Դեռ 115 հազարը չի ապահովագրվել

Դեռ 115 հազարը չի ապահովագրվել
Ոստիկանության կայք-էջից տեղեկանում ենք, որ 2011 թ. հունվարի 30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է 434 հազար 233 տրանսպորտային միջոց, որոնցից դեռեւս միայն 306 հազարն է ապահովագրված, իսկ 12 հազար 853 տրանսպորտային միջոցների սեփականատերեր, իրենց մեքենաները ժամանակավորապես հաշվառումից հանելու նպատակով, հաշվառման համարանիշները եւ վկայականները հանձնել են ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ։



Եթե տրանսպորտային միջոցների ընդհանուր թվից հանում ենք ապահովագրված մեքենաները, ինչպես նաեւ այդ 12 հազար 853-ը, արդյունքում բավական մեծ թվով՝ մոտ 115 հազար 380 տրանսպորտային միջոց պարզապես չի երեւում, եւ պարզ չէ, թե դրանք որ մեքենաներն են՝ ինչու չեն ապահովագրվել:



Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը պարզաբանեց, որ դրանք հիմնականում այն տրանսպորտային միջոցներն են, որոնց սեփականատերերն ապրում են արտերկրում, սակայն այստեղ սեփականություն ունեն: Ինչպես նաեւ այն մեքենաները, որոնք դեռեւս ապահովագրված չեն:



Օհանյանի խոսքով՝ ապահովագրված տրանսպորտային միջոցների թիվն ամեն րոպե փոխվում է, քանի որ օրական մոտ 1000-1500 մեքենա ապահովագրվում է, իսկ չապահովագրված մեքենաների վարորդները պարզապես խուսափում են փողոց դուրս գալուց: