Մանկապիղծը

Մանկապիղծը
Ինձ ոչ այնքան Սերոբ Տեր-Պողոսյանի մանկապիղծ լինելու հաղորդագրության փաստն է գարշելի թվում (սեռական շեղումներով մարդիկ ամենուր կան), ոչ էլ այն հանգամանքը, որ նա երկար տարիներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդականն էր, որքան այն ծնողները, որոնք իմացել են ինչ է կատարվում իրենց երեխաների հետ ու որոշակի գումարի դիմաց համաձայնել են լռել:



Ինչ է նշանակում` ինչ-որ մեկը սոցիալապես անապահով խավի երեխաներին, որոնց թիվը ոչ մեկ է, ոչ երկու, այլ մոտ քսան հոգի, իբր թե առել է իր հովանու ներքո եւ սեռական հարաբերություններ ունեցել նրանց հետ: Մի՞թե այդ քսանից մեկը ծնող չուներ կամ իր ընկերոջը, ազգականին, հարեւանին կամ, ամենակարեւորը՝ ոստիկաններին չի վստահել ու պատմել իր հետ կատարվածի մասին: Սա ինչ է նշանակում՝ որ կամ մարդիկ իրականում վաճառել են իրենց երեխաներին ու այդ պատճառով էլ չեն բողոքել, կամ՝ այնքան չեն վստահում ոստիկանությանն ու իշխանություններին, որ նույնիսկ վախենում են այդ մասին բարձրաձայնել:



Եվ այս պատմության ընթացքում ոչ ոք չանդրադարձավ այն փաստին, որ մենք այժմ գտնվում ենք զինադադարի ռեժիմում, ու վաղը, մյուս օրը այդ «պղծված» երիտասարդները հայտնվելու են հայկական բանակում: Ու հասարակությունը, փոխանակ դատապարտի այդպիսի երեւույթներ ծնող բուն պատճառը, ինչ-որ ամերիկահայ պեդոֆիլի որպես քավության նոխազ է գտել, որպեսզի արդարացնի հասարակության փտած վիճակը:



Երբ ընտրությունների ժամանակ ասում էին՝ 5 հազար դրամով իր ձայնը վաճառողն իր երեխայի ապագան է վաճառում, սա անուղղակի էր հնչում, իսկ այժմ այդ ամենը մարդիկ ուղիղ իմաստով են գործածում:  Իհարկե, առողջ հասարակություններում նույնպես լինում են այսպիսի դեպքեր` ինցեստի, մանկապղծության, բռնաբարության, սակայն, որ այդ ամենը կատարվի հասարակության իմացությամբ, որից հետո այդպիսի արարք գործածները շարունակեն գրավել նույն հասարակական դիրքը, դա արդեն ոչ թե վերոնշյալ սուբյեկտների խնդիրն է, այլ հենց հասարակության:



Ինչ է նշանակում տարիներով իմանալ մանկապիղծի կամ բռնաբարողի տեղն ու շարունակել այդ մարդուն որպես բարերար ներկայացնել, որ իբր սպորտին կամ ֆուտբոլին աջակցել է, թիմ է պահել, որտեղ իր սեռական հակումների համար ընտրել է համապատասխան պատանիների: Դուք նայեք այժմյան այլասերվածների ինքնավստահությանը, որ իրենց թույլ են տալիս այսքանից հետո ոչ միայն շարունակել իրենց բիզնես գործունեությունը, այլ նաեւ, իբր բարեգործությունների միջոցով, քաղաքական հարցեր լուծել:



Իսկ ամենազավեշտալին այն էր, որ Սերոբ Տեր-Պողոսյանը հանդիսանում էր ոստիկանությանը վերահսկող քաղաքացիական խորհրդի անդամ, եւ վերոնշյալ լուրը հայտնի դառնալուց հետո նրան ազատել են այդ աշխատանքից: Եթե մարդն անմեղ էր ու հարկավոր էր ապահովել նրա անմեղության կանխավարկածը, ինչու ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ վարչապետը նրան հապճեպ ազատեցին, առանց հաշվի առնելու անմեղության կանխավարկածը, իսկ եթե նա մեղավոր էր, ինչու քրեական գործ չի հարուցվել դեպքի կապակցությամբ եւ չի ձերբակալվել ոչ միայն նա, այլ նաեւ այն ծնողներն ու բոլոր-բոլոր նրանք, ովքեր տարիներով իմացել են այս հանցագործության մասին ու չեն հայտնել:



Հիմա, որպես հասարակություն, այս հարցը պարզելուն պետք է մենք հետամուտ լինենք, իսկ այս երիտասարդների կոտրված սրտերը միայն բոլոր մեղավորներին պատժելով ու հասարակության ուշադրությամբ կարելի է վերականգնել, այլապես այս երիտասարդներին զորակոչելով Հայոց բանակ՝ կունենանք դրսում կատարվող իրադարձությունների հայելային արտացոլումը:



Առաքել ՍԵՄԻՐՋՅԱՆ