«Գարունը» կգա՞

«Գարունը» կգա՞
Գրականությունը վերջնականապես ամբողջանում, զարգանում ու արտացոլվում է գրական մամուլում, բայց եթե գրական մամուլը ձգվում է քարուքրջերի մեջ, որտեղ թավ խոտի փոխարեն  աճում է ցաքուցրիվ մոլախոտ, անիմաստ է մտածել գիր-գրականության, ամենակարեւորը՝ լեզվի ապագայի մասին:



Համացանցի ընձեռած հնարավորությունը չի նշանակում, թե եկել է գրական մամուլի վրա խաչ քաշելու պահը: Ոչ ոք դեռ չգիտի տպագիր մամուլի հետագա ճակատագիրը, ինչպես նաեւ համացանցինը: Մի բան պարզ է՝ համացանցը դեռեւս ի զորու չէ լիովին համակարգել, ծաղկաքաղել, ընթերցողին մատուցել գրականության լավագույն նմուշները: Եվ ընթերցողը ստիպված է սեփական ուժերով պրպտել, ընտրել ընթերցման իր նյութը, եւ այս դեպքում սխալվելու հավանականությունը մեծանում է: Եթե գրական… «արտադրանքն» իրացվելու հնարավորություն չունի, ուրեմն լեշ է, եթե այլեւս չկան պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր ի զորու չեն տարբերակելու գրականությունը չգրականությունից, ուրեմն ողբերգությունը կրկնակի է, ուրեմն եկել է շառլատանների ժամանակաշրջանը...



«Գարուն» ամսագիրը ժամանակին եղել է ամենահեղինակավորը, ամենացանկալին, ամենասպասվածը: Ասում են՝ անցյալում ժամանակակից գրողների համար հեղինակավոր ամսագրում տպվելը երազանք էր: Երբ հիմա լսում ես ականջներիդ անհավանական թվացող «Գարունի» տպաքանակի թվերը, ակամա համոզվում ես, որ մենք ժամանակին իրո՛ք շատ կարդացող ազգ ենք եղել: «Գարունը» մեր մշակույթը սնող ու հարստացնող լավագույն երակներից էր: Բազմաթիվ ընթերցողների հետ եմ զրուցել, եւ «Գարունի» անունը տալիս՝ բոլորը գարնան նման պայծառանում են, ջերմանում, պատմում են ամսագրի հետ իրենց առաջին հանդիպումը, թե ինչպես են անհամբեր սպասել հերթական համարին, ինչպես են բացահայտել իրենց սիրելի գրողներին, գրական հերոսներին: Բայց վերջում մարդիկ տխրում են ու մեծ ափսոսանք հայտնում: Հարցնում են` «Բայց հիմա «Գարունը» կա՞»: Ի՞նչ ասես, եթե ասես էլ, որ կա՝ մարդիկ պարզապես չեն հավատա...



Կենդանի մարդը, ի տարբերություն դիակի, կարողանում է շարժվել, իսկ շարժումը կյանք է... «Գարուն» ամսագիրն այժմ դիակային վիճակում է, իսկ դիակին հողին չհանձնելն ամենամեծ անպատվությունն է, որովհետեւ դիակն արդեն հոտել է ու կմախքացել, պետք չէ անիմաստ ջուր ծեծել ու ասել, թե իբր անունն ու ավանդույթը պահելու համար ենք շարունակում ամսագիրը տպել: «Գարունը» կարող էր վերածնվել` նոր ղեկավարությամբ, նոր գաղափարներով ու մեր արդի գրականությունը ներկայացնող հիանալի բրենդը դառնար: Բայց ոչինչ չի փոխվում, մեր երկրի պատգամավորներին  չի հուզում ամսագրի գոյությունը, բաժնետերերին լրիվ ձեռք է տալիս ստեղծված իրավիճակը, իսկ զորացրված գրողների, ովքեր միշտ պատրաստ են տպվելու` դժվար չէ գտնել: Հիմա զավեշտալի ու անիմաստ կլինի, ասենք, վերցնես պատմվածքդ, բանաստեղծությունդ, տանես «Գարունի» անմարդաբնակ խմբագրություն ու սպասես խորտակված նավի նավապետի ծանրակշիռ որոշմանը: Դա նման կլինի չարձագանքվող մի մենախոսության:



Ավելի լավ է փակվես սենյակումդ ու պատերի համար ընթերցես գործդ, քան տանես ու հանձնես լսարան չունեցող, խեղդամահ լինող, չսպասված ու անկյանք տարածությանը: Ոմանք ասում են ու ասում` «Գարունը» դեռ տպվում է. տպվում է՝ անկախ ամեն ինչից (ծիծաղելի մի դատարկամտություն), հոգնած «Գրական թերթ»-ն էլ է տպվում, հետո՞ ինչ: Իրացնում է իր մետաֆիզիկական գործառույթը, ինքնանպատակ է դարձնում թուղթ մրոտելը, փայտանյութի անիմաստ վատնումը: Վերջապես հետաքրքիր է` այդ ո՞ւմ համար է տպվում «Գարունը», եթե ոչ իր «մենավոր» եւ կաղնու պես «պինդ» խմբագրի ու բաժնետերերի...



Ավելի հասկանալի կլիներ, եթե նման իրավիճակում հայտնված եւ նման ղեկավարություն ունեցող «Գարուն» ամսագիրը փակվեր. կարծում եմ՝ դա ազնիվ քայլ կլիներ հեղինակավոր ամսագրի վերջնական պատիվը ոտքի տակ չտալու համար: Բայց դրա մասին խոսելն անիմաստ է. նույն սելը` լխկած անիվներով, դեռ շարունակում է խրված մնալ հողի մեջ: Նրան շարժելը զոռ գործ է: Մեռելի մասունքներն առաջին հերթին պիտի հողին հանձնել ու հետո նոր մտածել ժամանակակից մոդել ստեղծելու մասին...