Մեր ոստիկաններն աշխատում են 19-րդ դարի մեթոդներով

Մեր ոստիկաններն աշխատում են 19-րդ դարի մեթոդներով
Երեկ փաստաբաններ Տիգրան Սաֆարյանն ու Գիվի Հովհաննիսյանը ասուլիս էին հրավիրել եւ փորձում էին հանրության ուշադրությունը հրավիրել 2010թ. «Մոսկվա» կինոթատրոնից կատարված գողության մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի նկատմամբ կիրառվող բռնությունների վրա:



Վերջիններս մեղադրվում են կինոթատրոնի դրամարկղից 5 միլիոն դրամ գողանալու մեջ, չնայած փաստաբանները պնդեցին, որ կինոթատրոնի տեսախցիկը հստակ ֆիքսել է, որ գողությունը Ստեփանն ու Վահրամը չեն կատարել: Զարմանալին այն է, որ գործը հարուցվել էր 2010թ. փետրվարի 6-ին, չնայած դեպքը կատարվել է հունվարի 10-ի երեկոյան: Թե ինչու է գործ հարուցվել դեպքից մեկ ամիս անց՝ պարզ չէ: Գործ հարուցելուց հետո Ստեփանին մի քանի անգամ կանչել են ոստիկանական բաժանմունք եւ ստիպել խոստովանական ցուցմունք տալ, սակայն ապարդյուն: «Փետրվարի 6-ին Ստեփանին կանչում են արդեն ոստիկանության քաղաքային վարչություն՝ զրուցելու պատրվակով: Ներկայանալուց հետո կրկին համոզում են խոստովանել: Սակայն տեսնելով, որ արդյունքի չեն հասնում, բռնություն են կիրառում (Ստեփանը դատարանում մանրամասն ցուցմունք է տվել եւ պատմել ամբողջը): Դրանից հետո, տեսնելով, որ նորից արդյունքի չեն հասնում, մտնում են քրեական հետախուզության բաժնի պետի մոտ եւ ասում, որ Ստեփանը չի ուզում խոստովանել: Վերջինս էլ ասում է, որ եթե չի ընդունում, տարեք, շորերը հանեք ու անարգեք»,-ասաց Ստեփան Հովակիմյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը: Փաստաբանի պատմելով, ոստիկաններն այդպես էլ անում են: Տանում են սենյակ, փորձում են շորերը հանել, մահակներ են վերցնում: Վերջինս, տեսնելով, որ այլ ելք չունի, ստիպված խոստովանում է եւ ոստիկանների թելադրածով բացատրություն գրում:



Ստեփան Հովակիմյանը կատարված հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն՝ մանրամասն նշելով (նույնիսկ անուններով եւ բնակության վայրով), թե ովքեր են իր նկատմամբ բռնություն կիրառել, եւ խնդրել է պատասխանատվության ենթարկել հիշյալ անձանց, սակայն՝ անօգուտ: Կատարված բազմաթիվ խախտումների, խոշտանգումների եւ մարդու իրավունքների ոտնահարումների մասին փաստաբանները բազմիցս ահազանգել են, դիմել են տեղական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների: Գործի մանրամասները կարճ տեղեկանքի ձեւով փաստաբանները ներկայացրել են նաեւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգի՝ հունվարին Հայաստան կատարած այցի ժամանակ: Որից հետո միայն շատ անսպասելի ՀՔԾ-ն գրությամբ դիմել է ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետին՝ խնդրելով ծառայողական քննություն կատարել: Սակայն փաստաբանները դրանից էլ առանձնապես սպասելիքներ չունեն:



Փաստաբանների համար զարմանալի է նաեւ դատավորների հանկարծակի փոփոխությունը: Սկզբում գործը քննում էր Կենտրոնի դատավոր Արմեն Խաչատրյանը, սակայն շատ անսպասելի տեղափոխվեց, եւ գործը հանձնեցին դատավոր Մխիթար Պապոյանին: Տիգրան Սաֆարյանը կարծում է, որ բռնությունները շարունակվում են, քանի որ ոստիկանական համակարգը մնացել է ամենաչբարեփոխված համակարգերից մեկը եւ աշխատում է դեռեւս նախորդ դարի մեթոդներով՝ պլանացուցանիշային ոճով: «Փոխանակ իրավապահ մարմինները վեր հանեն իրական պատճառները եւ պատժեն մեղավորներին, հերքում են ցանկացած նման երեւույթի առկայությունը, ուզում են ցույց տալ, որ հայկական ոստիկանությունը դեմ է ծեծին: Արդյունք գրանցելու համար կեղծ հետախուզում են հայտարարում, ապա մարդկանց ստիպում ինքնախոստովանական ցուցմունք գրել»,-ասաց փաստաբանը եւ վերջում հավելեց. «Մենք միայնակ` որպես փաստաբաններ, ու մեր վստահորդները, դժվար թե հասնենք արդարության, խախտված իրավունքների վերականգնման: Ապրում ենք 21-րդ դարում, խոսում ենք ժողովրդավարության, իրավական պետության մասին, բայց մեր ոստիկանությունը դեռ աշխատում է ոչ թե 20-րդ, այլ 19-րդ դարի մեթոդներով»:



ՀԳ - Փաստաբաններն ասացին, որ «Մոսկվա» կինոթատրոնի տերը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մտերիմ ընկերն է, ինչով էլ պայմանավորված  է գործի այս ընթացքը: Ստեփանն իր վերջին ցուցմունքում նշել է, որ քաղաքային վարչությունում ոստիկաններն ասել են, թե արդեն զզվել են: Գործն արագացնելու համար վերեւից այնքան են ճնշում իրենց, որ իրենք էլ «ստիպված»՝ նրան են ճնշում: