Առողջ սնունդ, խելացի երեխա

Առողջ սնունդ, խելացի երեխա
Քաղաքի դեղատները ողողված են երեխաների համար նախատեսված պատրաստի, տեխնոլոգիական մշակման ենթարկված ուտելիքով` բանջարեղենային ու մրգային խյուսեր, կաթնախառնուրդներ, արագ պատրաստման կերակուրներ եւ այլն: Մայրիկների մեծ մասը, տեղի տալով գայթակղիչ, գույնզգույն տուփերին ու գովազդի մոգական ազդեցությանը, գնում է այդ ամենը` համարելով, որ իր երեխային տալիս է լավագույնը:



Այնինչ վերջերս ամերիկյան «Համաճարակաբանություն եւ համայնքային առողջություն» ամսագրի հրապարակած տվյալների համաձայն` այն երեխաները, որոնք իրենց կյանքի առաջին երեք տարիների ընթացքում ընդունել են պատրաստի սնունդ, հետագայում ցուցաբերել են ավելի ցածր մտավոր կարողություններ: Գիտնականները համեմատել են տասնչորս հազար երեխաների ունակությունները ութուկես տարեկան հասակում: Ուսումնասիրվող խմբում եղել են երեխաներ, որոնք կյանքի առաջին տարիներին սնվել են ավանդական ձեւով` միս, բանջարեղեն, առողջ սննդակարգ պահպանած երեխաներ (բանջարեղեն, մրգեր, աղցաններ, կաթնամթերք) եւ պատրաստի սնունդ ընդունած երեխաներ: Արդյունքներն ապշեցուցիչ են` սննդի որակը ուղիղ համեմատական է երեխայի մտավոր կարողությունների զարգացմանը: Առողջ սնունդ ընդունած երեխաներն ավելի խելացի են, քան տեխնոլոգիական մշակման ենթարկված սնունդ ընդունածները: Ընդ որում` որոշիչ ընթացքը կյանքի առաջին երեք տարիներն են: Եթե անգամ երեխայի սննդակարգը բարելավվել է չորսից յոթ տարեկանում, միեւնույն է՝ մտավոր կարողությունները չեն փոխվում, եթե մինչ այդ սննդակարգը բաղկացած է եղել մշակված ուտելիքից: Հետազոտողները եզրակացրել են, որ երեխայի ուղեղը մեկից երեք տարեկանում շատ արագ է զարգանում, եւ որ առաջին երեք տարիների ընթացքում ճիշտ, առողջ սնունդը կարող է նպաստել ուղեղի օպտիմալ զարգացմանը: