ԲՀԿ-Ն ասելիք չունի՞

ԲՀԿ-Ն ասելիք չունի՞
Երեկ Հայաստանի ներիշխանական դաշտում իրավիճակը կրկին կտրուկ սրվել էր: Այն աստիճան, որ ասվում էր, թե ԲՀԿ-ն ուր որ է դուրս է գալիս կոալիցիայից, կամ էլ ՀՀԿ-ն  համապատասխան որոշում է կայացնելու: Պատճառը նախօրեին կոալիցիոն նոր հուշագրում կատարված փոփոխությունն էր, որով ՀՀԿ-ն փորձել էր հուշագրում զետեղել հետեւյալ արտահայտությունը, թե 2013-ին կոալիցիոն ուժերը սատարելու են ՀՀ գործող նախագահին:



Նախնական տեքստում նման ձեւակերպում չէր եղել,  ընդամենը նշվել էր, որ կոալիցիոն ուժերը հանդես են գալու միասնական թեկնածուով՝ առանց հստակեցնելու, թե ով է լինելու այդ թեկնածուն: Ընդ որում՝ այդ փոփոխությունը մտցվել էր ՕԵԿ-ի պնդմամբ: Այլ հարց է, թե որքանով է ՕԵԿ-ն ինքնուրույն որոշել նման փոփոխություն առաջարկել:



Ինչեւէ, սա էլ հենց դարձել էր ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության հերթական ռաունդի պատճառը: Երեկ ՀՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականներն ամեն կերպ խուսափում էին լրագրողների հետ շփումից ու լրատվամիջոցների հարցերին պատասխանելուց: Ասես լեզուները կուլ տված լինեին: Երեկ, երբ այցելեցինք ՀՀԿ, կուսակցությունը հիշեցնում էր «Գառնուկների լռությունը» կինոնկարի վերնագիրը. որեւէ ՀՀԿ-ական չհամաձայնեց պատասխանել մեր հարցերին՝ պատճառաբանելով, թե զբաղված են կամ խորհրդակցության են, չնայած կուսակցությունում էին եւ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, եւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ի դեպ, ՀՀԿ գրասենյակում արդեն մի քանի ամիս է՝ անվտանգության աշխատակից են վարձել, թերեւս որպեսզի իրենց պաշտպանեն անցանկալի լրագրողներից:



ԲՀԿ-ականները երեկ խորը ընդհատակ էին անցել: Զանգերին չէին պատասխանում, խորհրդարանում չկային: Մեզ հասած տեղեկություններով՝ իրավիճակը կուսակցության ներսում լարվել էր: Այստեղ էլ հավաքներ ու քննարկումներ էին ընթանում: ԲՀԿ-ում գժված էին հուշագրում կատարված փոփոխությունից, որով նշվում էր, թե ում են սատարելու կոալիցիոն ուժերը 2013-ին: Հատկապես զայրացած էր Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնենք, որ նախօրեի ցերեկը ԲՀԿ առաջնորդի գլխավորությամբ խորհրդարանում էր հավաքվել ԲՀԿ վերնախավը՝ ԲՀԿ-ական պատգամավորներն ու չորս նախարարները, որտեղ Գագիկ Ծառուկյանը ներկաներին ներկայացրել էր հուշագրի նախնական տարբերակը, բացատրել, որ իրենք կոալիցիայում միասին են եղել, միասին էլ պետք է լինեն՝ հավելելով, թե ԲՀԿ-ն հավատարիմ է մնում համագումարի ժամանակ հայտարարած տառին ու բառին: Գագիկ Ծառուկյանը ներկաներին նաեւ ասել էր, թե կոալիցիոն նոր հուշագիրը ընդհանուր դրույթներով է ու իրենց համար նորմալ: Ներկա ԲՀԿ-ականներն էլ միաձայն համաձայնություն էին հայտնել առաջնորդի որոշմանը: Դրանից հետո, փաստորեն, փոփոխություն է կատարվել հուշագրում:



Երեկ երեկոյան նախագահականում կայացած Ծառուկյան-Սարգսյան հանդիպումից հետո ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը ներկայացրել է կոալիցիոն նոր հուշագիրը եւ ասել, որ դրա վերաբերյալ կոալիցիոն համաձայնություն կա: ՀՀԿ խորհրդի անդամներին է բաժանվել կոալիցիոն հայտարարության տեքստը: Նիստից հետո տեքստը հայտնվել է լրագրողների ձեռքին: Թերեւս ՀՀԿ-ականներին դա այնքան էլ հետաքրքիր չի եղել, հանձնել են լրագրողներին ու գնացել տուն:



ՀՀԿ խորհրդի նիստն ավարտվեց երեկոյան ժամը 22-ին մոտ: Նիստից հետո մեր հարցին, թե ԲՀԿ-ն համաձայնե՞լ է ստորագրել կոալիցիոն հուշագիրը, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Բոլոր երեք քաղաքական ուժերը համաձայնել են վաղը մինչեւ երեկո, կոնկրետ ժամը չեմ կարող ասել, ստորագրել կոալիցիոն համագործակցության նոր հուշագիր: Վաղը կտեղեկանաք հուշագրի ստորագրման մասին եւ, բնականաբար, կծանոթանաք բովանդակությանը հուշագրի ստորագրումից հետո: Հիմնական հարցականները որ կային, այդ բոլոր հարցերին տրվում են սպառիչ պատասխաններ եւ կոալիցիոն բոլոր քաղաքական ուժերը տվյալ համագործակցությամբ ցանկանում են լուծել այն խնդիրները, որ ծառացած են մեր երկրի առջեւ: Վաղը կստորագրվի կոալիցիոն նոր հուշագիր»:



«Իսկ այդ հուշագրում կա՞ կետ 2013 թ.-ին ՀՀ գործող նախագահին սատարելու մասին» մեր հարցին ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Ես կոռեկտ չեմ համարում խոսել կոալիցիոն հուշագրի կետերի մասին, քանի դեռ չի ստորագրվել կոալիցիոն հուշագիրը»: ՀՀԿ խոսնակից հետաքրքրվեցինք նաեւ, թե լրացուցիչ պաշտոններ տրվելո՞ւ են ԲՀԿ-ին, քանի որ ԲՀԿ-ն վարչապետի պաշտոնն էր ուզում: Ի պատասխան՝ Շարմազանովը հայտարարեց. «Ոչ: Նման տեղեկություններ չունեմ: Ես ասեցի, որ նոր համագործակցություն է լինելու քաղաքական»: Հարցրինք նաեւ, թե ինչն էր պատճառը, որ ԲՀԿ-ին ներկայացվելուց հետո փոփոխության էր ենթարկվել կոալիցիոն հուշագիրը: Շարմազանովը խուսանավեց. «Ես կոալիցիոն հուշագիրը չեմ տեսել՝ փոփոխության ենթարկվել է, թե չի ենթարկվել: Չեմ կարող ասել»:



Լրագրողների ձեռքին հայտնված հուշագրի տեքստում, սակայն, հստակ է, որ ավելացվել է «ՀՀ գործող նախագահին» ֆրազը: Ըստ այդմ՝ հուշագրով կոալիցիոն երեք կուսակցությունները 1.5 էջանոց տեքստով հայտարարում են, որ միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում հարաբերակցությունը փոխելու հաշվին, նաեւ՝ երկար-բարակ խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլնի մասին, կարեւորում հնարավոր արտաքին սպառնալիքներին համախմբված դիմակայելու անհրաժեշտությունը, իսկ վերջում ամրագրում հետեւյալը. «Քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով՝ ի դեմս գործող նախագահի»:



ԲՀԿ-ականները երեկ երեկոյան նույնպես ժողով էին անում: Մեր հարցին, թե ԲՀԿ-ն ինչպե՞ս է գնահատում կոալիցիոն նոր հուշագիրը, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Բոլոր հարցերի պատասխանը կստանաք վաղը»: