Թամաշան շարունակվում է

Թամաշան շարունակվում է
ԲՀԿ համագումարը՝ ինչ-որ հարցերի պատասխաններ տալու փոխարեն, թվում է, ավելի խճճեց իրավիճակը: Թեեւ լավատեղյակները պնդում են, որ «կատվի վազը մինչեւ մարագն է», ու հորդորում են միառժամանակ համբերել ու հետեւել զարգացումներին՝ շուտով ստորագրելու են: Բայց որոշ քաղաքական վերլուծաբաններ շտապում են հետեւություններ անել. ոմանց կարծիքով՝ սա Սերժ Սարգսյանի պարտությունն էր, երեկ անգամ թեւավոր խոսք էր հնչում. «Սերժ Սարգսյանը մնաց Արթուր Բաղդասարյանի հույսին»: Բայց կա մի խումբ, որն ասում է՝ եթե ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս չի գալիս, կնշանակի ընդունել է նախագահի թելադրած խաղի կանոնները: Հեչ պարտադիր չէ, որ բառերով ասի՝ սատարում եմ: Այդ խեղճացած կեցվածքը, լղոզած արտահայտությունները, լրագրողներից խուսափելը, երկիմաստ դատողությունները բավական են դա արձանագրելու համար: Ի վերջո, այս հորինված կամ ճշմարտացի հակամարտությանը պետք է նայել մեն մի դիտանկյունից՝ որքանով է այն օգտակար Հայաստանի Հանրապետությանը, հասարակական առաջընթացին, երկրի դեմոկրատացման պրոցեսին: Եթե ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալը նպաստելու է մեր զարգացմանը, հասարակական համաձայնության, դեմոկրատական ինստիտուտների կայացմանը, ապա թող դա կայանա: Եթե կոալիցիայում մնալով՝ ԲՀԿ-ն ներսից է պայքարելու եւ ՀՀԿ-ԲՀԿ կոնֆլիկտից երկիրը շահելու է՝ թող մնա: Վախենամ՝ ոչ մնալն է նպաստելու, ոչ դուրս գալը: Եվ մենք զբաղված ենք սիզիփոսյան աշխատանքով, որը ոչնչի չի հանգեցնելու, ոչ մի տեղ չի տանելու: Եվ այդ աշխատանքով զբաղված են ոչ միայն երկու քաղաքական ուժ՝ տասնյակ հազարավոր անդամներով, այլ նաեւ մենք՝ լրագրողներս, քաղաքագետները, ընթերցողներն ու այս պրոցեսին թամաշա անող քաղաքացիները: Պարապ մարդիկ եւ պարապ հասարակություն: