150 հազար դրամ՝ մեկ ամսում

150 հազար դրամ՝ մեկ ամսում
Մասիսի շրջանի հարակից գյուղերում այս օրերին գազի գրասենյակի աշխատակիցներն ինտենսիվ աշխատանք են սկսել, այսպես ասած, մեծ հաշվիչների տեղադրման ուղղությամբ:



Մեր խմբագրություն եկած Դարակերտ գյուղի բնակիչները պատմեցին, որ արդեն մի քանի օր է, ինչ աշխատակիցներ են այցելում ինչպես իրենց, այնպես էլ հարակից մի քանի գյուղերի՝ ջերմոց ունեցող բնակիչներին եւ ստիպում ջերմոցները ջեռուցելու համար տեղադրել մեծ հաշվիչներ եւ դրա համար վճարել 150 հազար դրամ:



«Նրանք որոշել են, որ հին հաշվիչները չեն ապահովում բավականաչափ գազի քանակություն, եւ ամենակարեւորը, կոնկրետ ժամկետներ են դրել: Եթե 15 օրվա ընթացքում չփոխենք, կպլոմբեն ջերմոցին գազ մատակարարող խողովակը եւ հետագայում էլ չեն գա ու տեղադրի այդ հաշվիչները»: Բնակիչները վստահեցնում են, որ նման հաշվիչներ առհասարակ փոքր ջերմոցատերերին պետք էլ չեն. «Եթե ինչ-որ մեկը խնդիր ունի նման հաշվիչների իրացման, գոնե մեզ ժամանակ տան»:



Իսկ Մասիսի գազի գրասենյակի մասնագետներից մեկը մեզ հեռախոսով փոխանցեց, որ այդ հաշվիչների անհրաժեշտությունը հաստատ կա, հերքեց, որ նման ժամկետներ են դրել: Նրա խոսքով, այդ հաշվիչներն ապառիկ՝ երկու տարի մարման ժամկետով են տեղադրվում: Բայց թե ինչու են բնակիչներին ուրիշ բան ասում, հայտնի չէ: