Վերջ ապագիտական դեզինֆորմացիային

Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
Վերջին շաբաթներում շատերս «YouTube»-ում ականատես եղանք ոմն Արթուր Պողոսյանի մասին պատմող տեսահոլովակների, իսկ ապա նաեւ` հայրենական բազմաթիվ ԶԼՄ-ներում նրան փառաբանող հրապարակումների: Դրանցում երիտասարդը հայտարարում է, որ մեծ գիտնական է, ասում է բաներ, որոնք պարզապես ծիծաղելի են. հագնելով երկաթուղու մեքենավարի համազգեստ` հայտարարում է, որ դրանով տիեզերք է թռչելու, ցույց է տալիս անգլերեն գրված «փաստաթղթեր», որոնցում առկա էին լատինատառ գրված ռուսերեն բառեր, եւ այլն:



Հիրավի, ներքոստորագրյալ ֆիզիկոսներս չէ, որ պետք ասենք, որ «доктор медицинских наук по космонавтике и аэронавтике» արտահայտությունը ծիծաղելի է, քանի որ «կոսմոնավտիկան» տիեզերագնացությունն է, իսկ «աէրոնավտիկան»` օդապարիկների ղեկավարման մասնագիտությունը, եւ դրանցից ոչ մեկը կապ չունի բժշկության հետ: Ինչպես եւ` մենք չէ, որ պետք է ասենք, որ «Հայաստան обретет покой» արտահայտությունն անընդունելի է, քանի որ այդպես արտահայտվում են ողորմածիկների մասին:



Բայց մենք ամենայն լրջությամբ հայտարարում ենք, որ, ի հեճուկս Արթուր Պողոսյանի, լույսի արագությունը 299,8 (եւ ոչ 500) հազար կիլոմետր/վայրկյան է, եւ դա միարժեք է ու անփոփոխ (իսկ Իսահակ Նյուտոնը լույսի արագության որոշման հետ կապ չունի): Հակառակ դեպքում, աշխարհը բավականին այլ կլիներ, եւ այլ բանի մասին չասած՝ չէին աշխատի այնպիսի ամենօրյա օգտագործման սարքերը, ինչպիսիք են բջջային հեռախոսը, համակարգիչները, թվային ժամացույցները եւ այլն: Նույն կերպ հայտարարում ենք, որ Պլուտոնի եւ Նեպտունի «արանքում» ոչ մի «X» մոլորակ չկա եւ չի կարող լինել, քանի որ այդ պարագայում էականորեն այլ կլիներ արեգակնային համակարգի դինամիկան:



Տեղեկացնում ենք նաեւ, որ ոչ մեկը չի արտադրում «տիեզերական ինքնաթիռ», առավել եւս` 200 հազար մարդ տարողությամբ, եւ որ ոչ մեկի մտքով չի անցնի 1000 կիլոմետրանոց արեւային մարտկոցներով արբանյակ կառուցել: Բացի այդ, թեեւ կլիման իրոք փոխվում է, սակայն 2012 թվականին Եվրոպան Ճապոնիայի հետ հազիվ թե ջրի տակ անցնի, իսկ Հայաստանն ու Աֆրիկան իրար հետ տեղերով չեն փոխվի:



Եզրակացնելով գրվածը, հարկ ենք համարում նշել, որ Արթուր Պողոսյանի բոլոր ասածները գիտական տեսանկյունից անհեթեթ են, իսկ ինքը երբեւիցե չի սովորել (առավել եւս` Պուտինի միջնորդությամբ) Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի (կամ որեւէ այլ բուհի) ֆիզիկայի ֆակուլտետում, ինչպես նաեւ՝ ոչ մի աստղ չի հայտնաբերել:



Ներքոստորագրյալ երիտասարդ (եւ ապագա) ֆիզիկոսներս, հիմնվելով վերոգրյալի վրա, բոլոր հայ ֆիզիկոսների անունից խնդրում ենք հասարակությանը՝ լուրջ չընդունել Արթուր Պողոսյանին եւ, չտարածելով նրա մասին տեղեկատվությունը, «չխայտառակել ռեսպուբլիկա»:



Հայաստանի ավագ կուրսերի



ֆիզիկոս



ուսանողներ եւ



ասպիրանտներ (37 ստորագրություն)