Կոնգրեսը դատապարտում է եւ խնդրում է զանգահարել

Կոնգրեսը դատապարտում է եւ խնդրում է զանգահարել
Այսօր վաղ առավոտից խուլ փակված են Գյումրի քաղաքի կենտրոնական փողոցները, ոստիկանական պոստեր են դրվել նաեւ քաղաքից դուրս եկող մայրուղու վրա։ Խնդիրը վրացական պետհամարանիշներով մեքենաների տերերի` դեպի Երեւան երթը եւ Գյումրիում ինքնաբուխ հանրահավաք անցկացնելը խոչընդոտելն է։ Ոստիկանությունը, սույն գործողության հետ կապված, պաշտոնապես ոչ մի օրինական հիմք չի կարողանում մատնանշել։



Մենք դատապարտում ենք վարչախմբի կողմից մարդու հանրահայտ՝ ազատ տեղաշարժվելու եւ հավաքներ անցկացնելու իրավունքի այս բացահայտ ու ցինիկ ոտնահարումը։ Դրանով նա ոչ թե իր ուժն է ցուցադրում, այլ վախը, որ նրան պատել է մասնավորապես վերջին շրջանում. մի կողմից՝ այլ երկրներում բռնատիրությունների դեմ համաժողովրդական շարժումների ծավալման, մյուս կողմից Հայաստանում նորանոր սոցիալական շերտերի քաղաքական ակտիվացման հետ։



Մենք բազմաթիվ տեղեկություններ ենք ստացել նաեւ այն մասին, որ արդեն մի քանի օր է, ինչ ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցները ողջ հանրապետությունով մեկ «անձնական զրույցներ» են ունենում ոչ միայն ավտոբուսների եւ միկրոավտոբուսների սեփականատեր վարորդների, այլեւ տաքսի ծառայության վարորդների հետ՝ պահանջելով նրանցից փետրվարի 18-ին՝ Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի օրը, դեպի Երեւան ուղեւոր չտեղափոխել։ Հանձնարարություն է տրված ամենուր խոչընդոտել մարդկանց ազատ տեղաշարժը։



Վարչախումբն այնքան է սարսափած Հայ Ազգային Կոնգրեսի՝ փետրվարի 18-ի հանրահավաքից, որ պատրաստ է հանրապետությունով մեկ կաթվածահար անել տրանսպորտի աշխատանքը։ Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցառումներ՝ այդ արգելքները հաղթահարելու համար։ Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր կառնչվեն այդօրինակ դեպքերի, մեզ անմիջապես տեղյակ պահել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակին` 52.09.74 հեռախոսահամարով։



Հայ Ազգային կոնգրես