«Սիվիլիթասի» հերթական քննարկումը

«Սիվիլիթասի» հերթական քննարկումը
Երեկ «Անի պլազա» հյուրանոցում անցկացվում էր «Սիվիլիթաս» հիմնադրամի հերթական քննարկումը` այս անգամ նվիրված Հայաստանում լրատվամիջոցների ազատությանը:



Դահլիճում ինչ-որ պահի հնչեց հայտարարություն, թե հեռուստաընկերությունները ներկա չեն եւ չեն լուսաբանում միջոցառումը, ինչը կարելի է գնահատել որպես Հայաստանում լրատվության անազատության եւս մի դրսեւորում: Իրականում, սակայն, հեռուստաընկերություններից ներկա էր, համենայնդեպս սեփական բնորոշմամբ` «մտածող ալիքը». «Երկիր մեդիան» իր ներկայության մասին դահլիճից բարձրաձայնեց: Չմտածող ալիքներից ի՞նչ պահանջես:



«Սիվիլիթասում» քննարկման թեման էր՝ «Լրատվամիջոցներ. ինչպես աշխատել նեղ պայմաններում»: Քննարկման բանախոսներն էին ԳԱԼԱ հեռուստաընկերության տնօրենը` Կարինե Հարությունյան, «Epress» կոչվող ինտերնետային կայքի հիմնադիրը` Արմեն Մելիքբեկյան, եւ ԼՂՀ-ից վերլուծական մի հանդեսի խմբագիր` Գեղամ Բաղդասարյան: Զրույցը վարում էր «Սիվիլիթասի» վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը:



Միջազգային կազմակերպությունների ստանդարտ քննարկումների կարգի միջոցառում էր, որոնց հիմնականում հենց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն են մասնակցում:



Սովորաբար լրագրողները նման միջոցառման գնում են ներկաներից մեկին կամ մյուսին հանդիպելու առիթի համար: Ինքս էլ «Սիվիլիթասի» միջոցառմանը գնացել էի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին տեսնելու եւ հարցազրույց խնդրելու համար:



Դե, երբ միջոցառման մասին տեղեկացվել էր, դեռ ոչ Մյունխենում հայ-թուրքական վերահաշտեցման թեման էր վերակենդանացել, ոչ էլ Քոչարյան-ՀՀԿ փոխհրաձգությունն էր տեղի ունեցել: Հետեւաբար կարելի էր ակնկալել, որ նախկին նախարարը կհամաձայնի հարցազրույց տալ: Բայց մի երկու օրում երկու իրադարձություններ եղան, որ նոր զարգացումների լիցք են կրում, այնպես որ, հարցազրույց խնդրելիս արդեն վստահ էի՝ ներկա պահին պրն Օսկանյանը չի ցանկանա խոսել: Այդպես էլ եղավ: Թեեւ խոստացավ մարտին հիշել հարցազրույցի խնդրանքի մասին:



Իսկ քննարկումից հետո, երբ թերթում էի մասնակիցներին բաժանված  «Սիվիլիթասի» «2010-ի տարեկան զեկույցը», իհարկե, գնահատեցի արված աշխատանքը, բայց տեսնելուց հետո, թե հայ-թուրքական վերահաշտեցման գործընթացի մասին ինչեր են գրված` էլ «ձախողում», էլ «հոռետեսության արդարացում», էլ «թյուր հաշվարկներ», էլ չգիտես ինչ, ուղղակի հետաքրքիր դարձավ, թե գործընթացի նշմարվող հրապարակային վերսկսումից հետո «Սիվիլիթասում» ինչ պիտի ասեն: