Մենք ԱՊՊԱ-ն եւ Պզոն

Մենք ԱՊՊԱ-ն եւ Պզոն
«Ինշուրանս» բառն իմ մեջ ռուսերեն «еще раз» արտահայտության ասոցիացիա է առաջացնում: Գուցե ոչ միայն իմ մեջ, գուցե շատերի… Ու մեկ էլ ստիպում է հիշել Պզոյի պատմությունը` կապված ԱՄՆ առողջապահության ոլորտի ապահովագրական ընկերություններին հիմարացնելու հետ:



Հնարավո՞ր է, արդյոք, մինի պզոների առաջացումը մեր ԱՊՊԱ համակարգում: Ի՞նչ տարբերություն, ապահովագրական ոլորտ է վերջապես: Բոլորով փող ենք դնում, բայց այդ փողը ծախսում ենք ոչ բոլորով: Բնական է, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան մի քիչ ավելի ծախսել, քան մյուսները, ավելին, կգտնվեն այնպիսիները, ովքեր ընդհանրապես կփորձեն դրանով տուն պահել:



Մինչդեռ ԱՊՊԱ-ի նպատակը բարի է` ավտոպատահարների ժամանակ բացառել մեղավոր վարորդի գլուխը ջարդելու դեպքերը, անցորդներին զերծ պահել հինգհարկանի հայհոյանքներից, խեղճերին պաշտպանել զոռբաներից: Հիմա կասեք` Պզոն ի՞նչ կապ ունի: Պզոն անձամբ կապ չունի: Կապ ունի ապահովագրական ընկերություններին հիմարացնելու մասին նրա պատմությունը:



Մի հասարակ օրինակ բերեմ ձեզ, որ 2000-2005 թվականներին շատ տարածված էր Մոսկվայում: Ընկերներով հավաքվում եւ փողոցային ոստիկանի (ГИБДД) աչքից հեռու ավտովթար էին բեմականացնում: Սկզբում` ռուսական արտադրության հալումաշ եղած իրենց ավտոմեքենաներով:



«Դեպքի վայր» էին կանչում ГИБДД-ին, ապա` ապահովագրական գործակալին, որն էլ արձանագրում էր` ջարդվել ու մեքենայից պոկվել է բամպերը, ծակվել է ռադիատորը, ծռվել է հովհարը, դեֆորմացվել են շարժիչը պահող հեծանները, շարքից դուրս են եկել ղեկային համակարգի լծակները, ճաքել է դիմապակին եւ այլն, եւ այլն: Այս ամենը լուսանկարվում էր եւ գնում գնահատման: Ռուսաստանում, ի տարբերություն Հայաստանի, «դզել-փչել», «կարկատել» եւ նման այլ հասկացություններ չկան: Կա «մասը պահեստամասով փոխարինել» հստակ ձեւակերպումը:



Այս ամենի արդյունքում ստացվում էր այնպես, որ «բեմադրության» հեղինակները շատ ավելի մեծ գումարներ էին ստանում, քան կստանային իրենց հալումաշ եղած «ժիգուլիները» մեկին վաճառելուց: Ավելի ուշ նման իրավիճակում սկսեցին հայտնվել առավել լուրջ ֆիրմայի մեքենաներ, որոնց ամենահավանական կոտրվող մասերը «բեմ ելնելուց» առաջ նախօրոք փոխարինվում էին արդեն իսկ կոտրվածներով կամ հնամաշ, անպիտան մասերով: Սա նշանակում է, որ ռուսական պզոների դարբնոցն արդեն սկսել է շրջանավարտներ տալ: Թռիչքը նկատելի է` «ժիգուլիներից» մինչեւ «մերսեդեսներ»:



Կարո՞ղ է արդյոք ապահովագրությանը «ֆռռացնելու» ռուսական փորձը նախադեպ լինել հայկական ԱՊՊԱ-ի համար: Եթե լսենք ՀՀ իշխանություններին` ոչ: Մեզ համար նույնիսկ Սուդանի, Թունիսի եւ Եգիպտոսի դեպքերը չեն կարող նախադեպ լինել, էլ ուր մնաց ռուսական ավտոպատահարները: Բայց կխնդրեինք չմոռանալ, որ ԱՄՆ-ի պես երկրում, ուր, թվում է, թե բոլոր ոլորտներն են գործում անսխալ-ավտոմատ, երբեմն բաներ են լինում, որ նույնիսկ խոշոր չափերի աֆյորա որակելն է քիչ:



Քիչ չեն նաեւ այնպիսի աֆյորաները, որոնք համարվում են հենց հայկական մտքի ծնունդ: Մենք կցանկանայինք, որ Հայաստանում իր առաջին քայլերն անող ԱՊՊԱ-ն առավել շատ սեւեռվեր այս հարցերի վրա, քան իր ծննդյան արշալույսին հայտարարեր, թե հնարավոր է, որ տարիների հետ գանձվող ապահովագրական գումարներն ավելացնի: Սա չի՞ նշանակում արդյոք, որ ԱՊՊԱ-ն, Հայաստանում գումար աշխատելու մտադրությունից ավելի շատ, վախի զգացում ունի, թե կարող են իրեն թալանել: Այստեղից էլ` գումարները հետագայում մեծացնելու միջոցով առավելագույնին հասնելու ձգտումը, որպեսզի թալանվելուց հետո էլ գումար մնա իրենց համար:



Դա հարցի լուծում չէ: Առանձին տնտեսագետներ արդեն իսկ հաշվարկել են, որ ՀՀ բնակչությունից գանձված ԱՊՊԱ գումարները մի բան էլ ուռճացված են եւ մի քանի անգամ ծածկում են այն վնասները, որ հասցվում են քաղաքացիներին ավտոպատահարների ժամանակ: Բայց սա դեռ մի կողմ:



Լինելով ՀՀ քաղաքացի, սա ես ցավով եմ նշում, արդեն իսկ պատկերացնում եմ, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ ապահովագրված երկու հայ վարորդ, ԱՊՊԱ-ի մեկ հայ գործակալ եւ առնվազն երկու հայ ավտոտեսուչ սկսեն վերլուծել տեղի ունեցածն ու որոշեն միասին ելք գտնել ստեղծված իրավիճակից: Իսկ իրավիճակները տարբեր են լինում:



Ընկերական ավտոբեմադրությունները դեռ թողնենք մի կողմ եւ ենթադրենք` A ավտոմեքենայի վարորդի մեղքով տեղի է ունեցել ավտովթար` B ավտոմեքենայի մասնակցությամբ, բայց վնասվել է հենց A մեքենան: Եթե B-ն չի վնասվել, եւ նրա վարորդը բողոք չունի, ապա, կասեն մասնագետները, ԱՊՊԱ-ին անհանգստացնելու կարիք չկա: Այո, նրանք ճիշտ են, բայց… Այստեղ սկսում է աշխատել հայ մարդու ուղեղը:



Խնդիրը հետեւյալն է` ինչպես անել, որ ԱՊՊԱ-ն գա եւ փոխհատուցի վթարի պատճառ հանդիսացող A ավտոմեքենայի վնասը: Դրա համար A ավտոմեքենայի վարորդը պետք է դառնա «տուժող», իսկ նրան «տուժող» կարող են ներկայացնել ավտոտեսուչներն ու B ավտոմեքենայի վարորդը, ովքեր, մինչեւ ԱՊՊԱ-ի տեղ հասնելը, մի սիրուն ակտ կկազմեն առ այն, որ B-ի մեղքով է վնասվել A-ն: Հարգելի գործակալ, բարի եղիր հատուցել վնասը, իսկ դրանից հետո` կտեսնենք:



Սա ընդամենը մի պարզունակ օրինակ էր այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ մի երկրում, որտեղ, հիմնականում օրենքների պատճառով, բոլորը դժգոհ են բոլորից: Բնական չէ՞, ուրեմն, որ այդ երկրում որքան անողոք է պատժվում չապահովագրվողը, նույնքան էլ խոցելի է ապահովագրական գործակալությունը:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ