Անհայտ անձինք առեւանգել են ՀԱԿ ակտիվիստներին

Անհայտ անձինք առեւանգել են ՀԱԿ ակտիվիստներին
ՀԱԿ-ի գրասենյակից հայտնում են, որ այսօր ամբողջ օրվա ընթացքում քաղաքացիական հագուստով անհայտ անձինք հարձակումներ են գործել փետրվար 18-ին ՀԱԿ կազմակերպած հանարավաքն իրազեկող երիտասարդների վրա: Առաջին հարձակումը տեղի է ունեցել Էրեբունի համայնքում, որտեղ թվով 20-25 քաղաքացիական հագուստով երիտասարդներ (ժամանած են եղել 47 TP 777  եւ 47 UT 777 պետհամարանիշի ավտոմեքենաներով) հարձակվել են Սահակ Մուրադյանի և Արամայիս Ավետիսյանի վրա, եւ նրանց ձեռքից խլել են իրազեկման թռուցիկները:



Հաջորդ միջադեպը տեղի է ունեցել Մաշտոցի պողոտայի Շահումյանի անվան դպրոցի մոտ, որտեղ հարձակվել են թռուցիկ բաժանող ՀԱԿ ակտիվիստներ Նարեկի, Կարենի և Ավետիք Աբգարյանի վրա: 44 ?? 441 պետհամարանիշերով «Ֆոլցվագեն» մակնիշի ավտոմեքենայով ժամանած, քաղաքացիական հագուստով անձինք փորձել են առեւանգել նրանց, սակայն չեն կարողացել, քանի որ երիտասարդները հասցրել են հեռախոսով տեղեկացնել Սարյանի արձանի մոտ ամեն օր հավաքվող ՀԱԿ անդամներին: Վերջիններիս դեպքի վայր հասնելուն պես հարձակվողները դիմել են փախուստի:



Այնուհետև երիտասարդները շարունակել են իրենց երթը դեպի ՀՀՇ գրասենյակ, եւ հենց գրասենյակի դիմաց նույն «Ֆոլցվագենով» եւ ՆԻՎԱ մակնիշի ավտոմեքենայով ժամանած մարդիկ հարձակվել են նրանց վրա եւ առեւանգել Կարենին ու Նարեկին, իսկ Ավետիք Աբգարյանը վազել է դեպի ՀՀՇ շենք: Քաղաքացիական հագուստով անձինք շարունակել են նրա հետապնդումը, մտել են ՀՀՇ գրասենյակ եւ փորձել առեւանգել նաեւ Ավետիքին, սակայն շենքում գտնվող մարդիկ կարողացել են կանխել առեւանգումը, ինչից հետո հարձակվողները հեռացել են:



Ավելի ուշ առեւանգված երիտասարդները զանգահարել են ՀԱԿ եւ հայտնել, որ իրենք գտնվում են Կենտրոնի ոստիկանությունում. այստեղից նրանց տարել են նարկոդիսպանսեր: