Չհամատեղենք «դարավոր բարեկամությունը» արդար ֆուտբոլի հետ

Չհամատեղենք «դարավոր բարեկամությունը» արդար ֆուտբոլի հետ
Անկեղծ ասած, որպես հայկական ֆուտբոլի սրտացավ երկրպագու եւ ընդհանրապես` ՀՀ քաղաքացի, այն պահից, երբ հրապարակվեցին 2010-2011 թթ. նախընտրական փուլի վիճակահանության արդյունքները, մտահոգություն ապրեցի մեր հավաքականի` Ռուսաստանի հավաքականի հետ նույն խմբում հայտնվելու կապակցությամբ:



Ախր չափից ավելի է մեր դարավոր բարեկամությունն իր բոլոր անառողջ դրսեւորումներով ներթափանցել մեր համար տեսանելի բոլոր ոլորտներ: Եթե անգամ երկրի նախագահ ընտրելիս (մի պահ ենթադրենք, որ իսկապես մենք ենք ընտրում մեր նախագահին) պիտի նախեւառաջ Ռուսաստանի «դաբրոն» ստանանք, էլ ո՞ւր մնաց, որ իրար հետ ֆուտբոլ խաղալիս օբյեկտիվ մրցակցություն լինի:



Սակայն մի շարք հանգամանքներ է՛լ ավելի սրություն եւ անառողջ մթնոլորտ են հաղորդում ստեղծված իրավիճակին: 2010-ի աշնան նախընտրական խաղերում եւ հատկապես Սլովակիայի հավաքականի հետ անցկացրած խաղն ապացուցեց, որ մեր հավաքականն այնպիսի ներուժ ունի, որ նրան 2012-ի եզրափակիչ փուլում տեսնելու մեր ակնկալիքները բավական իրատեսական են, եւ դա լրացուցիչ ափսոսանքի զգացում է առաջացնում հնարավոր պայմանավորված խաղի (այսինքն թանկարժեք միավորներ կորցնելու) պարագայում:



Մյուս կողմից էլ՝ վերջին օրերի աժիոտաժն ու մամուլում հայտնված հրապարակումները նորից մտահոգվելու առիթ են տալիս, քանի որ «առանց կրակ ծուխ չի լինում» արտահայտությունը հենց այնպես չի առաջացել: Եթե խաղից դեռ մոտ երկու ամիս առաջ արդեն հերքող հայտարարություններ են արվում խաղի պայմանավորվածության շուրջ, համաձայնվենք՝ դա չի կարող հակառակում կասկածելու տեղիք չտալ:



Մինչեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի պահվածքին անդրադառնալը, խոսենք մամուլում հայտնված՝ Դիիկ Ադվոկատի հայտարարության մասին: Ոչ իրազեկ մարդկանց տեղեկացնենք, որ Ադվոկատը Ռուսաստանի հավաքականի հոլանդացի մարզիչն է, որն այդ պաշտոնում փոխարինեց իր համերկրացի Գուուս Հիդինգին եւ, ի տարբերություն վերջինիս, դեռ ամենեւին չի արդարացնում իր հետ կապված հույսերը: Այսպես, հարց է ծագում, թե ինչու պիտի դեռ փետրվարի սկզբին Ադվոկատը մամուլով հերքի իրենց կողմից խաղը «գնելու» մասին խոսակցությունները, ընդ որում՝ պատճառաբանելով իրենց բարձր վարկանիշ ունենալու փաստարկը, առավել եւս, որ ավելի բարձր վարկանիշ ունենալը (ինչը դեռ շատ վիճելի է) բոլորովին էլ հաղթանակի գրավական չէ:



Շատ ավելին է ասելիքը՝ կապված ՀՖՖ-ում ստեղծված մթնոլորտի վերաբերյալ: Երբ պարոն Հայրապետյանն իր մամլո ասուլիսում խոսում է այն մասին, թե՝ «...լուրջ հաջողությունների ենք հասել եւ 19 տարվա մեջ այսպիսի ֆուտբոլ չենք ունեցել», դրա հետ չհամաձայնելն ուղղակի իրականությունից խուսափել կլինի, առավել եւս, որ չի կարելի անտեսել նաեւ նրա դերը (ես հասկանում եմ, որ նրա մարդկային կերպարի հանդեպ հակակրանք տածողները քիչ չեն, բայց եկեք այս հարցում օբյեկտիվ լինենք):



Սակայն այստեղ էլ մտահոգիչը հարցի քաղաքականացումն է, ավելի կոնկրետ` այն, որ ԱԺ պատգամավորն ու ՀՖՖ նախագահը, կարծես, ֆուտբոլային առաջընթացը փորձում է իր համար ալիբի օգտագործել ԶԼՄ-ների դեմ իր գրեթե մշտական դարձած պայքարում: Այսինքն` «մի գրեք իմ դեմ, որպեսզի չվարկաբեկվի հայկական ֆուտբոլը»: Ստացվում է, որ «ասում ենք` հայկական ֆուտբոլ, հասկանում ենք Ռուբեն Հայրապետյա՞ն»: Կարծես քիչ է նրա պատգամավորական անձեռնմխելիությունը, հիմա էլ փորձում է նաեւ ֆուտբոլով անձեռնմխելի լինել:



Իսկ եթե իսկապես նա Ռուսաստանում զբաղվում է փողերի լվացմա՞մբ: Դրանից էլ լավ պատրվա՞կ հայկական կողմի վրա լծակներ ունենալու համար: Թեկուզ ռուսների համար հիանալի առիթ է՝ շանտաժով ստիպել խաղը հանձնելու: Կարծես քիչ են Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ազդելու տնտեսական ու քաղաքական լծակները, հիմա էլ քրեական լծակներն ավելանան:  Ցավն այն է, որ, ամենայն հավանականությամբ, նման մթնոլորտը չի կարող հոգեբանական ճնշում չգործադրել թե մեր ֆուտբոլիստների եւ թե Վարդան Մինասյանի վրա. տա Աստված՝ սխալ լինեն խոսքերս: Իրավիճակի պատասխանը կտա միայն մարտի 26-ի երեւանյան խաղը:



Եթե հանկարծ մերոնք չկարողանան հաղթել (չենք ասում` պարտվել, քանի որ ոչ-ոքին էլ գրեթե համազոր է պարտությանը՝ կորցրած միավորների առումով), միշտ էլ կգտնվեն նորից «պայմանավորվածության» մասին խոսողներ՝ անկախ բերված փաստարկների օբյեկտիվության աստիճանից: Իրոք, բարոյական ճնշումը մեր տղաների վրա շատ մեծ է լինելու: Նույնիսկ չենք էլ ուզում ասել, թե իրավիճակը լրացուցիչ խթան կհանդիսանա հաղթելու համար, քանի որ հաղթանակի գինն այնքան մեծ է, որ լրացուցիչ խթան պետք չէ:



Իսկ մինչ այդ, երեւի թե ամենից ճիշտը հարցը չքաղաքականացնելն ու դրա շուրջ անառողջ կրքեր չբորբոքելն է: Թերեւս, այդ կերպ կսատարենք մեր մեջ այդքան դրական լիցքեր ներարկած մեր հավաքականին:



Վահե ՔՈՉԱՐ