«Հրապարակը» 3 տարեկան է

«Հրապարակը» 3 տարեկան է
Այսօր «Հրապարակը» դառնում է 3 տարեկան: Մենք երեք տարի շարունակ ժամացույցի նման աշխատել ենք, կարելի է ասել՝ գրեթե առանց դադարների: Երեք տարի շարունակ մենք փորձել ենք շահել մեր ընթերցողի վստահությունը, դառնալ նրան ուղեկից ու ընկեր: Համախոհ ու գաղափարակից: Փորձել ենք լինել օպերատիվ ու հետաքրքիր: Խելացի ու սուր:Տեղեկատվություն հայթայթելու համար չենք խնայել մեր ջանքերն ու ժամանակը: Ամեն ինչ արել ենք մեր անաչառությունը պահպանելու, շարքային մարդկանց օգտակար լինելու, պաշտոն ու դիրք զբաղեցնողներին զգաստացնելու համար: Ստացվել է, թե ոչ՝ պետք է դատի ընթերցողը: Չեմ կարող ասել, թե երեք տարեկան «Հրապարակն» ինչ է տվել ընթերցողին, ինչքանով է դարձել նրա «սեղանի թերթը», բայց որ մենք ջանացել ենք՝ կասկածից վեր է: Երեք տարում բազում իրադարձություններ են եղել մեր երկրի, «Հրապարակի» ու նրա աշխատակազմի կյանքում: Եվ լավ, եւ վատ: Լրագրողներ են եկել ու հեռացել: Լավ ու վատ հրապարակումներ են եղել: Մենք բարեկամներ ենք գտել ու թշնամիներ ձեռք բերել: Բարեկամների կարծիքով՝ կայացել ենք, թշնամիների կարծիքով՝ ձախողվել: Պատահել է սխալվել ենք, բայց երբեմն էլ շատ դիպուկ ենք եղել: Անհաջողություններ ու հաջողություններ ենք ունեցել: Հիասթափվել ու ոգեւորվել: Ապրել ենք՝ բոլորիդ նման ու բոլորիդ հետ: Փորձել ենք ծառայել մեր երկրին ու ժողովրդին: Մեր փոքրիկ լուման ներդրել Հայաստան պետության կայացման գործում: Մեր ուժերի ներածի չափով առաջարկներ ենք արել, կարծիք արտահայտել, քննադատել ու ողջունել: Նաեւ՝ ամբիոն ենք դարձել շատ մարդկանց համար՝ նրանց խոսքը լսելի դարձրել հանրությանը: Այսօր հոբելյան է, եւ կարծում եմ՝ ներողամիտ կգտնվեք այս վերամբարձ տոնի համար: Մեր ու ձեր «Հրապարակը» երեք տարեկան է: