Գալիս են մաքրելու քաղաքականությունը տղամարդկանցից

Գալիս են մաքրելու քաղաքականությունը տղամարդկանցից
Երեկ ԵՊՀ գրադարանում «Կին քաղաքական գործիչներից՝ կին քաղաքական գործիչներին» ձեռնարկի շնորհանդեսն էր: Բրիտանական դեսպանատան  ֆինանսավորմամբ 2008-ին Բրիտանական խորհուրդը մի երկամյա ծրագիր է սկսել, որի նպատակը մեր քաղաքական դաշտում կանանց ներգրավվածությունն ընդլայնելն է:



10 կուսակցությունների (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԺԿ, ՄԱԿ, ԱԺՄ, ՀԵԿ, «Ազգային միաբանություն», «Ժառանգություն») 20 ներկայացուցիչներ մասնակցել են դասընթացների, ծանոթացել են Միացյալ Թագավորության կառավարման համակարգին եւ ուսումնասիրել գենդերային հավասարությանն ուղղված ծրագրեր: ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի խոսքով՝ սա իրավունքների պաշտպանության խնդիր է, որտեղ գիտելիքներն են կարեւոր. կապ չունի՝ կին, թե տղամարդ: Անձամբ ինքը կարողանում է համատեղել ընտանեկան կյանքը եւ քաղաքական գործունեությունը. «Չգիտեմ, թե ինչու կին քաղաքական գործիչներին չեն վստահում, ուղղակի կանայք ավելի զգույշ պետք է լինեն, որովհետեւ խոշորացույցի տակ են, եւ այն, ինչ տղամարդկանց ներվում է, հիմնականում կանանց չի ներվում»:



Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը նշեց, որ տղամարդիկ դժվարությամբ են ընդունում, որ կանայք ունեն իրենց հավասար իրավունքներ: Նա մեջբերեց բրիտանական կազմակերպություններից մեկի հետազոտությունը, որտեղ նշվել է 4 հիմնական պատճառ, որոնք խանգարում են կանանց ընտրվել խորհրդարանում. մեկը քաղաքական մշակույթի բացակայությունն է, 2-րդը՝ երեխաների խնամքն ու ընտանիքում ունեցած պարտավորությունները, 3-րդը գումարն է, որ կանայք քիչ են վաստակում, եւ վերջում՝  ինքնավստահության պակասը:



Դեսպանը նշեց, որ Հայաստանում կան շատ ակտիվ, ազդեցիկ կին քաղաքական գործիչներ: Ճիշտ է՝ դժվարացավ անհատապես նշել որեւէ մեկին, բայցեւայնպես. «Տպավորությունս այն է, որ նրանք նույնքան կարող են, որքան տղամարդ գործիչները: Կարեւորը, որ կանայք իրենք հավատան, որ դերակատարություն ունեն հասարակության մեջ, բայց ակնհայտ է, որ դրա համար էլ պետք է փոխել տղամարդկանց ակնկալիքները»:



«Օրինաց երկիր» կուսակցության անդամ Սրբուհի Ներսիսյանի կարծիքով՝ կանանց համար ուղի հարթելու ամենահեշտ ճանապարհը քաղաքական կուսակցությունների միջոցով է. «Ամենակարեւորը՝ հենց մեր մեջ կոտրվեց այն կարծրատիպը, որ կինը միայն ընտանիքի, խոհանոցի համար է, բայց մեկը մյուսին չի խանգարում, եթե, իհարկե, ունես հասկացող ամուսին: Կինը քաղաքականությամբ ավելի լավ է զբաղվում, միշտ ասում են՝ կնոջ մազերը երկար են, խելքը՝ կարճ: Բայց դրանք ընդամենը խոսքեր են: Մենք մեր մուտքով գալիս ենք մաքրելու քաղաքականությունը ոչ միայն տղամարդկանցից, այլեւ արատավոր երեւույթներից:  Եթե կինը կարողանում է ընտանիք ղեկավարել, ուրեմն պետությունն էլ, քաղաքականությունն էլ կարող է ղեկավարել: Կարեւորը՝ կինը դա կանոնակարգված է անում ու մայրաբար մոտենում յուրաքանչյուր հարցի»:



Սերտիֆիկատների պարգեւատրումից հետո կանայք մոտենում էին դեսպանին, ձեռք սեղմում, լուսանկարիչների մասնակցությամբ բեմադրում սերտիֆիկատն ստանալու արարողությունը, ինչպես նաեւ թարգմանչի միջոցով համբուրվելու ակնարկներ անում ամոթխած անգլիացուն, ապա ցանկություն հայտնում հաջորդ անգամ էլ մեկնել Լոնդոն: