Ես Արթուր Բաղդասարյան չեմ

Ես Արթուր Բաղդասարյան չեմ
Որքանով ճիշտ, որքանով սխալ՝ ասում են երեկ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն իրենց ուղեղների հանգույն հերթական «brain storming» (ուղեղների բախում) ակցիան են անցկացրել: Թեմատիկ առաջադրանքն էլ եղել է 2013-ի ընտրություններում նախագահական  թեկնածուի անվան հստակեցումը:



Քանի որ հանրահայտ իրողություն է, եւ ՀՀԿ-ում, եւ ԲՀԿ-ում ուղեղ ունեցող գրեթե չի գտնվի, բախումն ինքնաբերաբար եղել է ոչ թե ուղեղների, այլ լեզվանիության մակարդակում: Ծառուկյանը, ըստ ԲՀԿ-ական աղբյուրներից տարածված լուրերի, ասել է. «Ես Արթուր Բաղդասարյան չեմ»: Հասկանալիորեն Հայաստանի քաղաքական դաշտում Ա. Բաղդասարյան ասելով՝ «հաճախորդից» մինչեւ սպասավոր ինչ ասես կարելի է հասկանալ, նայած նախասիրության: ՀՀԿ-ից էլ առանձնակի «լայնախոհություն» ցուցաբերելով՝ երեւի ԲՀԿ առաջնորդին պատասխանել են, թե՝ ո՞վ է ասում Բաղդասարյան դառնաս, դու Ծառուկյան էլ մնա, ինչպես Արտաշես Գեղամյանն է Գեղամյան կամ Վազգեն Մանուկյանն է Մանուկյան:



Հենց այստեղ էլ ծագում է ամենաբարդ հարցը. իսկ ինչ ասել է Ծառուկյան: Հարցն այն է, որ Ծառուկյանը ոչ քաղաքական գործիչ է, որքան էլ անգիտակցաբար հայտնվել է քաղաքական դաշտում, ոչ գործարար է, որովհետեւ հովանավորչությամբ բարգավաճելը գործարարության հետ քիչ ընդհանրություն ունի, էլ չենք խոսում այն մասին, որ աշխարհում չի գտնվի մի բորսա, որտեղ Ծառուկյանին պատկանող թեկուզ մի ընկերության մի բաժնետոմս վաճառվի: Ոչ էլ նույնիսկ բարեգործ է, չնայած ինքն իր մասին տեսաֆիլմեր է նկարում ու սեփական հեռուստաալիքով պտտեցնում, որովհետեւ բարեգործության ու ողորմագործության միջեւ կա մեծ տարբերություն:



Այժմ կյանքն այնքան դաժան է գտնվել, որ Ծառուկյան ազգանվամբ հստակությունից ու նկարագրից զուրկ երեւույթին կանգնեցրել է քաղաքական ինքնություն որդեգրելու հրամայականի առաջ: Պարզից էլ պարզ է՝ եթե իր մտավոր, հոգեւոր, կազմակերպչական որակները մինչ այժմ ինքնություն չեն կերտել, այդ ինքնությունն իրեն թելադրվելու է: Ու բոլորովին չես հասկանում, թե թելադրողի հարցում Ծառուկյանն ինչու է համառում: Թե՞ կարծում է իրեն չպետք է թելադրեն: Իհարկե պետք է թելադրեն եւ կթելադրեն: Որքան երեւում է, թելադրողն էլ կլինի ոչ թե նախընտրելի Քոչարյանը, այլ անցանկալի Սարգսյանը:



Իսկ թելադրանքն անխուսափելի է, որովհետեւ մարդկային ինքնությունը չի ձեւավորվում սրան-նրան հակադրվելուց, համառությունից կամ կամայականությունից: Թելադրանքի չենթարկվելու գրավականը մտքի սրությունն է եւ հոգու հզորությունը, որոնց վրա հենվող մարդկային կամքը պատնեշում է որեւէ ճնշում: Իսկ Ծառուկյանն ի՞նչ մտքի կամ հոգու հարթությունում կարող է դիտարկվել, երբ նույնիսկ հոդաբաշխ խոսելն է իր համար խնդիր: Իր դեպքում լոկ գեղջկական համառության հարց է, որն ի վերջո կոտրվելու է: Ծառուկյանը հրապարակավ հարկադրված է լինելու կողմնորոշվել կամ դեպի Սարգսյանը, կամ Քոչարյանը: Եվ երկու դեպքում էլ կրելու է հարվածներ:



Դեպի Սարգսյանը կողմնորոշվելու դեպքում Քոչարյանի կապիտալն ու ունեցվածքը կմնան անտերունչ եւ կսկսեն փոշիանալ, որովհետեւ Ծառուկյանն այլեւս դրանց համար չի կարողանա պատասխանատվություն կրել. այդ դեպքում չգիտես, թե Քոչարյանն ինչի ընդունակ կլինի: Դեպի Քոչարյան կողմնորոշվելու դեպքում էլ Սարգսյանը Ծառուկյանին եւ քաղաքականապես, եւ տնտեսապես ոչնչացվելուց չի պաշտպանի, իսկ դա նշանակում է` հողը Ծառուկյանի ոտքերի տակից այնպիսի արագությամբ կսկսի փախչել, որ չի էլ հասցնի գիտակցել կամ հակազդել:



Ընդ որում՝ որքան էլ ԲՀԿ-ից փորձեն տպավորություն ստեղծել, թե իբր ՀՀԿ-ն իրենց հետ բանակցում է, ամենքն էլ գիտեն, որ իրենց հետ ոչ ոք էլ չի բանակցում, ուղղակի պահանջում են կամ հայտարարել, որ միայնակ են գնալու ընտրությունների եւ ունենալու են նախագահի սեփական թեկնածու, կամ հայտարարել, որ ընտրություններում սատարելու են ՀՀԿ թեկնածուին:



Գուցե առաջադրված պահանջն էլ իմաստալից մի քայլ չէ, բայց լատենտ խաղեր հանդուրժելը, որ հետեւողականորեն դարձվում են անկարկներ եւ կիսահավակնություններ, էլ ավելի մեծ սխալ կլիներ` ոչ միայն իմաստազուրկ, այլեւ՝ վտանգավոր: Այնպես որ, Ծառուկյանին դիրքորոշման հստակեցում պարտադրելը ճիշտ է` անկախ վերջինիս որոշումից եւ դրանից բխող հետեւանքներից: