«Նախանձելի» շուկաներն ու արգելված բացօթյա առեւտուրը

«Նախանձելի» շուկաներն ու արգելված բացօթյա առեւտուրը
Փողոցային առեւտրի դեմ պայքարի դուրս եկած Երեւանի  քաղաքապետ Կարեն Կարապետյանին, փաստորեն, հաջողվեց ոստիկանների միջոցով մաքրել Երեւանի մայթերը տարատեսակ ապրանքներ (թերթերից սկսած, գյուղապրանքներով վերջացրած) վաճառող մարդկանցից:



Շուրջ տասնհինգ օր է, ապրում ենք «մաքուր» Երեւանում: Բայց այնպես չէ, որ քաղաքապետին չի «մտահոգում» այդ մարդկանց ճակատագիրը: Չնայած երկու օր առաջ բացօթյա առեւտրի արգելման իր որոշմանն անդրադառնալիս էլ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե պետք է անօրինական ոչ մի բան չլինի քաղաքում, անկախ նրանից՝ դա մեզ դուր է գալիս, թե ոչ, այդուհանդերձ քաղաքապետն աչքալուսանք էր տվել եկամտից զրկած մարդկանց ու հայտարարել, որ այս պահին մեր գործող օրինական շուկաներում երեք հազարից  ավելի տեղ կա (ի դեպ, քաղաքապետարանի տվյալներով, փողոցային առեւտրով զբաղվում է հենց 3 հազար մարդ, մինչդեռ փողոցային առեւտրով զբաղվողները նշում էին, որ այդ թիվը գերազանցում է 10 հազարը):



Ինչեւէ, քաղաքապետն ասել էր նաեւ, որ տնտեսվարողների հետ համաձայնություն են ձեռք բերել սկզբնական շրջանում տեղերը տրամադրել անվճար: Հետաքրքիր է՝ քաղաքային իշխանությունների եւ շուկայի տերերի միջեւ արդյո՞ք  պայմանավորվածություն ձեռք չի բերվել՝ առաջին ամիսներին այդ մարդկանց շուկայի տեղերի ցածր գների «կտով» շուկա բերել եւ հետո իրական գներ դնել:



Փաստորեն, հակառակ փողոցային առեւտրով զբաղվողների դժգոհություններին, Երեւանի շուկաներում առեւտրականները փոքր գումարներ են վճարում եւ նախանձելի պայմաններով աշխատում շուկաների տնօրինությունների հետ: Օրինակ, Գումի շուկայի փոխտնօրեն Յուրա Ումրումյանը մեզ փորձում էր հավատացնել, որ առեւտրականը մեկ օրվա համար տնօրինությանը վճարում է 300-500 դրամ:



Ավելին՝ փօխտնօրենն ասաց, որ լինում են օրեր, երբ իրենք առեւտուր չարած մարդկանցից գումար չեն վերցնում: Գումի շուկայում ազատ տեղեր շատ կան, սակայն, Ումրումյանի տեղեկացմամբ՝ նախկինում փողոցային առեւտրով զբաղվող երկու մարդ է եկել իրենց մոտ: «Դրանք բանջարեղենի առեւտրով զբաղվողներ են, որոնց հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ առաջին մեկ ամսում գումար չվերցնել»,-ասաց շուկայի փոխտնօրենն ու հավելեց, որ այդկերպ են վարվելու շուկա եկած բոլոր մարդկանց հետ:



Վստահեցրեց նաեւ, որ հետագայում էլ նրանցից գանձվելու է 300-500 դրամ՝ ոչ ավելի: Ի դեպ, երբ փորձեցինք շուկայի հենց վաճառողներից իմանալ, թե իրենք ինչքան գումար են օրական վճարում, նրանք վախեցած նայում էին շուկայում շրջող հսկիչներին եւ նրանց մատնացույց անում՝ «իրենցից հարցրեք»:



Ի տարբերություն Գումի,  «Պրոսպեկտի շուկայում» վաճառողները խոսեցին, եւ նրանցից իմացանք, որ մեկ սեղան զբաղեցնող առեւտրականը վճարում է 1000-1200 դրամ, իսկ եթե սեղանը բաժանված է մի քանի հոգու միջեւ, գումարը կիսվում է հավասարաչափ: «Պրոսպեկտի շուկայի» փոխտնօրեն Մհեր Մովսիսյանի տեղեկացմամբ էլ՝ իրենց մոտ բազմաթիվ ազատ տեղեր կան, սակայն շուկան դեռ մեկ առեւտրականով է համալրվել:



Նրան, ի դեպ, անվճար տեղ չի տրամադրվել: «Դե նա մի օր վճարում ա, մի օր` չէ, 1500 դրամանոց տեղի համար 300 դրամ ենք վերցնում»,-ասաց Մովսիսյանը: Նրա խոսքով՝ շուկայում լավ պայմաններ են, սակայն փողոցային առեւտրով զբաղվողները «չեն գա շուկա, որովհետեւ անհամեմատելի են շուկայի եւ փողոցի առեւտրի չափերն ու եկամուտը»: «Մարդը մի լիմոնի համար հաստատ չի մտնի շուկա, իսկ փողոցում հանդիպելիս հաստատ կառնի»,-ասաց նա:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ