Ոչ միայն ֆրանսահայ, այլ նաեւ բուլղարահայ

Ոչ միայն ֆրանսահայ, այլ նաեւ բուլղարահայ
Մինչ Մայր Աթոռը փորձում է հերքել Ֆրանսիայի Հայ առաքելական եկեղեցիների հոգաբարձուների դժգոհության մասին մեր տպագրած լուրը` կապված Էջմիածնի կողմից Ֆրանսիայի Հայ առաքելական եկեղեցիների ղեկավարման կարգի փոփոխության եւ ֆինանսների տնօրինման հետ, ֆրանսահայ համայնքում նոր սկանդալ է հասունանում:



Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին հրաժարականի դիմում է ներկայացրել շուրջ 20 տարի Փարիզի Հայ առաքելական եկեղեցու խորհրդի հոգաբարձու Գեղամ Թորոսյանը` անհամաձայնություն հայտնելով Էջմիածնի վարած ներկա քաղաքականությանը, ինչպես նաեւ դժգոհություն արտահայտել իրենց տեսակետները հաշվի չառնելու, եկեղեցու ղեկավարման կարգը փոխելու հետ կապված:



Հոգաբարձու Գեղամ Թորոսյանը ֆրանսահայ համայնքում հայտնի է որպես հեղինակավոր մարդ, եւ նրա հրաժարականը կարող է նոր պոռթկում առաջացնել համայնքում: Սակայն սա չի խանգարել, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական Համակարգի           տնօրեն` Տ. Վահրամ քահանա Մելիքյանը «Հերքում» խորագրի տակ գրություն հղի մի շարք լրատվամիջոցների: Ահա այն.



««Հրապարակ» օրաթերթի փետրվարի 5-ի համարում «Ֆրանսիայի հայ համայնքը դժգոհ է Էջմիածնից» հոդվածում տեղ գտած մտահոգություններն անհիմն են եւ չեն համապատասխանում իրականությանը:



Այս առնչությամբ տեղեկացնում ենք, որ 2009թ. նոյեմբերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված թեմական-ներկայացուցչական ժողովում թեմերից ժամանած առաջնորդները եւ աշխարհական պատվիրակները հաստատեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր թեմերի համար տիպային կանոնադրություն, որտեղ հստակեցվեցին թեմական-եկեղեցական կանոնադրությունների հիմնական սկզբունքները:



Այդ թվականից ի վեր բոլոր թեմերում աշխատանք է տարվում, որպեսզի միօրինակության բերվեն թեմական եւ ծխական կանոնադրությունների հիմնական սկզբունքները: Ֆրանսիայի Հայոց թեմի պարագային եւս վերատեսության է ենթարկվելու թեմական կանոնադրությունը, որպեսզի Եկեղեցու սկզբունքներին հակասող կանոնադրական հոդվածները փոխարինվեն թեմական-ներկայացուցչական ժողովի կողմից որդեգրած՝ Եկեղեցու ավանդությանն ու կանոններին համահունչ հոդվածներով:



Հերյուրանք է նաեւ այն, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցանկանում է՝ «ձեռք գցել Սփյուռքի եկեղեցիների ֆինանսներին եւ ինքը տնօրինել դրանք»: Վերոհիշյալ թեմական տիպային կանոնադրության համաձայն, որը հաստատված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, թեմական եւ ծխական կալվածքները համարվում են համայնքի սեփականություն: Վստահ ենք, որ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդի եւ պատկան կառույցների աշխատանքի արդյունքում կփարատվեն Ֆրանսիայի մեր հայ համայնքում տեղ գտած թյուրըմբռնումներն ու մտահոգությունները»:



ՀԳ - Հայ առաքելական եկեղեցու խնդիրներին մենք առաջիկայում էլ ենք անդրադառնալու՝ որքան էլ որ դա դուր չգա Եկեղեցու չինովնիկներին: Հենց երեկ մենք նամակ ենք ստացել բուլղարահայ համայնքից, որը եւս տպագրում ենք առանց խմբագրման եւ հուսով ենք Էջմիածնի պատասխանը չի ուշանա:



«Կարդալով ձեր հոդվածը Ֆրանսիայի հայոց թեմում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հետ կապված խնդիրների մասին` գրում եմ ձեզ: Բուլղարիայի հայոց թեմը նույնպես ունի խնդիրներ: Այս թեմը գրեթե մեկ տարի է` առանց հոգեւոր առաջնորդի է, իսկ Վառնա քաղաքում կան խնդիրներ` կապված հոգեւոր հովիվ Տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանի հետ, որին վառնահայ համայնքը դեմ է, իսկ Մայր Աթոռը ոչինչ չի ձեռնարկում այդ հարցը լուծելու համար:



Վերոնշյալ քահանան ամուսնալուծված է, եւ գիշերային ակումբում նրան մարմնական վնասվածքներ են հասցրել, որը ցույց է տալիս, թե տվյալ քահանան ինչով է զբաղվում հոգեւոր ծառայության փոխարեն: Արդ, Մայր Աթոռը տվյալ քահանայի հարցի շուրջ ոչինչ չի անում, թույլ տալով քահանային հոգեւոր ծառայությունը շարունակել, մինչդեռ նրան դեմ է վառնահայ համայնքը: Եթե այս թեման ձեզ հետաքրքրի` կարող ենք ավելի մանրամասն տեղեկություններ հաղորդել»: