«Կոլցո» օպերացիա Գյումրիում` ընդդեմ բողոքող վարորդների

«Կոլցո» օպերացիա Գյումրիում` ընդդեմ բողոքող վարորդների
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ժամը 11-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց պետք է տեղի ունենար Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի` վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաներ ունեցող վարորդների բողոքի ցույցը: Վարորդների խնդրանքով վաղ առավոտյան “Ժառանգություն” խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը մեկնել էին Գյումրի, իսկ Արմեն Մարտիրոսյանը` Վանաձոր, որպեսզի Երեւան ուղեկցեն ցույցի մասնակիցներին:



Պարզվեց, որ Գյումրիում` չնայած ամբողջ գիշեր “իրավապահ” մարմինների գործադրած ճնշումներին, մեկ տասնյակից ավելի ավտոտերեր, այնուամենայնիվ, առավոտյան հավաքվեցին Գյումրու դրամատիկական թատրոնի շենքի դիմաց: Իսկ շուրջ 100 մեքենաներ քաղաքի տարբեր հատվածներում սպասում էին ակցիայի սկսվելուն, որպեսզի միանան իրենց բախտակիցներին:



Ոստիկանները` խմբվելով տարբեր խաչմերուկներում, ամեն կերպ փորձում էին խուսափել պատգամավորներին հետ շփումներից: Ժամը ուղիղ 8-ին, երբ ցույցի մասնակիցներն արդեն ուզում էին շարժվել դեպի Երեւան, 15-ի չափ ոստիկանական մեքենաներ “Կոլցո” գործողությամբ օղակի մեջ առան բողոքող վարորդներին ու պատգամավորներին: Ոստիկանները հրաժարվեցին հիմնավորել կամ բացատրել քաղաքացիների ազատ տեղաշարժը խափանող իրենց գործողությունները: Այս պահի դրությամբ շուրջ 100 ոստիկան պաշարման մեջ են պահում թատրոնին հարակից Սայաթ-Նովայի պողոտան (միաժամանակ խոչընդոտելով գյումրեցիների բնականոն երթեւեկությունը):



Պատգամավորները հեռախոսով կապվել են ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ` ներկայացնելով ոստիկանության ապօրինի գործողություններն ու պահանջելով միջոցներ ձեռնարկել, սակայն իրավիճակն առայժմ մնում է անփոփոխ:



Գյումրիի դրամատիկական թատրոնի հարակից տարածքում, որը դեռևս շրջափակված է ոստիկանության կողմից, ժամը 13:30-ին նախատեսված է անցկացնել հանրահավաք: Նույն վիճակն է տիրում նաեւ Վանաձորում, որտեղ հասարակական կարգի պահապաններն առանց որեւէ բացատրության փակել են շուրջ 10 ավտոմեքենաների ճանապարհը դեպի մայրաքաղաք: “Ժառանգություն” խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը հանցագործության մասին հաղորդագրություն է թողել ոստիկանության 1-02 հեռախոսահամարով: Այսօրինակ գործողությունները, կարծում ենք, հանցանք են սեփական ժողովրդի հանդեպ, որոնք, ըստ էության, կատարվում են երկրի բարձրագույն իշխանության լռելյայն անտարբերության իրադրությունում:



Հիշեցնենք, որ վարորդներն արդեն մեկ շաբաթից ավելի տեւող բողոքի գործողություններով պահանջում են չեղյալ համարել ավտոմեքենաների “ժամանակավոր ներմուծման” ռեժիմով Հայաստան մուտքի սահմանափակումները եւ բարեփոխել արտասահմանյան համարանիշներով մեքենաների մաքսային արժեքի որոշման թալանչիական պայմանները:



“Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայություն