Գյուղնախարարն առաջարկում է աշխատավորի օր սահմանել

Գյուղնախարարն առաջարկում է աշխատավորի օր սահմանել
Փետրվարի 15-ին Տավուշի մարզ է մեկնել գյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանը, նրա հետ են եղել նախարարության վարչությունների պետեր, ստորաբաժանումների ու ԾԻԳ-երի ղեկավարներ: Սա նախարարի առաջին այցն էր մարզ:



Մարզպետ Արմեն Ղուլարյանի եւ մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նախարարն ասել է, որ առաջին այցի համար հենց Տավուշն է ընտրվել, քանի որ սահմանամերձ մարզ է, եւ վերջին տարիներին այստեղ նկատվում է մտահոգիչ մի բան՝ մարզի բնակչությունը նվազում է: Նախարարն ասել է, որ իրենք պետք է ընտրեն այնպիսի քաղաքականություն, որը կօգնի լուծել գյուղատնտեսությանը վերաբերող խնդիրները, եւ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է կառավարությանը ներկայացնել առաջարկ` Աշխատավորի օր սահմանելու մասին, ինչպես նաեւ հասնել նրան, որ հեռուստաընկերությունները շաբաթական գոնե մեկ անգամ ներկայացնեն գյուղատնտեսությանը վերաբերող հաղորդումներ: Սերգո Կարապետյանը նաեւ ասել է, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախաշեմին իր պարտքն է համարում լինել այստեղ եւ քննարկել ցանկացած հուզող հարց, եւ կոչ է արել բոլորին, անկախ զբաղեցրած դիրքից, լծվել գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը:



Մարզպետ Արմեն Ղուլարյանն էլ նախարարին տեղեկացրել է, որ մարզի առջեւ ծառացած խնդիրներն են՝ սելավատարների մաքրման, հողատարածքների սուբսիդավորման, հակակարկտային կայանների տեղադրման, ոռոգման ջրագծերի կառուցման եւ այլ խնդիրներ: Խորհրդակցությունից հետո նախարարն այցելել է Տավուշի մարզի Լուսաձոր գյուղ, որտեղ «Հայաստան համահայկական հիմնադրամի» օգնությամբ Շվեյցարիայից ներմուծվել է 50 գլուխ «Սիմենտալ ֆլեգո» ցեղատեսակի երինջ, որոնք անասնաբուծության զարգացման հարցում մեծ նշանակություն ունեն: Նախարարը եղել է նաեւ Աչաջուր գյուղի նորատունկ խաղողի այգիներում:



Համլետ ՄԱՐԳԱՐՅԱՆ