Վարորդները՝ կասկադյորներ

Վարորդները՝ կասկադյորներ
Չորեքշաբթի փրկարար ծառայության Սյունիքի մարզային վարչությունը հաղորդագրություն տարածեց, թե Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի որոշ հատվածներ փակ են: Փրկարարները միաժամանակ  խորհուրդ տվեցին, մեքենաների կուտակումներից ու վթարներից խուսափելու համար, հետաձգել ուղեւորությունները:



Սակայն ավելի համարձակ վարորդները, որոնք նաեւ շտապ գործեր ունեին, փորձեցին խիզախել ու ճանապարհ ընկան դեպի Սյունիք: Նրանք հույս ունեին, որ ճանապարհաշինարարները հերթապահում են, ու անհաջողության դեպքում ելք կգտնվի: Բայց Սիսիանի ճանապարհաշինարարները ոչ միայն չէին հերթապահում, այլեւ ճանապարհը մաքրված չէր: Համարյա տեսանելիություն չկար: Մերկասառույցը, հողմն  ու ձնաբուքը էլ ավելի էին դժվարացնում երթեւեկը: Ավտոմեքենաները միջպետական ճանապարհին շարժվում էին  15-20 կմ/ժ արագությամբ: Ճանապարհի Սիսիանով անցնող հատվածում բեռնատար ավտոմեքենաներից մեկը, չկարողանալով շրջադարձ կատարել, փակել էր  ճանապարհը, ինչի պատճառով մեքենաների կուտակումներ էին առաջացել:



Բոլորովին այլ վիճակ էր Գորիսի հատվածում. «Ոսմար» ընկերության աշխատակիցներն ու տեխնիկան ճանապարհն էին մաքրում: Սակայն թե՛ տեղացող առատ ձյունը, թե՛ մայրուղու եզրերից  մրրկահողմի  բերածն արագ ծածկում էր ճանապարհը, ու չէին հասցնում մաքրել: Իրավիճակը գրեթե անելանելի էր Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի ամենաբարձր կետում` 2.535 մետրի վրա գտնվող Մեղրու լեռնանցքում:  Մեղրու «Ճանշին» ձեռնարկության աշխատակիցները երեկ լեռնանցքում էին: Այստեղ ընդհանրապես տեսանելիություն չկար, ինչը հնարավորություն չէր տալիս անգամ ձյուն մաքրող տեխնիկային աշխատելու: Ի դեպ, փետրվարի 16-ի վաղ առավոտյան, ժամը 06:30-ի սահմաններում, փրկարարները ձյան միջից հանել են Սիսիանից դեպի մայրուղի տանող ճանապարհին կանգնած մեկ ավտոմեքենա` հինգ ուղեւորներով: Վթար է գրանցվել նաեւ Գորիս-Կապան հատվածում: Այստեղ շրջվել է «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար: Բարեբախտաբար տուժածներ չկան: