Նախադեպն են ամրացնում

Նախադեպն են ամրացնում
Երեկ իրականացան մեր ամենավատ ակնկալիքները, որ անցած տարի բարձրաձայնում էինք՝ դեռ որոշակի փաստեր չունենալով, իսկ հիմա կարող ենք ասել կոնկրետ դեպքերի օրինակով: «Հայկական ժամանակին» դատի տված երեք օլիգարխները, որոնք հաստատ փողի պակաս չունեն, շահեցին դատը, եւ օրաթերթին դատարանը պարտավորեցրեց մոտ 7 մլն դրամ վճարել՝ որպես պատճառած վնասի փոխհատուցում: Այս պարագայում սա ոչ միայն չափից դուրս մեծ բեռ է օրաթերթի համար, այլեւ բարոյական, իրավական, մարդկային բոլոր սկզբունքների ոտնահարում, անարդարություն, որը ոչ մի չափանիշի մեջ չի տեղավորվում: Բանն այն է, որ օրաթերթը ստիպված է պատասխան տալ մի բանի համար, որը, անգամ մեր թերի օրենքի պարագայում, նրանից պահանջել չէր կարելի: Այն հրապարակումը, որից դժգոհում են օլիգարխները, ՀԺ-ի սեփական դիտարկումը չէ, այլ մի ուրիշ անձի հայտարարությունը: Բոլոր նորմերով «վիրավորված» անձինք պետք է պատասխան պահանջեին սկզբնաղբյուրից, այլ ոչ թե այդ աղբյուրին մեջբերած թերթից: Սա մի բանի մասին է վկայում՝ ցանկացած պարագայում կարող են մեզ դատի տալ, եւ ցանկացած պարագայում դատարանը կատարելու է իշխանությունների հրահանգը, ինչից զգուշացնում էինք մենք մեկ տարի առաջ: Անշուշտ, «Հայկական ժամանակին» ոչինչ չի պատահի՝ նա կշարունակի լույս տեսնել: Դրա համար կան առնվազն մի քանի տասնյակ եղանակներ: Սակայն կատարված փաստն է մտահոգիչ: Այն ոչ միայն լրատվամիջոցի ու լրագրողների նյարդերն ու ժամանակն է խլելու, այլեւ ազատ խոսքի նկատմամբ նոր զսպաշապիկի մոդելի փորձարկման է հանգեցնելու: Եթե այս մոդելը հաջողություն ունենա, այն առաջիկայում էլ կկիրառեն: Միշտ կգտնվեն մի քանի կամակատարներ, որոնք կդիմեն դատարան եւ պատիվ կպահանջեն ոմանց զայրույթը հարուցած ԶԼՄ-ից: