Մարզերից Երեւան բերող ճանապարհները սառցակալած են միայն վրացական համարներով մեքենաների համար

Մարզերից Երեւան բերող ճանապարհները սառցակալած են միայն վրացական համարներով մեքենաների համար
Այսօր ժամը 11-ին Գյումրիից եւ Վանաձորից վրացական համարանիշներով ավտոմեքենաների վարորդները որոշել էին իրենց բողոքի ակցիան շարունակել կառավարության շենքի առաջ: Սակայն ե′ւ Գյումրիից, ե′ւ Վանաձորից ոստիկանները նրանց թույլ չեն տվել գալ Երեւան: Այս պահին ամբողջությամբ փակ են Գյումրիի կենտրոնական փողոցները եւ 100-ից ավել ոստիկաններ վրացական համարներով մեքենաներին թույլ չեն տալիս տեղից շարժվել՝ պատճառաբանելով, որ Երեւան -Վանաձոր ճանապարհը սառցակալած է: «Ժառանգության» պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը եւ Զարուհի Փոստանջյանը նույնպես Գյումրիում են եւ մնացել են «շրջափակման» մեջ:



Վանաձորում առավոտյան ժամը 9-ից ոստիկանները փակել էին քաղաքի ելքը, կանգնեցնելով բոլոր վրացական պետհամարանիշներով մեքենաներին, որոնց մեջ կային նաեւ օդանավակայան ու հիվանդանոց  շտապողներ, նույնիսկ  փասթղթերը տեսնելուց հետո ճանապարհային ոստիկանները չէին համոզվում: Օդանավակայն շտապողների եւ ոստիկանների միջեւ բախում է տեղի ունեցել, որոնք թողնելով մեքենան ճանապարհին, այլ մեքենայով մեկնել են Երեւան: Վանաձորի ելքի մոտ հավաքված ոստիկաններից ու պետերից ոչ ոք չի կարողացել հիմնավորել այդ վարքի պատճառը, միայն ասել են` «հրաման ունենք, կանգնեցնում ենք», հետո էլ որպես պատճառաբանություն են բերել սառած ու անանցանելի ճանապարհները, որոնք սակայն, լիովին բաց են:



Մինչ այս պահը քաղաքի ելքի մոտ հարկադիր կանգնեցվել է շուրջ 30 մեքենա, որոնցից մոտ 10-ը դեռեւս կանգնած են ճանապարհին, իսկ մնացածը հետ են վերադարձել քաղաք: Տեսնելով, որ իրենց բոլոր ջանքերը զուր են, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը վերադարձել է Երեւան:



Ի դեպ,  կառավարության շենքն էլ է այսօր  հսկվում մեծ թվով ոստիկանների կողմից: Կառավարության շենքի դիմաց կայանալիք բողոքի ցույցին պետք է ներկա լինեին նաեւ Նոյեմբերյանի եւ հարակից գյուղերի վարորդները, սակայն ինչպես տեղեկացանք, այնտեղ եւս, ոստիկանները լուրջ հսկողություն են սահմանել, վարորդներին պարզապես արգելել են դուրս գալ քաղաքից: