Վավերագրական կինոն, մոդեռն արվեստն ու գրականությունը կլինեն ինտերնետ հեռուստատեսային էկրանին

Վավերագրական կինոն, մոդեռն արվեստն ու գրականությունը կլինեն  ինտերնետ հեռուստատեսային էկրանին
Վերջին քսան տարիներին նկարահանված վավերագրական ֆիլմերը, մոդեռն  արվեստի ստեղծագործությունները` ինստալացիաներ, art դիզայն կոնցեպտներ եւ ժամանակակից գրականությունը, որոնք ամենատարբեր պատճառներով գրեթե ծանոթ չեն հայ հասարակությանը, որոնք, սակայն, նոր արտահայտչամիջոցներով, ժամանակակից մտածողությամբ եւ նորարարական դրսեւորումներով անդրադառնում են քաղաքացիական հասարակությանը հետաքրքրող ամենատարբեր սոցիալական թեմաների` մարդկային ժամանակակից փոխհարաբերություններից մինչեւ  բնապահպանական, կոնֆլիկտաբանական, բարոյահոգեբանական եւ այլն, կհայտնվեն www.webtv.am ինտերնետ հեռուստատեսային պորտալի էկրանին:



Մարտից մեկնարկող ծրագիրը, որն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում, webtv.am -ի նոր ինտերֆեյսով նոր եթերաշրջանում նախ կներկայացնի հատուկ հաղորդաշարեր, որոնք կանդրադառնան ֆիլմերի, մոդեռն արվեստի ստեղծագործությունների եւ ժամանակակից գրականության խնդիրներին, նրանց արծարծած թեմաներին, որոնց կհետեւեն ֆիլմերի ցուցադրություններ եւ արվեստի, գրականության եւ կինոյի խնդիրների քննարկումներ ինտեռնետային ուղիղ հեռարձակմամբ:



webtv.am -ը, որը միացնում է ինտերնետ եւ հեռուստատեսային ֆորմատների եւ տեխնոլոգիաների լավագույն հնարավորությունները, թեմաների քննարկումները կտեղափոխի նաեւ վիդեո բլոգոսֆերա, որն էլ, իր հերթին, համակցելով հանրահայտ սոցիալական ցանցերի եւ պորտալների հետ, կմեծացնի այն լսարանը, որը տեղեկացված կլինի հայ արվեստագետների ստեղծագործություններին եւ մասնակցություն կունենա արվեստի շուրջ տեղի ունեցող քննարկումներին: Դրան կնպաստի նաեւ առաջին անգամ կորպորատիվ եւ հանրային վիդեո բլոգերի ստեղծումը: webtv.am ինտերնետ հեռուստատեսային պորտալը նախատեսում է նաեւ սոցիալական նշանակության հաղորդումների շարքեր, որոնց պահանջարկն այսօր նկատելի է հասարակության ամենատարբեր շերտերում: