ԲՀԿ-ն չի՞ ճանաչում կոալիցիոն նոր հուշագիրը

ԲՀԿ-ն չի՞ ճանաչում կոալիցիոն նոր հուշագիրը
Որոշ տեղեկություններով` երեկ երեկոյան անսպասելի Ռուսաստանից Հայաստան է վերադարձել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ-ից այս առթիվ երեկ երեկոյան հրաժարվեցին տեղեկություն տալ:



Հիշեցնենք, որ երկուշաբթի նախագահականում հանդիպման ժամանակ, որին, որոշ տեղեկություններով, ներկա են եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Ծառուկյանը չորս օր ժամանակ էր խնդրել Սերժ Սարգսյանին պատասխան տալու համար` ասելով, թե մեկնում է Մոսկվա:



Թե ինչ ուղերձով է ժամանակից շուտ վերադարձել Ծառուկյանը՝ պարզ կլինի առաջիկայում: Հիշեցնենք, որ վաղը նա պետք է պատասխան տա` ԲՀԿ-ն սատարո՞ւմ է Սերժ Սարգսյանին, թե՞ դուրս է գալիս կոալիցիայից: Ուշագրավ է նաեւ, որ որոշ աղբյուրներ պնդում են, թե Ծառուկյանը Մոսկվայում է եղել Ռոբերտ Քոչարյանի հետ միասին:



Երեկ ԱԺ-ում ԲՀԿ պատգամավորների ու նախարարների հետ զրույցներից պարզ էր դառնում, որ անգամ նրանք տեղյակ չեն ԲՀԿ-ի, առավել եւս՝ իրենց հետագա ճակատագրի մասին ու սպասում են առաջնորդի գալուստին ու որոշմանը: Սակայն մի բան պարզ է՝ ԲՀԿ-ականները խիստ անհանգիստ են իրենց դիրքի ու ունեցվածքի հետ կապված եւ որեւէ պարագայում չէին ցանկանա լքել կոալիցիան ու ընդդիմություն դառնալ:



Մյուս կողմից, եթե ԲՀԿ-ն համաձայնի ՀՀԿ-ի խաղի կանոններին, հերթական անգամ ընտրությունների ժամանակ կկորցնի ձայների զգալի մասը: Ի դեպ, երեկ խորհրդարանում ԲՀԿ-ական պատգամավորները խուսափում էին շփվել լրագրողների հետ: Որոշ տեղեկություններով` նախագահականում ու ՀՀԿ-ում նույնպես մտահոգ են:



ԲՀԿ-ի հետ կոնֆլիկտային զարգացում չեն ուզում, նաեւ` ինչու չէ, ՀՀԿ-ի համար շատ ձեռնտու է, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի «պարը պարի»: ՀՀԿ-ում թերեւս նաեւ հասկանում են, որ եթե ԲՀԿ-ն էլ իրեն ընդդիմություն հռչակի ՀՅԴ-ի պես, ապա ԱԺ-ում կլինեն մոտ 50 ընդդիմադիր ձայներ: Դրանց միավորման դեպքում վտանգը մեծանում է:



Բացի դա, նախագահականում կկորցնեն ԲՀԿ-ի պես ուժի նկատմամբ վերահսկողությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախագահականը ԲՀԿ-ին, որպես հանգուցալուծում, առաջարկել է կոալիցիոն համագործակցության նոր հուշագրի նախագիծ, ըստ որի` գծագրվում են այն շրջանակները, որոնց շուրջ կառավարող կոալիցիան պետք  է համագործակցի 2012-ի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ:



Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ գործկոմի նիստը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին է ներկայացրել կոալիցիոն նոր հուշագրի նախագիծը` ասելով, որ իրենք նման բան են առաջարկում: Ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ի դեպ, երեկ կոալիցիոն ուժերից եւ ՀՀԿ, եւ ՕԵԿ անդամները հաստատեցին կոալիցիոն նոր հուշագրի փաստը, սակայն ԲՀԿ-ականները հայտարարեցին, թե տեղյակ չեն այդ մասին:



Մասնավորապես, մեզ հետ զրույցում նման բան ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը: Որոշ տեղեկություններով` ԲՀԿ-ականներից ոմանք ասել են՝ «դա ի՞նչ է, որ մենք ստորագրենք, չենք ստորագրի»: Այս պարագայում ԲՀԿ-ին մնում է դուրս գալ կոալիցիայից:



Ամեն ինչ որոշելու է Գագիկ Ծառուկյանը: Երեկ մեր հարցին՝ ԲՀԿ-ն հայտարարելո՞ւ է Սերժ Սարգսյանին սատարելու մասին, թե՞ դուրս է գալու կոալիցիայից, Ծառուկյանի մամուլի խոսնակը հայտարարեց. «Համագումարի ժամանակ կիմանաք դրա մասին»: Համագումարը կայանալու է շաբաթ օրը:



Մեր հաջորդ հարցին, թե Գագիկ Ծառուկյանի` Մոսկվա մեկնելը կապ ունի՞ ներկոալիցիոն իրավիճակի հետ, Խաչիկ Գալստյանը հայտարարեց. «Պարոն Ծառուկյանը Մոսկվայում է բացառապես իր գործընկեր «Լուդինգ» կազմակերպության հրավերով»: Հարցին, թե Մոսկվայում հանդիպում ունենալո՞ւ է որեւէ պաշտոնյայի հետ, խոսնակը պատասխանեց, թե ինքը տեղեկություն չունի:



Ուշագրավ է նաեւ նախօրեի երեկոյան Սերժ Սարգսյանի զանգը Մոսկվա` Մեդվեդեւին: Երեկ ԱԺ-ում մեր հարցին՝ կապ ունի՞ այդ զանգը ՀՀ ներքաղաքական զարգացումների հետ, թե՞ Մինսկի խմբի համանախագահների այցի հետ է կապված, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, դա աշխատանքային գործառույթ է: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, էնպես որ, էդտեղ մասնավոր խնդիր չկա»:



Նշենք, որ, մեզ հասած տեղեկություններով, ԲՀԿ-ն չի ուզում հայտարարել Սերժ Սարգսյանին սատարելու մասին` գիտակցելով, որ այդ պարագայում դառնալու է ՀՀԿ-ի կցորդ կամ ՕԵԿ-2: Միեւնույն ժամանակ, ԲՀԿ-ն չի ուզում լքել կոալիցիան, քանի որ հասկանում է, թե ինչ կկատարվի իր վարչական լծակների ու, ինչու չէ՝ ունեցվածքի հետ, եթե չունենա լծակներ:



Ի դեպ, երեկ տեղեկություն շրջանառվեց, որ նախօրեի երեկոյան ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանի սնունդը մատակարարող կառույցի՝ «Ավիասնունդի» ղեկավարը: Ինչպես գրվել է մամուլում, դատախազությունում նյութեր կան Գագիկ Ծառուկյանին պատկանող այդ կառույցի ղեկավարի դեմ: Երեկ դատախազությունից ու ոստիկանությունից չհաջողվեց ճշտել տեղեկությունը: Մեզ խոստացան պատասխանել այսօր: Եթե փաստը հաստատվի, կնշանակի՝ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը քաղաքականից տեղափոխվել է տնտեսական դաշտ: