Գործը փակում են

Գործը փակում են
Մի քանի օր է՝ հայաստանյան մամուլը փոթորկված է սփյուռքահայ մանկապիղծի մասին հոդվածներով: Անգամ տարիներ շարունակ այդ մասին պատերի տակ խոսող լոռեցիներն են իրար անցել ու հուսադրվել, որ վերջապես չարը կպատժվի: Ինչ-ինչ, բայց պեդոֆիլիան չի կարող խրախուսվել մեզանում. մեր ազգային մենթալիտետով դրանից ավելի ծանր հանցանք չկա: Հիշում եք՝ ամիսներ առաջ հայերենի ուսուցչի խայտառակ դատավարությունը, որի մեղքերը, թերեւս, մանկական զանցանքներ էին այս վերջինի համեմատ: Հրապարակումների առաջին օրերին «մեղադրվող» կողմը լռում էր, ասում էին՝ ակտիվ քննություն է գնում, ոստիկանությունում տեսահոլովակ կա, որն ամեն ինչ ապացուցում է, եւ գործը կոծկել այս անգամ չի հաջողվի: Սակայն վերջին օրերին սույն անձն ակտիվացել է, երեկ անգամ իր ու իր ղեկավարած կոմբինատի աշխատակազմի ստորագրությամբ կիսասպառնալից գրություններ են ուղարկվել լրատվամիջոցներին, իբր՝ օրենքի սահմաններում կպատժվեք, եթե այդ «ստահոդ մեղադրանքները», «խեղկատակությունը» շարունակեք: Նախ, նկատենք, որ նման մեղադրանքները չէին կարող օդից ծնվել, եւ ինչքան էլ չարակամներ ունենար Սերոբ Տեր-Պողոսյանը, նման զարհուրելի մեղադրանքը հնարավոր չէ հորինել ու կպցնել անմեղ մարդուն: Մյուս կողմից՝ այս հերքումները խոսում են այն մասին, որ մեծահարուստը հավանաբար «հարցերը լուծել է» կամ լուծման փուլում է, եւ հիմա հարկավոր է համապատասխան հող ստեղծել գործը փակելու համար: Իսկ այդ հողը կոլեկտիվի զայրացած նամակներն են, իր՝ սփյուռքահայի վիրավորված գրությունները եւ անշուշտ՝ մամուլի դեմ մի քանի հայցադիմումները: Եվ երբ իրավապահ համակարգի ներկայացուցիչն ասում է, որ տեսահոլովակն ապացույց չէ, դեռ պետք է ապացուցել, որ այնտեղ տվյալ անձն է, կնշանակի չարի վերջը դեռ չի եկել: