21-րդ դարում` աղքատության ճիրաններում

21-րդ դարում` աղքատության ճիրաններում
Սուպերմարկետներից մեկում օրերս իրարանցում էր: Անվտանգության աշխատակիցները բռնել էին մի տարեց մարդու, որը փորձում էր գողանալ մի քանի շոկոլադե կոնֆետ:



Տարեց գողն ամոթից գլուխը կախել էր, ցածրաձայն ինչ-որ բառեր էր ասում, որից հասկացվում էր, որ խնդրում էր իրեն ոստիկանություն չտանել, բացի այդ էլ՝ պարզ դարձավ, որ նա փորձել է այդ օրն ուրախացնել իր թոռնիկներին: Կարելի է պատկերացնել, թե ինչ աստիճանի ծանր վիճակում է հայտնվել այս «գող» պապիկի ընտանիքը, որ նա փորձել է գողանալ մի քանի կոնֆետ:



21-րդ դարի երկրորդ տասնամյակն այսպես է սկսում Հայաստանը:  Սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակիցներն էլ այնքան էին ոգեւորվել, որ մի պահ այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե բռնել են միլիոնավոր դրամներ հափշտակած ինչ-որ մեկին: Մի կին  խոստացավ վճարել կոնֆետների համար, բայց նրան չլսեցին:



Փառահեղ տնտեսական քաղաքականության հետեւանքով աշխատասեր հայ ժողովուրդն ավելի քան աղքատ է: Իրականում, ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող մեր երկրում ցանկության եւ ճիշտ աշխատանքի դեպքում աղքատներ չեն լինի, բայց այնպիսի տպավորություն կա, որ ստեղծվելիք «Հայկական աշխարհում»  պլանավորված է աղքատ մարդկանց առատությունը: Վերջերս հրապարակած սեփական ուսումնասիրությունների հիման վրա «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը մտահոգություն էր հայտնել Հայաստանում երեխաների աղքատության միտումների վերաբերյալ. ըստ այդ ուսումնասիրությունների՝ 2009 թվականի տվյալներով, Հայաստանի երեխաների 38.1 տոկոսն աղքատ է, իսկ 4.5 տոկոսը` ծայրահեղ աղքատ:



Սրանք մեր երեխաներն են, իրական Հայաստանի ապագան: Նրանք ոչ մի կապ չունեն  «Հայկական աշխարհների» հետ:  Նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, որոնց երեխաների 38.1 տոկոսն ապրում է աղքատության մեջ: Օրեր առաջ հրապարակեց իր տվյալները նաեւ Ազգային վիճակագրական ծառայությունը, ըստ որի՝ «աղքատության ցուցանիշները մեր երկրում զգալիորեն աճել են»:



2009-ին աղքատության մակարդակը կազմել է 34.1 տոկոս՝ 2008-ին արձանագրված 27.6-ի դիմաց: Ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 3.6 տոկոս՝ 2008-ի 1.6-ի դիմաց: Այսինքն՝ ծայրահեղ աղքատների թիվն աճել է մոտ 2.3 անգամ: Մեր կառավարությունը շատ է սիրում հասարակության հետ խոսել թվերով՝ ուղղակի տեքստերից խուսափելու համար, բայց թվերն էլ իրենց հերթին սիրում են համեմատություն: 1998-1999 թվականներին մեր երկրում աղքատ բնակչությունը կազմել է 56.1 տոկոս, իսկ ահա 2006-ին՝ 26.5:



Ծայրահեղ աղքատ բնակչության տոկոսը եղել է 21, իսկ 2006-ին` 4.1: Ստացվում է, որ 1999-ի համեմատ աղքատությունը 2005-ին արդեն կրճատվել էր մոտ 1.9 անգամ, իսկ ծայրահեղ աղքատությունը` 4.6  անգամ: Սա՝ առանց մեկնաբանության:



Թողնենք ցուցանիշները վիճակագիրներին ու պաշտոնյաներին: Թվերն ի վերջո՝ ինչ-որ պրոցեսի ձեւակերպումներն են: Իսկ պրոցեսն այն է, որ Հայաստանում ապրելը դարձել է շատ դժվար: Մեղմ ասած: Մարդիկ չեն կարողանում պահել իրենց ընտանիքները, իրենց երեխաներին  ապահովել սննդով,  դեղորայքով, հագուստով, տաք կացարանով: Սա է աղքատությունը, իսկ ծայրահեղ աղքատությունն այն է, որ սրանց մասին ընդհանրապես դադարում են մտածել:



Ամբողջ խնդիրն այն է, որ իշխանությունը չի ընդունում իրականությունը, եւ սա է ամենամեծ վտանգը: Իշխանությունը չի ընդունում փաստարկված քննադատություն: Իսկ փաստն այն է, որ 1999-ի ծանր ցուցանիշները, ըստ որի՝ աղքատության տոկոսը կազմում էր 56, արդեն 2006-ին դարձել էր 26.5, իսկ ահա 2009-ին` 34.1:  Ստացվում է, որ  ետ ենք գնում:  Մի քիչ էլ`  ու կնույնանան  90-ականների վերջի ցուցանիշներին:



Մինչեւ ուր` այս պահին դժվար է ասել: Վերջերս բողոքի ելած առեւտրականներից մեկը հուսահատության մեջ ասաց հետեւյալը. «Սրանք ուզում են, որ 1992 թիվը գա: Վերջի 10 տարին ոնց որ երազի մեջ լիներ, ոնց որ եղած չլիներ:  Մի քանի տարի կամաց-կամաց ոտի կանգնեցինք, 90-ականների դժոխքից դուրս եկանք, սկսեցինք  քիչ թե շատ մարդավարի մեր աշխատանքով ապրել, հիմա եկել են՝ զոռով բրթում են մեզ 90-ականներ»:



Ոչ մի կառավարություն քննադատություն չի սիրում: Ոչ մի կառավարություն հակված չէ ընդունել իր սխալները: Տիգրան Սարգսյանն էլ չի ընդունում, որ  Անդրանիկ Մարգարյանի կառավարության ցուցանիշները եղել են ավելի լավը: Ա. Մարգարյանի օրոք աղքատության վերջին ցուցանիշը 2007-ին եղել է 25 տոկոս: 2009-ին ԱՎԾ-ն տալիս է 34.1 տոկոս: Ով է պատասխան տալու:



Երկու տարում մեր բնակչության 10 տոկոսը համալրեց աղքատների շարքերը: Ընդամենը 3 միլիոնից 34.1 տոկոսն աղքատ է: 2010-ի տվյալները դեռ չկան: Ու դա լավ է, որովհետեւ ձեւակերպումները կլինեին ավելի խիստ: Ա. Մարգարյանի ողբերգական մահից հետո, 2008-ի  նախագահական ընտրություններից հետո երկրում ձեւավորվեց  նոր տնտեսական թիմ:



Ցուցանիշները սրանք են: Այդ թվերը կարող են նաեւ չհրապարակվել: Միեւնույն է, բոլորս ամեն օր տեսնում ենք աղքատացող Հայաստանը` խանութներում, մեր բակերում, շենքերում, ընկերների եւ հարազատների միջավայրում: Դրանք ստանում են արդեն ողբերգական դրսեւորումներ` 3-4 կոնֆետի գողություն, բուժվելու անհնարինություն, ձմռան ամիսներին բնակարանների չջեռուցում, երեխաներին դասի չեն ուղարկում հագուստի, կոշիկի կամ գրենական պիտույքների բացակայության պատճառով:



Ոչ մեկը պատասխան չի տալիս. մենք ենք` մեր տնտեսական աճը, մեր «տարածաշրջանային կենտրոնները»: Միշտ ասում են՝ Հայաստանը բնական ռեսուրսներ չունի, հետեւաբար աղքատությունը մեծ է լինելու:  Ինչո՞ւ 2000-2007 թվականների ցուցանիշները դրական միտում ունեին, իսկ հիմա՝ անկումային: Իհարկե, կարելի է ցանկացած պատճառաբանություն բերել, բայց խնդիրը դրանով չի լուծվելու: 2010-ի ցուցանիշները լինելու են ավելի վատը, քան 2009-ինը, 2011-ը` ավելի վատ, եւ այսպես շարունակ: Որպեսզի սա շտկվի, պետք է հասկանալ պրոբլեմը, սիրուն  ելույթներով տնտեսությունը չես զարգացնի:



Քաղաքապետարանի դիմաց հավաքված ցուցարարներից մեկն ուշագրավ դիտարկում արեց. «Երբ սկսեց մարդկանց գործերը վատանալ, մի պահ գրավատներում հերթեր էին գոյանում: Հիմա նման հերթեր չկան, պատճառն այն է, որ աղքատներն այլեւս գրավ դնելու բան չունեն»:



Վահրամ ԱՎԱԳՅԱՆ