Կարմիր գիրքը չի վաճառվելու

Կարմիր գիրքը չի վաճառվելու
2010 թվականի դեկտեմբերին լույս է տեսել Հայաստանի անկախ հանրապետության առաջին Կարմիր գիրքը: Հայաստանում վերջին Կարմիր գիրքը հրատարակվել է ավելի քան քսան տարի առաջ:



Բնապահպանության նախարարության կենսաբազմազանության քաղաքականության բաժնի պետ Տատյանա Դանիելյանի փոխանցմամբ՝ ֆինանսի բացակայությունն է եղել պատճառը, որ այդքան տարիներ համապատասխան ուսումնասիրություններ չեն կատարվել, չեն լրամշակվել Կարմիր գրքի ցուցակները եւ նորը չի վերահրատարակվել: Իսկ նոր Կարմիր գրքի համար պետական միջոցներից 31 մլն դրամ է հատկացվել, ինչը, Դանիելյանի խոսքով, «փոքր գումար է»: Ինչեւէ, գիրքը հրատարակվել է, սակայն այն չի վաճառվելու, այլ բնապահպանության նախարարության կողմից բաժանվելու է գիտական հաստատություններին, գրադարաններին, մարզպետարաններին, միջազգային կազմակերպություններին: Ի դեպ, նախորդ Կարմիր գրքում գրանցված էր 367 բուսատեսակ, նորում՝ 452 բույս եւ 40 տեսակ սունկ: 99 ողնաշարավորի փոխարեն այժմ՝ 153: Անողնաշարավորների թիվը հասել է 155-ի: Իսպառ վերացել է 2 տեսակ. Սեւանի իշխան ձկան 4 տեսակներից երկուսը ոչնչացել են, եւ վերականգնումն անհնար է: Նշենք, որ Հայաստանում կա 3 հազար 500 բուսատեսակ, 500 ողնաշարավոր եւ 17 հազար անողնաշարավոր կենդանատեսակ: