Արագածոտնի մարզը հանրապետականների ձեռքից գնում է

Արագածոտնի մարզը հանրապետականների ձեռքից գնում է
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն իր մարզպետական պաշտոնը  ստանձնեց ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի հետ սենսացիոն առճակատման, ծեծկռտուքի ու  «ռազբորկաների» ուղեկցությամբ:



Թվում էր, թե այս իրադարձությունից հետո Ս. Սահակյանը՝ քաղաքական բարձր պաշտոն ստանձնած պաշտոնյային վայել, պիտի դրսեւորեր խորաթափանց միտք ու հետեւողական,  անձնվեր աշխատանք, որպեսզի տեսանելի դառնար պետական գործչի կերպարը: Ցավոք, մարզպետը որդեգրեց գործը հաշվեհարդարներով առաջ տանելու քաղաքականությունը:



Առաջին զոհը իր հայրենի Դիան գյուղի դպրոցի հավաքարար քրդուհին էր: Ստացվում է, որ մարզպետն ինքն իրեն «նշանակեց» մարզպետարանի կենցաղ-մատակարարման վարչության պետ, եւ նրանով, ինչով պետք է զբաղվեր այդ վարչությունը, զբաղվեց ինքը:



Անգամ դպրոցներ ներկրվող անորակ վառելիքով, որի քանակից, գնից ու որակից տեղյակ չէ ԿՄՍ վարչության պետ Պարգեւ Համբարձումյանը, եւ որը տնօրեններին պարտադրվում է ներկրել մարզպետի մատնանշած կազմակերպությունից` թքած ունենալով «Գնումների մասին» օրենքի վրա:



Քանի որ նախկին մարզպետ Գաբրիել Գյոզալյանի պաշտոնավարման տարիներին Ս. Սահակյանը որպես փոխմարզպետ  իրեն դրել էր խաղից դուրս վիճակում, ուրեմն պետք էր հաշվեհարդարներ տեսնել Գ. Գյոզալյանի մարդկանց հետ: Մի քանիսից հաջողացրեց աշխատանքից ազատվելու դիմումներ կորզել, մյուսներին Քաղծառայության խորհրդով «կտրել» տվեց: Բանը հասավ նրան, որ շուրջ մեկ տարի մարզպետարանը չուներ առողջապահության եւ ֆինանսների վարչությունների պետեր:



Ստացվում է, որ մուռը Գյոզալյանի հանդեպ հանվում էր մարզպետարանից ու ողջ մարզից: Սա անարձագանք չէր կարող մնալ: Դաշնակցականներն իրենց  բողոքն արտահայտեցին աշտարակյան միտինգով, իսկ Քաղծառայության խորհուրդը մարզպետի գլխավոր  խորհրդականին եւ վարչության պետերից մեկին զրկեց մրցութային հանձնաժողովի անդամի իրավունքից:



Այս երկու դեպքերի մեջտեղում մի զավեշտ կա. միտինգից հետո նյարդայնացած, բարկացած մարզպետը խորհրդակցություններից մեկի ժամանակ հայտարարում է. նախագահն ասել է` դու խնդիր չունես, գնա-աշխատի՛ր: Եվ քանի որ ինքը խնդիր չուներ, հանձնարարեց իր ենթականերին անբավարար նշանակել Քաղծառայության խորհրդում ատեստացիային 100 տոկոս  պատասխանած դաշնակցականներին` Թալինի սոցիալական ծառայության պետ Անդրանիկ Ղազարյանին եւ ԿՄՍ վարչության պետի տեղակալ Սուրիկ Սարգսյանին:



Դրան էլ հաջորդեց Քաղծառայության խորհրդի «կարմիր քարտը» մարզպետարանին: Այլեւայլից բացի, պարզ է` մարզպետն առաջին հերթին պետք է զբաղվեր կուսակցական շինարարությամբ, մանավանդ որ Ս. Սահակյանը, մարզպետ լինելուց բացի, համակարգում է նաեւ Հանրապետականի մարզային կառույցը:



Սակայն սառույցը ջարդվեց, երբ քրդաբնակ Դերեկ գյուղում (ազգային փոքրամասնություն ներկայացնող համայնքները մինչ այս գրեթե 100 տոկոս ձայն են տվել իշխող կուսակցության թեկնածուին) Հանրապետականի թեկնածուն պարտվեց, եւ ավելի  խայտառակն այն էր, երբ ինչ-որ տեղից հրահանգվեց, որ գողանան քվեատուփը:



Իհարկե, վարչական դատարանը մերժեց նախկին հանրապետական գյուղապետի հայցը, եւ «Բարգավաճի» թեկնածուն ստանձնեց գյուղապետի լիազորությունը, սակայն այս անգամ ՀՀԿ-ն  երկրորդ հարվածն ստացավ Արագածի տարածաշրջանի արդեն հայաբնակ Գեղադիր գյուղից: Անկուսակցական Գ. Գեւորգյանը գրեթե կրկնակի ձայնով հաղթեց Հանրապետականի թեկնածուին:



Թե ինչպես են այս փաստերին նայում Հանրապետական  կուսակցության վերադաս մարմինները՝ կարեւոր չէ.  իրենց նշանակած մարզպետն է, միգուցե իրենք այդպես են ուզում, բայց որ մյուս կուսակցական կառույցները` «Օրինաց երկիր»,  Դաշնակցություն,  «Բարգավաճ Հայաստան», փոշմանել են, որ ժամանակին մարզպետի անօրինությունների մասին ահազանգել են, այժմ իրողություն է:



«Մեր ուզած մարզպետն է, կարող ա մեկին բերեն՝ լավ աշխատի, մարզը բռի մեջ հավաքի ու ընտրություններին չթողի թպրտանք: Ինքը որ մնա՝ ինչքան ձայն պետք լինի, կտանենք»,- ասում են նրանք: Սակայն Դերեկի ընտրողները ցույց տվեցին, որ ընտրողը հզոր գործոն է, որ նա այլընտրանք ունի, որ քվեատուփ գողանալով ու Գեղադիրի դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու սպառնալիքով Հանրապետականի թեկնածուի համար ձայներ չեն կարողանալու ապահովել:



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ