Նամակ Ջաֆար Փանահին

Նամակ Ջաֆար Փանահին
Բարեւ, Ջաֆար:



Հիմա չգիտեմ՝ նամակս բաց է, թե փակ: Չգիտեմ՝ երբեւէ կկարդաս այն. գուցե այդքան էլ կարեւոր չէ: Գրում եմ, որովհետեւ քեզ հետ երկխոսելու ուրիշ տարբերակ չունեմ: Ուզում եմ պարզապես կիսվել իմ համեստ տպավորություններով: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ դահլիճներից մեկում ես տեսա քեզ:



Բայց, անկեղծ ասած, «Խաղից դուրս» ֆիլմիցդ հետո դժվար էր միանգամից հավաքվել, կենտրոնանալ ու նայել քո ուղղությամբ, լսել խոսքդ: Էնքան էի ծիծաղել՝ մկաններս թուլացել էին: Ժպիտը, անկախ կամքիցս, քարացել էր, դրոշմվել դեմքիս: Երբ տուն մտա ու բերանս բաց նստեցի բազմոցին, որոշ ժամանակ անց տնեցիք նկատեցին տարօրինակությունս, սկսեցին մի տեսակ զգույշ ու զարմանքով նայել ինձ: Անդադար ժպտում էի: Չհարցրին պատճառը: Տեսնելով, որ դեմքիս արտահայտությունը ոչ մի կերպ չի փոխվում, ակամայից իրենք էլ սկսեցին ժպտալ: Էդ օրը մենք բոլորս ժպտալով պառկեցինք քնելու ու առավոտյան նույն ժպիտներով սուրճ խմեցինք: Չնայած որ ֆիլմը մենակ ես էի տեսել, նրա ՈԳԻՆ իմ ժպիտով փոխանցվել էր մերոնց...



«Էվին» բանտի 209 համարի խցում նստած` երեւակայությանդ մեջ դու երեւի նկարում ես նոր ֆիլմդ: Չար ու հիմար մարդիկ քսան տարով արգելել են քեզ ֆիլմեր նկարել,  սցենարներ գրել, բայց նրանք երբեք չեն կարող կասեցնել քո սքանչելի երեւակայության ընթացքը, որովհետեւ երեւակայությունը երբեք չի ենթարկվում հրահանգի. նա անժամանակ է: Ես գիտեմ՝ երեւակայությունը քո միակ ազատությունն է, որին անհնար է ամպուտացնել, քո վերջին տեսախցիկն է, որ չեն կարող ձեռքիցդ խլել, չեն կարող փշրել բռնության կեղտոտ ոտքերի տակ... չէ՞ որ երեւակայությունն անտեսանելի է...



Հիմա էլ չեմ դիմանում. ուզում եմ մի փոքր խոսել քո առաջին գեղարվեստական ֆիլմի` «Սպիտակ փուչիկի» մասին, որի սցենարի հեղինակը Աբբաս Քյարոստամին է: Որտեղի՞ց էիր գտել պատրանքի կանչը լսող հերոսուհուն... էն համոոոոոոոոով թշիկներով աղջնակին` Ռազիեին, ում թախծոտ աչքերն ու պայծառ դեմքը պարզապես շշմեցուցիչ տպավորություն են թողնում: Որքա՞ն հրաշք ու կամք է ափոփված այդ «փոքրիկ» հոգու մեջ, որ համառորեն գնում է երազանքի ետեւից, գնում է մանրիկ ու նուրբ քայլերով, ուսումնասիրելով անբովանդակ աշխարհը...



Քո ֆիլմը ոչինչ չի ապացուցում, ոչինչ չի բացահայտում, չի սովորեցնում, չի քարոզում, չի մեղադրում, չի փնտրում: Քո ֆիլմը միայն երազում է... Երեւի ամենաաստվածային երազանքը գեղեցիկին հասնելու երազանքն է, իսկ երազանքի քո բանաձեւի համար շատ բան հարկավոր չէ` պարզապես Թեհրանում ապրող փոքրիկ մի աղջիկ, որ շուկայում տեսնում է «հարսնացուի պես սիրուն» ձկնիկ եւ նրան գնելու անհագ ցանկություն: Ասում են՝ Իրանում ոսկե ձկնիկն Ամանորին երջանկություն է բերում: Բայց աղջիկն արդեն երջանիկ է, որովհետեւ սիրահարված է ձկնիկի գեղեցկությանը: Հիմա նրա միակ խնդիրը գեղեցիկին մոտ լինելն է, գեղեցիկի հետ մի հարկի տակ ապրելը, նրան շոշափելի  դարձնելը... Քո ֆիլմը բառերով անհնար է պատկերել. այն պիտի տեսնել կամ երեւակայել, չնայած երեւակայությունդ վերծանելու համար հոգու աներեւակայելի հավատք է պետք...



Աշխարհի` աշխարհներ արարող հեղինակավոր մարդիկ ամեն կերպ փորձում են օգնել քեզ, ստորագրություններ են հավաքում, դիմումներ գրում, հեռվից սպառնում են քեզ տանջող սիրելի երկրիդ անսիրելի դեսպոտներին, մայրցամաքների հայտնի կինոդահլիճներում ֆիլմերդ են ցուցադրում, կինոփառատոններում քեզ ընտրում են որպես ժյուրիի պատվավոր անդամ... Եվ ոչ ոք դահլիճում չի նստում քո դատարկ աթոռին... Բայց ես… ուղղակի բարեւում եմ քեզ, Ջաֆար: Թող բարեւս հարգանքիս չնչին  դրսեւորումը  լինի: Ես հանգիստ եմ քեզ համար. հիմա դու աշխարհի ամենաազատ արվեստագետն ես, որովհետեւ դու այլեւս չկաս. կա միայն քո երեւակայությունը...



ՀԳ - Ջաֆար Փանահի՝ իրանցի հայտնի ռեժիսորին, ով 2010 թվականին իր քաղաքական հայացքների եւ ֆիլմերում արծարծած թեմաների համար դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, 20 տարով արգելվել է ֆիլմեր նկարահանել, սցենարներ գրել եւ հարցազրույցներ տալ: