Անգրագետ կամ կոռումպացված

Անգրագետ կամ կոռումպացված
Իրավաբան Հակոբ Ճարոյանը, որ դատարաններում քաղաքացիական գործերով ներկայացուցչություն է իրականացնում, փետրվարի 9-ին դիմել է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին՝ խնդրելով իրեն որոշ փաստաթղթեր տրամադրել: Մասնավորապես, որոշ վճռաբեկ բողոքների, դատական վճիռների պատճեններ, նիստերի արձանագրություններ, որտեղ քննարկվել է վճռաբեկ բողոքների վարույթ ընդունել-չընդունելու հարցը:



Ինչպես նաեւ խնդրել է տրամադրել այն բողոքները, որոնք մակագրվել են վճռաբեկի քաղգործերով պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանին, երբ նա դեռ դատավոր էր աշխատում: Խնդիրն այն է, որ վճռաբեկ դատարանն անհիմն կերպով մերժում է բողոքները վարույթ ընդունելը եւ դա անում է տրաֆարետային մի ձեւակերպմամբ՝ առանց հիմնավորելու, թե ինչու է քաղաքացուն զրկում երրորդ դատական ատյանում իր հարցի քննության իրավունքից:



Մեզ հետ զրույցում Ճարոյանը պատմեց, որ իր դիմումին վճռաբեկ դատարանը չի պատասխանել, թեեւ  իր պահանջը բխում է օրենքի պահանջներից: Եվ եթե իրեն չտրամադրեն իր պահանջած փաստաթղթերը, նա կպատրաստվի դիմել վարչական դատարան, որպեսզի այն պարտադրի տրամադրել փաստաթղթերը, նաեւ դատախազություն եւ Ազգային ժողով, որպեսզի քրեական գործ հարուցեն Մկրտումյանի եւ Խունդկարյանի նկատմամբ ու պարզեն նրանց «կոռումպացված լինելը», քանի որ բողոքները վարույթ չընդունելու պատճառ կարող է լինել կամ վերոնշյալ անձանց անգրագիտությունը, կամ կոռումպացված լինելը: