Կյանքի գնով չթողեք շարժվեն

Կյանքի գնով չթողեք շարժվեն
Լոռու եւ Շիրակի մարզերում չեն դադարում վրացական համարանիշներով մեքենաների վարորդների բողոքի ակցիաները: Նախօրեին գյումրեցի վարորդներն էին ժամանել Վանաձոր՝ բողոքի ցույցի, երեկ էլ Վանաձորից էին 6 մեքենայով ուղեւորվել Գյումրի: Երթին մասնակցում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի տարածքային գրասենյակի ղեկավար Գառնիկ Սահակյանը։



Ախուրյանի մոտ ճանապարհային ոստիկանները կանգնեցրին բոլոր մեքենաները եւ առանց պարզաբանումներ տալու արգելեցին շարունակել ճանապարհը։ Ոստիկանները բառացիորեն իրենց գցում էին ընթացող մեքենաների առաջ, որպեսզի կանգնեցնեն։ Մի փոխգնդապետ բարձրաձայն կարգադրում էր՝ կյանքի գնով թույլ չտալ, որ տեղաշարժվեն։ Մեր հարցին ի պատասխան, թե ինչու չեն թողնում առաջ շարժվեն, փոխգնդապետը պատասխանեց. «Պետք ա՝ չենք թողում»: Ժամեր անց ճանապարհային ոստիկաններին աջակցելու եկավ նաեւ Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանը։ Հեռախոսով տեղեկանալով իրավիճակի մասին՝ շուտով ժամանեց նաեւ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ լրագրողների ուղեկցությամբ։ Այդ ժամանակ արդեն իսկական քաշքշոց սկսվեց՝ Բարսեղյանը  փորձում էր մեքենայով անցնել ոստիկանների միջից, սակայն նրանք արգելապատ էին կազմել։ Այդ ընթացքում վարորդներն ամեն կերպ փորձում էին հաղթահարել ոստիկանական պատնեշը եւ հասնել Գյումրի:



Վեց մեքենաներից չորսին դա հաջողվեց։  Ոստիկանների եւ վարորդների միջեւ տեղի ունեցավ բախում, ինչի արդյունքում փոխգնդապետը սկսեց սպառնալ վարորդներին ու հրմշտել: Ոստիկանների եւ վարորդների բախման ընթացքում հաղթողներ ու պարտվողներ չեղան, պարզապես ոստիկանները եւս մեկ անգամ ապօրինություն արեցին եւ արգելում էին նույնիսկ ոտքով տեղաշարժվել։ Այս ամբողջ ընթացքում ես փորձում էի կատարել լրագրողական պարտականություններս, ինչից ոստիկանները զայրացան, եւ փոխգնդապետը հրամայեց անջատել տեսախցիկն ու հեռանալ:



Երբ նրան հիշեցրինք, որ իրավունք չունի խոչընդոտել լրագրողի աշխատանքը, ճանապարհային ոստիկանության փոխգնդապետն սկսեց սպառնալ, ինձ մեղադրելով պրովոկացիայի եւ կռիվ հրահրելու մեջ։ Նրանից հետ չէր մնում նաեւ Ախուրյանի ոստիկանապետը, որը ոչ միայն արգելում էր ինձ նկարահանումներ անել, այլեւ գործի դրեց ձեռքերը, մոտենալով եւ հարվածելով իմ ֆոտոխցիկին։ Ոստիկանապետի արարքից ոգեւորված՝ նրան միացավ նաեւ ՃՈ փոխգնդապետը, որը եւս հարձակվեց ինձ վրա, սկսեց գոռգոռալ ու ձեռքով հարվածեց ֆոտոխցիկիս։ Վարորդների միջամտությունից հետո միայն նրանք ինձ հանգիստ թողեցին, թեեւ շարունակում էին սպառնալ։ Մոտ 3 ժամ սպասելուց հետո՝ տեսնելով, որ որեւէ բան չի փոխվում, փոխարենը լարվածությունն է մեծանում, վանաձորցի վարորդները վերադարձան քաղաք, հերթական անգամ համոզվելով, որ նույնիսկ ոտքով տեղաշարժվելու իրավունք չունեն այս երկրում։



Մինչ Վանաձոր վերադառնալը մեզ մոտեցան մի քանի ոստիկան, որոնք ամեն կերպ համոզում էին ջնջել արածս տեսագրությունը, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես են վարվում քաղաքացիների ու լրագրողի հետ։ Մեզ հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավարը նշեց, որ ոստիկանները կատարում են բարձրագույն իշխանության հանձնարարությունը, եւ որ այս էլ որերորդ անգամ խախտվում են մարդու իրավունքները. «Սահմանադրությունն այսօր դարձել է զուգարանի թուղթ, ով է հաշվի առնում, թե Սահմանադրություն կա, բան կա...»։  Այնուհետ, ինչպես տեղեկացանք ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանից, բողոքի ցույց է եղել նաեւ Նոյեմբերյանում, որին միացել են նաեւ Կոթիի, Բաղանիսի, Բերդի, Բագրատաշենի վարորդները: Նրանք ուղեւորվել են Բագրատաշենի մաքսատուն, եւ նրանցից 3 բանագնաց հանդիպել են մաքսային ծառայության պետի հետ։ Սաֆարյանը տեղեկացրեց նաեւ, որ, ի տարբերություն Լոռիում եւ Գյումրիում ոստիկանության ստեղծած խոչընդոտներին, Նոյեմբերյանում ամեն ինչ բարեհաջող է անցել։ Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց նաեւ, որ վաղը կառավարության շենքի մոտ եւս սպասվում է բողոքի ցույց, որին մասնակցելու են նաեւ նոյեմբերյանցի վարորդները։