«ԱՊՊԱ-ի փաթեթը» մերժել են, «հղիների փաթեթի» քվեարկությունը` հետաձգել

«ԱՊՊԱ-ի փաթեթը» մերժել են, «հղիների փաթեթի» քվեարկությունը` հետաձգել
Այսօր Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծին դրական եզրակացություն տալու եւ մեծ օրակարգ ընդգրկելու հարցը:



Սույնով նախատեսվում է ավտոմեքենաների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ներկայիս օրենքն ուժը կորցրած ճանաչել, որն արդեն իսկ   դժգոհության մեծ ալիք է բարձրացրել քաղաքացիների լայն շրջանակների մոտ:



Հիմնական զեկուցող Արմեն Մարտիրոսյանի  համոզմամբ` ներկա պայմաններում գնաճային գործընթացներին  դժվարությամբ դիմակայող քաղաքացիների համար ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման գործընթացը հավելյալ ֆինանսական մեծ բեռ է, որն այս պայմաններում ցածր եկամուտ ունեցողների համար, որը բնակչության գերակշիռ մասն է կազմում, վաղ է եւ անթույլատրելի: Օրենքը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:



Հանձնաժողովի անդամների գերակշիռ մեծամասնությունը նույնպես համակարծիք են եղել, որ կան լուրջ թերություններ եւ բացթողումներ, որոնք ի հայտ են եկել օրենքի կիրառմանը զուգընթաց, սակայն օրենքի նախագծերի փաթեթին դրական եզրակացություն տալուն կողմ են քվեարկել ընդամենը երկու պատգամավորներ, եւ նախագծերի փաթեթը դրական եզրակացություն չի ստացել:



Իսկ Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ժառանգության» ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին դրական եզրակացություն տալու հարցը:



Հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը տեղեկացրել է, որ նախագծի փաթեթով առաջարկվում է վերականգնել նախկին դրույթը` հղիության եւ ծննդաբերության նպաստը սահմանել միջին աշխատավարձի չափով  եւ այն չհարկել` հաշվի առնելով դրանց խիստ նպատակային նշանակությունը:



Կառավարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իրենք եւս պատրաստել են նույնաբովանդակ մի նախագիծ եւ առաջարկել է հետաձգել «Ժառանգության» ներկայացրած նախագծերի փաթեթի քվերակությունը 15 օրով` Կառավարության ներկայացրած նախագծին ծանոթանալու եւ այլընտրանքային տարբերակով քննարկելու նպատակով: Քվեարկությունը հետաձգվել է 15 օրով: