որի՝ տնօրենների թեկնածուները, մինչ թափուր պաշտոնին տիրանալը, պետք է համապատասխան հանձնաժողովում քննություն հանձնեն եւ ստանան հավաստագիր: Միայն այս հավաստագրի առկայության դեպքում կկարողանան մասնակցել դպրոցում հայտարարված տնօրենի մրցույթին:



Այս մտահղացմանը դաշնակները լուրջ ընթացք չեն տվել՝ այդպիսով կանխելով նաեւ անտեղի քաշքշուկն ու ավելորդ աժիոտաժը: Իհարկե, նույն անտարբերությունը չէր կարող լինել աշոտյանական ժամանակահատվածում, քանի որ վերջինիս բնավորության շրջանակում ամբողջությամբ տեղավորվում էր այս ծրագիրը: Այսինքն, այսպիսով հնարավորություն կունենար խուճապ ու իրարանցում ստեղծել տնօրենների շրջանում: Մամուլում կգրվեր, որ տնօրեններն այդ մասին լսելուց հետո գլուխները կորցրել են ու ելքեր են փնտրում՝ նախարարի բարեգթությանն արժանանալու եւ զարտուղի ճանապարհով քննությունը հաջող հանձնելու համար:



Ինքն էլ երիտչինովնիկի արդար ու վճռական «ոչ»-ով մանկավարժներին կխեղճացներ՝ միաժամանակ բարձրանալով սեփական աչքում: Մի խոսքով, իր պաշտելի PR-ն իրականացնելու համար հերթական հարմար առիթը կարող էր դառնալ: Բնականաբար, այս անիմաստ քաշքշուկը պետք է զետեղվեր «Հանրակրթության մասին» օրենքում: Եվ այդպես էլ եղավ:



Իրարանցումն սկսված է, քանի որ մի քանի օրից մեկնարկելու է դպրոցի ղեկավարման համար հավաստագրի ձեռքբերման գործընթացը: Այն տնօրենները, որոնց պայմանագրի ժամկետը լրացել է, եւ նրանք, ովքեր  պարզապես ուզում են տնօրեն աշխատել, մինչեւ փետրվարի 5-ը պետք է դիմումներ ներկայացնեն ԿԳՆ՝ մասնակցելու հավաստագրի ձեռքբերման անդրանիկ արարողությանը, որն սկսվելու է փետրվարի 17-ից:



Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, կազմվելու են 7 հոգանոց հանձնաժողովներ: Յուրաքանչյուր հանձնաժողով քննելու է 25 հոգանոց խմբի: Իսկ հանձնաժողովներն ընտրվում են պատահականության սկզբունքով, այն էլ՝ քննությունից 24 ժամ առաջ: Համաձայնեք՝ սա աննախադեպ մեխանիզմ է արդար ու թափանցիկ քննություն անցկացնելու համար, եւ այդ կարճ ժամանակահատվածում անհնար է բացահայտել հանձնաժողովների անդամների ով լինելը ու «կռիշների» միջոցով պատվերներ իջեցնել:



Նշենք, որ մինչ այդ, ընդհանրապես քննություն «վերցնողների» ցուցակը հայտնի է բոլորին, պարզապես 24 ժամ առաջ հանձնաժողովն է կոնկրետանում: Իմիջիայլոց, Քաղծառայության մրցույթի կարգով է ամեն ինչ լինելու: Պարզ է, չէ՞, թե որքանով է արդար ու թափանցիկ լինելու, ինչպես Քաղաքացիական ծառայության խորհրդում. մարդիկ գնում են, քննություն հանձնում, բարձր միավորներ հավաքում, բայց, չգիտես ինչու,  կակազող թեկնածուն է հայտնվում նախատեսված պաշտոնում: Կառուցվածքային ու բովանդակային առումով էլ է նման ՔԾ-ին:



Նախ` թեստ, ապա` բանավոր հարց ու պատասխան: 90 տոկոսանոց պատասխանի դեպքում կստանան հավաստագիր: Բայց ամեն ինչ այսքանով չի ավարտվում: Հավաստագիրն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է դպրոցի տնօրենի մրցույթին մասնակցելու համար: Եթե նախկինում առանց նախարարական հանձնաժողովի էլ մարդիկ գնում-հանձնում էին, հիմա պարտադիր է տվյալ հավաստագրի առկայությունից հետո մասնակցել դպրոցի «իսկական» քննությանը:



Այսինքն, ծնողկոմիտեի, մարզպետարանի ու համայնքային իշխանության ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը, այսպես թե այնպես,  «ընտրելու» է պատվիրած տնօրենին: Հարց է ծագում՝ ի՞նչ տարբերություն հնի ու նորի միջեւ: Տարբերությունը բացատրվում է այսպես. գոնե հիմա այդ նույն ԽԾԲ-ով թեկնածուն պատրաստված կմասնակցի քննությանը, կտիրապետի որոշակի գիտելիքների: Այսինքն, տնօրեն նշանակվելու ճանապարհը «խուճուճացնելով»՝ իրականում բարդացնում են ոչ թե  թեկնածուի վիճակը, այլ տանիքի:



ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ՊԱՐԱՊՈՒՄ ԵՆ ԿՐԿՆՈՒՍՈՒՅՑԻ ՄՈՏ



ԿԳՆ-ի այս նորամուծության ամբողջ խնդիրն այլ տեղ է: Պարզվում է՝ մինչ հավաստագրի ձեռքբերման քննությունը, նախ տնօրենը պետք է հաճախի պարապմունքների, ինչը կոչվում է վերապատրաստում: Իրականում դա նույն բանն է, ինչ դիմորդի՝ կրկնուսույցի մոտ պարապելը: Ավելի վատ տարբերակով:



Եթե դիմորդն ազատ է իր ընտրության մեջ եւ ինքնուրույն պարապելու հնարավորություն ունի, ապա այստեղ դա խիստ բացառվում է: Եվ կրթված ու աշխատանքային բազում տարիների փորձ ունեցող մարդկանց ստիպում են, որ անպայման հաճախեն վերապատրաստող կազմակերպություններ, մուծեն 80-90 հազար դրամ, որպեսզի երկու շաբաթվա ընթացքում իրենց ծանոթացնեն թեստին, կարճ ասած՝ օգնեն հաղթահարելու նախաքննական դեպրեսիան: Այն դեպքում, երբ քննական հարցաշարը  մատչելի է, եւ բոլորն էլ կարող են տանը նստած՝ պատրաստվել:



Հենց սա էլ վրդովեցրել է բազմաթիվ վաստակաշատ տնօրենների: Ինչ հիմնավորվածությամբ է նախարարությունը պարտադիր դարձրել վկայականի գործոնը, ինչու պետք է բանիմաց ու պատրաստված տնօրենները ինչ-որ սկսնակ ուսուցիչների մոտ վերապատրաստվեն, ինչն իրականում 80 կամ 90 հազար դրամ շորթելու նպատակով է արվում: Թող դառնա կամավոր սկզբունքով, եւ դասընթացների հաճախեն նրանք, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն պատրաստվել: Կամ՝ ինչ հաշվարկներով են որոշել այդ գումարի չափը:



Ի դեպ, «կրկնուսույցներն» են Կրթության ազգային ինստիտուտը, Մանկավարժական համալսարանը, Գավառի համալսարանը եւ երկու հասարակական կազմակերպություն, որոնցից մեկի նախագահը դպրոցներից մեկի տնօրենն է: Սահմանված գումարի հետ կապված՝ Նարինե Հովհաննիսյանն ասաց, թե այդ գումարը տնօրինում են վերապատրաստող կազմակերպությունները:  Ակնհայտ է, որ դրանից փայ ունի նաեւ նախարարությունը, այլապես մաքրաբարո, ինքնասիրահարված ու ամբիցիոզ Աշոտյանն իր ղեկավարած ոլորտում նման անպատվաբեր քայլ թույլ չէր տա: