«ԳԱԼԱ»-ի անտենան՝ իշխանությունների կոկորդին

«ԳԱԼԱ»-ի անտենան՝ իշխանությունների կոկորդին
Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ-ի եւ «ՉԱՊ» ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի միացյալ գործերով դատաքննությունն ավարտվեց: Այսօր Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շիրակ Երեմի Հակոբյանը հրապարակեց վճիռ, ինչը հերթական անգամ փաստեց, որ իշխանությունների արշավը անկախ լրատվամիջոցների դեմ շարունակում է ավելի ահագնանալ:



Դատարանը  բավարարեց Գյումրու քաղաքապետարանի հայցը եւ պահանջեց մեկամսյա ժամկետում Վ.Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի վրայից ապամոնտաժել «ՉԱՊ» ՍՊ ընկերությանը պատկանող հաղորդակի մաս հանդիսացող, հեռուստաաշտարակի գագաթնային հատվածում տեղադրված հաղորդիչ ալեսփյուռը (անտենան) եւ մալուխը: Իսկ «ՉԱՊ» ՍՊ ընկերության  հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի՝ անվճար  հարկադիր սերվիտուդ սահմանելու պահանջով, դատարանը մերժեց: Դատավորը նաեւ կողմերին զգուշացրեց, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում, այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով:



Հիշեցնենք, որ այս գործով Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարանը դեռեւս  2008թ.-ին էր նույն որոշումը կայացրել: Վերաքննիչ դատարանը եւս մնաց նույն դիրքորոշմանը, որ քաղաքապետարանի հայցը ենթակա է բավարարման, սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործը դարձյալ ուղարկեց ՀՀ  ՇՄ Ընդհանուր իրավասության դատարան՝ նոր կազմով նոր քննության: Նոր կազմը եւս մնաց հաստատակամ եւ կայացրեց այնպիսի որոշում, որը սպասելի էր: Իսկ այս գործի նախապատմությունը, երկարաժամկետ հետաձգումները, կասեցումները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ պարզապես իշխանություններն  իրենց առաջ խնդիր էին դրել ժամանակ շահել եւ ճիշտ պահին լռեցնել «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը:



Հարկ ենք  համարում տեղեկացնել, որ դատական հերթական որոշումը մենք համարում ենք ակնհայտ կողմնակալ եւ ապօրինի, ուստի շարունակելու ենք պայքարը ազատ խոսքի պաշտպանության եւ հանրությանը օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու սահմանադրական իրավունքի համար:



«Գալա» հեռուստաընկերություն