Էմիլ Սիորան. «ծնված լինելու անհարմարության մասին»

Էմիլ Սիորան. «ծնված լինելու անհարմարության մասին»
Էսսեիստ, փիլիսոփա Էմիլ Սիորանի (1911-1995) «Ծնված լինելու անհարմարության մասին» փիլիսոփայական էսսեն (Երեւան, 2008, «Ինքնագիր» գրական ակումբ, թարգմանությունը ֆրանսերենից` Նունե Աբրահամյանի, առաջաբանը` Մարկ Նշանյանի) մի գիրք է, որն ընթերցելուց հետո չափազանց բարդ է մի սթափ հայացքով վերլուծել, համակարգել մտքերը, հասկանալ ասելիքը, նրա իմաստաբանությունն ու իր առաջադրած խնդրի վերջնական լուծումը:



Էսսեն աֆորիստիկ ոճ ունի. նրա հատվածները` Սիորանի ասելով, պարզապես իր սեւագրերն են ու գրքում էլ դրսեւորվել են որպես սեւագրեր` փոքր պատառիկներով, որ դառնում են էպիկական մի ամբողջություն, պատմության մեջ՝ պատմություն, ժամանակի մեջ՝ ժամանակ եւ վերջապես՝ մղձավանջի մեջ՝ մի մղձավանջ: «Հատվածն արյանս մեջ է»,- գրում է Սիորանը:



Գրքում պարզապես ցինիզմի հասնող Սիորանի պեսիմիզմն ապշեցնում է իր պարադոքսալ անակնկալությամբ, խեղկատակությամբ, բառի կախարդական ներգործությամբ: Մտքի անզուգական ցինիզմը Սիորանին առաջ մղող միակ բարոյականությունն է.  «Կատարել բոլոր հանցանքները, բացի հայր դառնալուց», «Ողջ լինել: Ինձ հանկարծ ապշեցնում է այս արտահայտության տարօրինակությունը: Այն ասես ոչ մեկին չվերաբերի»: Սիորանի ինքնաոչնչացումը կարծես մարդկային ոգին պաշտպանելու վերջին աղերսն է: Սիորանը լիովին մերկանալով՝ մերկացնում է կեցության հավերժական հարցերը, ապաբարոյականանալով՝ բարոյազրկում բարոյականության կեղծ չափորոշիչները:



«Նրա առաքելությունն ախտորոշումն է»,- Սիորանի մասին իր էսսեում գրում է Սյուզըն Զոնթագը: Սիորանն ախտորոշում է սեփական ոգու աղետը, ախտորոշում է անխնա ամենաթողությամբ: Բայց սեփական ոգու ախտը՝ դա համաշխարհային պատմության ախտն է. պատմություն, որ ի զորու չի դառնում պատասխանելու կեցության ամենաէական հարցերին, ի զորու չէ պահպանելու ինդիվիդի անապականությունը, չի համակերպվում ժամանակի անորոշությանը: Ծնված լինելու անհարմարությունը Սիորանին հնարավորություն է ընձեռում հարձակվել, կատաղիորեն դիմապատռել, մոլեգնել դրա  անիմաստության դեմ՝ իր այդ հարձակումը միտումնավոր դարձնելով կրկնակի անիմաստ: «Ես ինձ չեմ ներում ծնված լինելուս համար: Ասես աշխարհ ներթափանցելով, պղծած լինեմ խորհրդավոր մի բան...», «Պետք էր մնալ թրթուրի վիճակում, հրաժարվել զարգանալուց, մնալ անավարտ, հաճույք ստանալ տարրերի քնից եւ հանգիստ սպառվել սաղմնային էքստազի մեջ»: Սիորանի՝ ածելիի նման կտրող ու հաճախ՝ վանող մտքերը մարդկային երեւակայության ապշեցուցիչ թռիչքներ են, կոմեդիաների վերածվող ողբերգություններ:



Սիորանն ընթերցողի հայելին չէ, այլ հայելու երեսին թքող պահանջն է, սեփական «ես»-ի՝ դեմք ճանկռող հավերժ անհանգիստ անհատը: Սթերնին հարազատ հումորով նա չի խնայում ոչ մեկին` հմայելով իր մտքի ավարտուն ճկունությամբ: Օրինակ այս ձեւակերպումները`  «Անհնար է չարությամբ չլցվել նրանց նկատմամբ, ովքեր մեզ հուզիչ նամակներ են  գրում», կամ՝ «Չարժե իրար սպանել, քանի որ միշտ չափազանց ուշ են սպանում իրար», հումորային նուրբ տարրեր են ընդգրկում իրենց մեջ...



Ծնված լինելով Ռումինիայի Ռաշինար անունով գյուղում եւ հետագայում փախչելով ու մինչեւ կյանքի վերջն ապրելով Փարիզում, նա լիովին հրաժարվում է անցյալում ունեցած իր կապերից, ֆաշիստական հայացքներից ու գործունեություններից: Սիորանը ոտքով եւ հեծանիվով ճամփորդել է Իսպանիայի, Ֆրանսիայի քաղաքներով: Առանձնացած կյանք վարելով եւ սաստիկ չընդունելով «իր՝ գրող լինելու կարգավիճակը», Սիորանը  բացառիկ տեղ է զբաղեցնում քսաներորդ դարի եվրոպական մտքի մեջ...