Մշակույթի նախարարությունը հավաստիացնում է եւ վերջ

Մշակույթի նախարարությունը հավաստիացնում է եւ վերջ
Երեւանի էստրադայի եւ ջազային պետական քոլեջի աշխատակազմը եւ նախկին շրջանավարտները ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել կառավարության «անարդարացի» որոշմանը: Նրանց հավատ չեն ներշնչում մշակույթի նախարարի հավաստիացումները, թե քոլեջը ոչ թե լուծարվում եւ միանում է Մշակույթի պետական քոլեջին, այլ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օպտիմալացման համալիր ծրագրի շրջանակներում վերակազմավորվում է՝ միանալով վերջինիս:



Քոլեջում զայրույթի նոր ալիք է բարձրացրել կառավարության համապատասխան որոշման հիման վրա մշակույթի նախարարության հունվարի 25-ի հրամանը՝ քոլեջների գույքի հաշվառման, ընդունման-հանձնման աշխատանքներին ընթացք տալու վերաբերյալ: Բանն այն է, որ հրամանում սեւով սպիտակի վրա հստակ նշված է, որ Երեւանի էստրադայի եւ ջազային արվեստի պետական քոլեջի գործունեության դադարեցման պետական գրանցման իրականացումը դրված է Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Նադեժդա Սարգսյանի վրա՝ իր ղեկավարած քոլեջի միջոցների հաշվին: Մինչդեռ այս պարտավորությունը, «հավասարության սկզբունքն ապահովելու նկատառումով», ըստ ջազային քոլեջի աշխատակազմի՝ պետք է դրվեր կազմված համապատասխան հանձնաժողովի վրա: «Սա եւս ապացույց է, որ նախապես ծրագրված բան է. մեր քոլեջը լուծարում են, եւ դա ղեկավարելու է Նադեժդա Սարգսյանը»,-մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց ջազային քոլեջի դասախոս Գեւորգ Անդրիկյանը:



Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, սակայն, զարմանալիորեն հերքեց, ասելով, որ գույքագրման, հաշվառման եւ այլ աշխատանքների իրականացումը դրված է բացառապես համապատասխան հանձնաժողովի վրա: Նաեւ՝ դեռեւս որեւէ փաստաթղթում ամրագրված չէ քոլեջի աշխատակազմի հետագա գործունեության հարցը: Այս մարդիկ էլ չեն հավատում նախարարի հավաստիացումներին՝ իբր ստեղծագործական աշխատակազմը չի կրճատվելու: «Իրենց գործը կանեն, հետո՝ մեր մասով, ինչ որոշում կուզեն կընդունեն»,-համոզված են ջազային քոլեջի աշխատակիցները:



«Կառավարության որոշումից չի բխում, որ նախարարը հրաման տա բոլոր հարցերի հետ կապված: Երբ կլինի, կստեղծվի այդ քոլեջը, դրանից հետո կանոնադրությունը կհաստատվի, որն էլ կպատասխանի բոլոր հարցերին: Մենք էս գործընթացի սկզբնական փուլում ենք»,-աշխատակազմի դիտարկումներին պատասխանեց փոխնախարարը՝ մեկ անգամ եւս հավաստիացնելով, որ ստեղծագործական աշխատակազմի կրճատում հաստատ չի լինելու: Փոխնախարարը կրկին վստահեցրեց, որ տնօրենի ընտրության հարցն էլ լուծվելու է կառավարության կողմից հաստատված՝ տնօրենների նշանակման կարգի շրջանակներում: Թերեւս տարակուսանք է առաջացնում՝ եթե մշակույթի նախարարությունում այդքան լիահույս են, թե ստեղծագործական կազմի կրճատում չի լինելու, ինչո՞ւ են սպասում ինչ-որ կանոնադրության ստեղծման եւ որեւէ գրավոր փաստաթղթով չեն «հանդարտեցնում» առանց այն էլ շիկացած խնդրի կողմերին:



Ինչեւէ, ջազային քոլեջի աշխատակազմը «ձեռքերը ծալած չի նստելու»: Անցած հինգշաբթի Վազգեն Մանուկյանի Հանրային խորհրդի՝ մշակույթի եւ սպորտի հարցերով ենթահանձնաժողովում կոլեկտիվն այս հարցը բարձրացրել է, վերջինս որոշում է կայացրել նամակով դիմել կառավարությանը՝ համապատասխան որոշումը կասեցնելու համար: Մոտ 20 օր առաջ էլ նամակներ են ուղարկվել ԱԺ բոլոր խմբակցություններին, դեռեւս պատասխան չեն ստացել, այդուհանդերձ, քոլեջի աշխատակազմի վստահեցմամբ՝ «իրենք չեն կանգնելու» եւ պայքարելու են մինչեւ վերջ, որպեսզի «չլուծարվի 30-ամյա պատմություն ունեցող մշակութային օջախը»: