Ինտրիգների վարպետը

Ինտրիգների վարպետը
Երեկվա օրը նշանավորվեց նրանով, որ վերջին ամիսներին ստվերում մնացած Ռոբերտ Քոչարյանը կրկին ներկայացավ հայ հանրությանը եւ ամենակարեւորը՝ ներկայացրեց իր արժեքավոր մտքերը: Ոմանք կարծում են, որ այս հայտնության հիմնական նպատակը Գագիկ Ծառուկյանի խոսքերը հաստատելն էր եւ իր գոյության մասին հիշեցնելը:Մյուսները պնդում են, որ սա զգուշացում է՝ ուղղված Սերժ Սարգսյանին, որ եթե ԲՀԿ-ին շատ նեղես, ես այլ խաղաքարտեր էլ կբացեմ եւ բաց առճակատման կանցնեմ: Մեկ այլ խումբ վստահ է, որ եկել է երրորդ ուժի հայտնվելու ժամը եւ այդ ուժի դերում կարող է լինել Ծառուկյանը՝ Քոչարյանի քավորությամբ: Մյուսները պնդում են, որ Քոչարյանը վերադարձի շանս չունի, եւ այս մաղձը հենց այդ անհնարինության զգացումից է: Նաեւ ինտրիգներ հյուսելու, պառակտելու, կռվեցնելու միայն իրեն յուրահատուկ ընդունակությունից: Եվ վերջապես կա ամեն ինչին փիլիսոփայորեն նայողների մի խումբ, որն այս ամենը հերթական խաղ է համարում: Խաղ, որի ծրագրմանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ Սերժ Սարգսյանը, եւ որի նպատակը հայ հանրության ուշադրությունը շեղելն է, հակամարտության իմիտացիա ստեղծելը, որ հաջորդ ընտրություններում ընդդիմության կարգավիճակում լինեն ոչ թե «լեւոնենք», այլ պրոքոչարյանական ուժերը: Օրվա վերջում հանրապետականների ջղաձիգ արձագանքներից պարզ դարձավ, որ ներքաղաքական վիճակը բավական սրվել է, իսկ այսպիսի ու այսչափ հակասություններ բեմադրելը մեր քաղաքական գործիչների «ռազմախի» բանը չէ: Առավել հավանական է, որ ամեն մեկն իր խաղն է խաղում: Ընդ որում՝ ոչ թե կուսակցությունն ընդդեմ կուսակցության, այլ անձերն ընդդեմ անձերի: Ըստ որոշ լուրերի, շաբաթվա վերջին մի կարեւոր հանգուցալուծում կլինի: Կորոշվի ԲՀԿ-ի «տեղն արեւի տակ»: