Սփյուռքի պալատ՝ ներսո՞ւմ, թե՞ դրսում

Սփյուռքի պալատ՝ ներսո՞ւմ, թե՞ դրսում
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ վերջերս առաջ քաշած երկպալատանի խորհրդարան ստեղծելու եւ այնտեղ Սփյուռքի ներկայացուցիչներին ներգրավելու գաղափարը  վերջին շրջանում դարձել է քաղաքական եւ հասարակական շրջանակների քննարկման ամենաթեժ թեմաներից մեկը:



Եվ այսպես, անհրաժե՞շտ է մեզ երկպալատ խորհրդարան, եւ ո՞րն է լինելու դրա առաքելությունը: Այս մասին տեսակետներ են հայտնում ոչ միայն քաղաքական եւ հասարակական գործիչները, այլեւ մտավորականները: Բանաստեղծ, ԱՄՆ-ում Արցախի առաջին ներկայացուցիչ Արտեմ Հարությունյանը երեկ «Հայելի» ակումբում հարցականի տակ դրեց նման կառույցի գործունեության արդյունավետությունը եւ մի նոր «ենթաշենք, վերնաշենքի» ստեղծումը՝ ոչ անհրաժեշտ: «Գուցե վիրտուալ դրա անհրաժեշտությունը կա, բայց նոր-նոր շերտեր ավելացնելով եղածին, մենք բյուրոկրատական ապարատ չե՞նք դարձնում...»,-երկմտեց նա:



Բանաստեղծը համոզված է՝ Սփյուռքին նման պալատ  հարկավոր չէ, Սփյուռքը կարիք ունի ոչ թե այստեղ կոմիտե ունենալ, այլ՝ Նյու Յորքում, Վաշինգտոնում եւ այլ երկրներում: Եվ պարտադիր չէ, որ այդ կառույցի ներկայացուցիչները հայ լինեն:



«Մեզ օգնող, օժանդակող խումբ պետք է լինի, ինչպես առաջարկում էր հռչակավոր Պիտեր Բալաքյանը՝ դիմել մարդկանց, ովքեր փողով կլծվեն աշխատանքի»,-ասում է նա: «Զուտ անձնական, հայրենասիրական սփյուռքահայի դողդոջուն ձայնով դա չի լինի... Պետք է մեծ գումար ներդրվի, լոբբիստական աշխատանքներ տանել... Սփյուռքի աշխատող շատ մասնագետներ անգամ Սփյուռքը չեն տեսել: Մենք պետք է դեսանտ ունենանք ուղիղ Ամերիկայի սրտում, եւ օտարներ լինեն՝ նվիրյալ մեզ»:



Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանի կարծիքով էլ Հայաստանն այդ քայլով ուզում է նոր կամուրջ գցել Սփյուռքի հետ: Ընդհանրապես նա ողջունում է երկպալատ խորհրդարանի գաղափարը, ընդգծելով, սակայն, որ նախեւառաջ հարկավոր է Սփյուռքի ներկայացուցչությամբ  խորհրդակցական մարմին ստեղծել, ինչպես Հանրային խորհուրդն է, ստուգել դրա արդյունավետությունը, հետո միայն ընդգրկել խորհրդարանում:



«Առհասարակ Սփյուռքը բազմակուսակցական մարմին է, եւ պետք է այնպես անել, որ երկպալատանի խորհրդարանով նոր պառակտման հիմք չդրվի»,-ընդգծեց Իսահակյանը: Նա նման խորհրդարանի ստեղծումը համարում է հենց Սփյուռքի պահանջը: «Նրանք ասում են՝ ժամն է, որ ոչ միայն պետք է փող տանք, այլեւ մասնակցենք Հայաստանի գործընթացներին:



Սա այսօրվա արդի Սփյուռքի պահանջն է, մենք հետ կտանենք անիվը, եթե ասենք, որ համաձայն չենք սրան»,-ասաց Իսահակյանը: «Այստեղ տեղի գործիչները չեն թողնի, որ Սփյուռքի ներկայացուցիչներն այն թափով մասնակցեն գործընթացներին, ինչ որ պետք է: Նրանք ավելի լավ է դրսում լինեն: Այստեղ գալը դառնում է մի տեսակ տուրիստական ճամփորդություն: Այլապես եթե այստեղ լինի, մենք կունենանք հերթական բյուրոկրատական կառույցը ու կգնանք ճահճացման»,-հակադարձեց Հարությունյանը:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ