Արգելում է

Արգելում է
Իրանի ռադիոհեռուստատեսային պետական ընկերության ղեկավարությունը երկրի բոլոր հեռուստաալիքներին արգելել է եթերում ցուցադրել այն խոհարարական հաղորդումները, որոնցում պատմվում է արտասահմանյան երկրների խոհանոցի մասին, հաղորդել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները:



Արգելքը, ամենայն հավանականությամբ, այն միջոցառումներից մեկն է, որոնք վերջին տարիներին իրականացնում է Իրանի կառավարությունը, եւ որոնք նպատակամղված են քաղաքացիների շրջանում հայրենասիրության եւ ազգային ոգու բարձրացմանը, նշել է գործակալությունը: «Jamejamoline.ir» նորությունների պետական կայքի տվյալներով՝ շաբաթ երեկոյան ռադիոհեռուստատեսային հաղորդումների պետական ընկերության ղեկավարի տեղակալ Ալի Դարաբին այս մասին հայտարարել է 30 պետական հեռուստաալիքներից մեկին այցելության ժամանակ:



Իրանում որոշ հեռուստահաղորդումների ընթացքում ցուցադրում են արտասահմանյան երկրների խոհանոցային արվեստի բաղադրատոմսեր: Այնպիսի կերակրատեսակներ, ինչպիսիք են պիցցան, պաստան, համբուրգերները եւ հոթ-դոգերը, մեծ ժողովրդականություն են վայելում Իրանում, իսկ Թեհրանում կարելի է գտնել շատ ռեստորաններ, որոնք մատուցում են արեւմտյան եւ ասիական խոհանոցի կերակրատեսակներ: