Никто вас за язык не тянул

Никто вас за язык не тянул
Չերչիլն ասում էր` քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել, թե ինչ է լինելու վաղը, մի շաբաթից, մի ամսից, մի տարուց, ու հետո բացատրի, թե ինչու դա տեղի չունեցավ: Ճիշտ է, սա ինքը` Չերչիլն է ասել, բայց քաղաքական գործչի մասին այս ձեւակերպումը որեւէ կերպ չի առնչվում Հայաստանի քաղաքական գործիչներին, մանավանդ, երբ նրանք իրենց կանխատեսում-ցանկությունները շաղ են տալիս սփյուռքահայության առջեւ:



Նման դեպքերում հենց սկզբից կարելի է բացատրել, թե ասված-խոստացվածն ինչու տեղի չի ունենա, քանի որ ասվածի թերեւս գլխավոր լոկոմոտիվը, սովորաբար, Սփյուռքին ֆռռացնելու մոտիվացիաներն են լինում: Խոսքն այս պարագայում անցած շաբաթվա ամենաշատ քննարկվող թեմայի` Հրանուշ Հակոբյանի` լոսանջելեսահայության առջեւ արած այն հայտարարության մասին է, թե հնարավոր է Հայաստանում երկպալատ խորհրդարան ստեղծվի` Սփյուռքի մասնակցությամբ:



Դե լավ, Հրանուշ Հակոբյանն էր` մի բան ասել էր, բա հո Սփյուռքի առաջ չէ՞ր ասելու` չէ, դուք իրավունք չունեք Հայաստանի կառավարմանը մասնակցելու, որովհետեւ ոչ բանակ եք գնում, ոչ հարկ եք վճարում, ոչ նվազագույն աշխատավարձով նվազագույն զամբյուղ պահելու ֆենոմենալ ընդունակություններ եք դրսեւորում, ոչ էլ, նույնիսկ, քաղաքացի եք: Հերիք չէ նախարարն ասաց, դրանից հետո էլ, ուրեմն, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը հավելեց. «Նրանք, ովքեր դեմ են այս գաղափարին, մտածում են ինչպես մեր թշնամիները»:



Հենց այդպես, կարճ ու կոնկրետ: Շունչներս պահած սպասում էինք, որ ավելացներ` երբ, ինչու ու ինչպես պիտի իրականանա այդ գաղափարը, մեկ էլ բա` «Այս գաղափարի իրականացման ինստիտուցիոնալ մոտեցումները կճշտվեն ավելի ուշ», քանի որ, ենթադրաբար, դա ամենակարեւոր պահը չէ այս հերթական համահայկական գաղափարի իրականացման ճանապարհին: Մի՜ քիչ չակերտները բացեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը (պարտադիր պետք է լինի ՀՀ քաղաքացիությունը եւ երկրորդ պալատը պետք է ձեւավորվի համամասնական ընտրակարգով)` ավելի խճճելով իրավիճակը:



Ո՞վ է ընտրելու, ի՞նչ ընթացակարգով են քաղաքացիություն ստանալու թեկնածուները, ի՞նչ  սկզբունքների ու իրավական նորմերի հիման վրա է կարելի արձանագրել «Սփյուռք»-ի անդամ համարվելու նորմատիվները, դրանից հետո ինչպե՞ս չոտնահարել որեւէ սփյուռքահայի ընտրական իրավունքները, ինչպե՞ս խուսափել երկրի կառավարման օղակներ օտարերկրյա դրածոների ներթափանցումից. սրանք ընթացիկ մանր-մունր խնդիրներ են:



Կարեւորը գաղափարն է` ըստ Հրայր Կարապետյանի, երկպալատ խորհրդարանական համակարգին անցում կատարելը կնպաստի համահայկական խնդիրների լուծմանը: Երդվում եմ` Մարսի եւ Վեներայի բնակեցումը ուրբանիստիկայի եւ դեմոգրաֆիայի տեսակետից կնպաստի ոչ միայն համահայկական, այլեւ համամարդկային խնդիրների լուծմանը: Բա մենք էդ ազգն ե՞նք, մանր բաների հետեւից ենք ընկել, եկեք միանգամից լայն մտածենք:



Միեւնույն է` գաղափարի իրականացման ինստիտուցիոնալ մոտեցումները ճշտվելու են ավելի ուշ: Ու միեւնույն է` ոչ ոք մեր քաղաքական գործիչներից չի պահանջելու բացատրել, թե դա ինչու տեղի չունեցավ: Անցած շաբաթվա մեկ այլ հետաքրքիր իրադարձություն էր ՀՀԿ-ԲՀԿ լեզվակռիվը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյանը ցանկության դեպքում վաղուց կարող էր գլխավորել ՀՀԿ-ն:



Այս ոչ միանշանակ հայտարարությունն արժանացավ հանրապետականների, ինչպես ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը ձեւակերպեց, «քաղաքական քարկոծությանը»: Գագիկ Ծառուկյանը հետագայում, իհարկե, բացատրեց, որ չի ուզեցել վիրավորել ոչ ՀՀԿ-ին, ոչ էլ ՀՀԿ նախագահին, ու կրքերը հանդարտվեցին: Բայց մի միջանկյալ իրողություն, այնուամենայնիվ, այս իրադարձությունը դարձրեց նշանակալի. ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը խոստովանեց, որ ՀՀԿ-ԲՀԿ տարաձայնություններ կան, եւ դրանք կապված են նրա հետ, որ ԲՀԿ-ն չի ուզում հստակեցնել` պաշտպանելո՞ւ է Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2013թթ. ընտրություններին, թե՞ ոչ:



Թերեւս ԲՀԿ-ն ուզում է 2012-ի ԱԺ ընտրություններով հասկանալ` իր ունեցած խորհրդարանական ձայները հնարավորություն տալի՞ս են Սերժ Սարգսյանի թեկնածությունը չպաշտպանել, թե՞ ոչ: Նման հանդգնությունից հետո Սերժ Սարգսյանի փոխարեն ո՞վ լիներ տոտալիտար երկրի գլխին ու չնյարդայնանար:



Հա, ու մեկ էլ Տիգրան Կարապետյանը՝ անցած շաբաթ տարավ-բերեց, Արթուր Բաղդասարյանին անվանեց «լակոտ», հետո բացատրեց, որ նկատի է ունեցել միայն տարիքը` այն, որ իրենից փոքր է, ու կրքերը հանդարտվեցին: Բայց այսպես էլ, փաստորեն, ստացվում է, որ այդ ձեւակերպման տակ մտնում են բոլոր նրանք, ովքեր Կարապետիչից տարիքով փո՞քր են ու նույն տրամաբանությամբ կարող են նրան անվանել, ասենք, «քյաֆթա՞ռ»: Իհարկե, քավ լիցի, միմիայն նկատի ունենալով նրա տարիքը:



Վահագն ԹԵՎՈՍՅԱՆ