Լոռին հաղթելու էր, բայց հաղթեց Հայաստանը

Լոռին հաղթելու էր, բայց հաղթեց Հայաստանը
Լավ է, որ գրողին հիշում են, լավ չէ, որ գրողին մոռանում են, առավել լավ չէ, երբ իսկական գրողին են մոռանում: Էլ ավելի վատ է, որ գրողին արարող մարդուն, ստեղծագործողին բանի տեղ չեն դնում:



Գնա մեռի, արի սիրեմ. կարուսելը պտտվում է, պտտվում է բոլորի համար, նաեւ Հրանտ Մաթեւոսյանի համար: Նա մեծ գրող էր, որ ապրում էր փոքր երկրում, եւ ինչ-որ տեղ մեծը փոքրի մեջ չէր տեղավորվում: Կարծում եք, թե Սովետական Հայաստանո՞ւմ էր նա ըստ արժանվույն գնահատվում: Հիշում եմ նրա խոսքը իր ծննդյան հոբելյանին (կարծեմ 50-ամյակն էր), երբ Գրողների միության դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ ինքը բեմում կանգնած էր միայնակ եւ ամաչում էր ու ձեռքերով ասես ամութուկը լիներ փակած:



Գրողն իրեն մերկ էր զգում լեփ-լեցուն դահլիճի առջեւ եւ ինքն էլ արդարանում էր. «Դե դուք՝ դահլիճի սովոր մարդիկ…»: Շատ բաներ ասաց, շատ բաներ լսեցինք, ու ասես մեծ մարդու մենախոսություն էր, իրական թատրոն: Այնքան էներգիա կար նրա մեջ եւ այնքան հրճվանք՝ մեր մեջ: Հրանտն ասաց եւ ասաց Վարդգես Պետրոսյանի ներկայությամբ: «Մի ռուս գրող սրճարանում ինձ հարցրեց՝ ինչի՞ համար ես գրում: Ու ես ասացի՝ գրում եմ, որ Նոբելյան մրցանակ ստանամ,-ասաց Հրանտը՝ նայելով Վարդգես Պետրոսյանի կողմը:-



Մյուս օրը Գրողների միությունում էնպես էին իրար խառնվել, ասես իրենք էին տալու Նոբելյան մրցանակը»: Հրանտ Մաթեւոսյանը գրականություն մտավ աղմուկով, այնպես, ինչպես վայել է իսկական գրողին: Այդպես խառնվեցին իրար, երբ նա տպեց «Ահնիձոր» ակնարկը: Հրանտն այլեւս Հայաստանում անելիք չուներ, հուսահատ էր ու հուսախաբ:



Հույսն էլի խոր ձորից եկավ՝ Լոռի աշխարհից: Լոռեցիք գրել էին՝ վախես ոչ, Հրանտ ջան, Լոռին հաղթիլ տի: Իրականում հաղթանակեց ողջ Հայաստանը: Նա գնաց հեռու՝ Մոսկվա, եւ մեծ գրողն այնտեղից եկավ...: Մեր խղճուկ գրականագետներն ի վիճակի չէին գնահատելու իսկական գրականությունը: Ռուս եղբայրը պիտի ասեր, որ հասունանային մեր խակ գլուխները: Հրանտ Մաթեւոսյանը արձակը մի այնպիսի բարձունքի հասցրեց, որ սովետական մեծ երկրի մեծ գրողներն անգամ ակնածանքով էին խոսում նրա մասին:



Հիշում եմ «Լիտուչյոբա» ամսագրում մի գրականագետի խոսքը Հրանտ Մաթեւոսյանի լեզվի մասին, որն այն համեմատում էր Բեթհովենի երաժշտության հետ: Իսկ Վիլյամ Սարոյանը, նրան ավելի լավ ճանաչելու համար, հատուկ այցելել էր Ահնիձոր գյուղ: Մեծ հայն ու ամերիկացին ասում էր. «Աշխարհի ընթերցողները պետք է շնորհակալություն հայտնեն, որ այդպիսի գրող է ծնվել»: Արդյո՞ք մենք մեր շնորհակալությունն ասացինք:



Արդյո՞ք շնորհակալ ենք մյուս գրողներից, որ ապրում են մեր կողքին գրեթե բոմժի կարգավիճակով եւ ոչ մի ուշադրության չեն արժանանում: Երկիրը հզոր է իր հոգեւոր գանձերով, եւ այդ գանձն ամենեւին էլ օլիգարխների գրպանում չէ: Ինչեւէ, Հրանտ Մաթեւոսյանի տան առջեւ, Ժուռնալիստների միության բակում հուշաղբյուր է կառուցվելու մեծ գրողի հիշատակին: Այդտեղ մի փոքրիկ այգի կար, «ծմակի» մի պատառ, որտեղ սիրում էր զբոսնել գրողը՝ կամացուկ շվշվոցով, աչքը ծառերի բլրին:



Մեկ-մեկ հանդիպում էի նրան: Մի օր էլ, երբ մենք զրուցում էինք, երկու դեռահաս երեխա կռվեցին: Հրանտը նրանց իր մոտ կանչեց: Որպես մանկավարժ՝ ինձ հետաքրքրում էր, թե գրողն ինչպես պիտի հարթի այդ թնջուկը: Նա առավել ագրեսիվին իր թեւի տակ առավ ու նրա հետ շարունակեց զբոսանքը:



Կիրքը հանդարտվեց, երեխան խաղաղվեց, եւ հաշտություն տիրեց: Հիմա այդ վայրում հուշարձան-աղբյուր է կանգնեցվում: Հայաստան երկրում կրքերը շիկացած են,  կուսակցություններն իրար կոկորդ են բռնում, խմբավորումներն իրար միս են կրծում, չի լսվում բանականության ձայնը: Եվ միգուցե այստեղ է, որ պիտի լսվի Հրանտ Մաթեւոսյանի ձայնը, նրա՛ նմանի ձայնը, որ հաշտություն լինի, խաղաղություն լինի եւ զարգացում: Մեծ գրողի խոսքը աղբյուր է ժամանակի շուրթին...



Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ