Նոր խորհուրդ, նոր անդամներ

Նոր խորհուրդ, նոր անդամներ
2010 թվականի դեկտեմբերի 10-ից դադարեցվել են ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհրդի լիազորությունները: Ըստ խորհրդի կանոնադրության, հասարակական խորհուրդը ստեղծվում է երկու տարի ժամկետով, որից հետո լուծարվում է, եւ ստեղծվում է նորը:



Նախկին խորհրդի նախագահ Ֆելիքս Բախչինյանն ասաց, որ նոր խորհուրդը, որի հիմնական նպատակը «ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումն է», հավանաբար կձեւավորվի փետրվարի 10-ին, իսկ թե ով կղեկավարի խորհուրդը կամ ովքեր կլինեն խորհրդի կազմում՝ Բախչինյանը դժվարացավ ասել: Իսկ հասարակական խորհրդի աշխատանքը կամփոփեն նոր խորհրդի ձեւավորման օրը, որի ժամանակ Բախչինյանը ելույթի ձեւով կներկայացնի զեկույցը:



Հասարակական խորհուրդը բաղկացած էր 51 հոգուց, ովքեր հիմնականում արվեստի, գրականության, նաեւ մամուլի ներկայացուցիչներ էին, եւ ենթադրվում է, որ նոր խորհրդի շարքերն էլ կհամալրեն մշակութային դեմքեր: Բախչինյանից հետաքրքրվեցինք խորհրդի անդամ Սերոբ Տեր-Պողոսյանի մասին, որին Լոռու բնակչությունը մեղադրում է մանկապղծության մեջ, սակայն Բախչինյանը հրաժարվեց խոսել նրա մասին՝ ասելով. «Ես որեւէ բան ասել չեմ ուզում: Քննությունից հետո, երբ ամեն ինչ պարզ կլինի, նոր ես իմ կարծիքը կասեմ»: