Թատրոնը հեռուստացույցի էկրանին է

Թատրոնը հեռուստացույցի էկրանին է
«Արմենիա» թիվիով մեկնարկեց հերթական հումորային հեռուստանախագիծը` «Շեքսպիրն ու ընկերները»: Վերջապես էկրաններից խոսվում է թատրոնի ու դրա խնդիրների մասին: Վերջապես լսում ենք «թատրոն» բառը, որը հայ ժողովուրդը սկսել է մոռանալ: Այն ուժը, որով օժտված էր կենդանի խաղը, որն այնպես ձգում էր սովետական հանդիսատեսին, որը նրա առօրյայի մասն էր, այսօր այլեւս զանգվածային ազդեցության միջոց չէ:



Սովետական Հայաստանում արվեստագետը կարող էր իր ասելիքը հասցնել լայն հասարակությանը թատրոնի եւ գրական-գեղարվեստական ամսագրերի, ասենք, միջին սերնդին քաջ ծանոթ «Գարուն» ամսագրի միջոցով, որին սպասում էին բոլորը, եւ որի համարները մինչ այժմ շատերի տանը կարելի է հանդիպել: Ի՞նչն է ստիպում մարդկանց պահել հազար անգամ վերընթերցված «Գարունները». երբ նայում ենք տարիների բարձունքից, դրանց էջերում հազվադեպ են դասական որակի գործերը:



Նույն հոգեբանությամբ է առաջնորդվում հին սպասքը փայփայող տնային տնտեսուհին՝ սրանից էլ չես ճարի: Ցավալի է, բայց «Գարուն» իրոք չի ճարվում, ինչպես կորել է ու չի ճարվում մեր թատրոնը: Այն Կարպ Խաչվանքյանի հետ մտավ գերեզման, ու թվում է` Աստված միայն կարող է հարություն տալ նրան: Կամ, ավելի ճիշտ՝ թատրոնը քնեց: Երբեմն-երբեմն մի ուշագրավ ներկայացում լցնում է դահլիճը, երբեմն-երբեմն այս կամ այն դերասանի խաղը բավարար ենք համարում, բայց մյուս կողմից՝ այնքան է իջել գնահատման նշաձողը, որ միջակ դերասանին կարող ենք հանճարի տեղ դնել:



Անկեղծ ուրախանում ենք, երբ որեւէ դերասան պատվով է դուրս գալիս իր դերի տակից, ու սկսում ենք աստվածացնել նրան: Եվ ահա այս օրհասական պահին, երբ արվեստի գեղեցիկ մի ճյուղ հոգեվարք է ապրում, «Շեքսպիրն ու ընկերները» նման են թունավոր սպեղանու: Կարծես թե նպատակը բուժելն է, բայց թատրոնն իբրեւ էժանագին կատակների վայր ներկայացնելով ու դերասանների վարկն իջեցնելով, կարծես քաջալերում ենք տափակ կատակների վրա հռհռալ սիրող երիտասարդներին, թե` համեցեք թատրոն, սա էլ այն վայրերից է, որտեղ կարող եք «ձեզ լավ զգալ»:



Նման նախագծերը դրական կողմ էլ ունեն. գոնե մասամբ լուծում են դերասանների նյութական ապահովվածության խնդիրը: Սա պակաս ուրախալի չէ թե արվեստը խթանելու, թե պարզապես մարդկային կարեկցանքի  տեսանկյունից: Հայրենիքը հաց վաստակելու համար լքած տաղանդավոր դերասաններն այսօր վերադառնում են, քանի որ աշխատանքի հնարավորություն կա: Թատրոնում աշխատելով՝ չեն կարողացել ընտանիքի հոգսը հոգալ, հեռուստատեսություններին աշխատակցելով՝ գումար են վաստակում: Բայց չարիքն ուղեկցում է բարիքին. հարգարժան արվեստագետները նույնպես մասնակցում են ազգի հոգեբանությունը խեղող գործընթացին: Մի փակուղի է, որից դուրս գալու համար անհրաժեշտ է աշխատանք տանել պետական մակարդակով:



Հեռուստատեսային վարուցանքին մամուլը հաճախ է անդրադառնում: Նախ` որովհետեւ սթափ դատող խավը նկատում է վարուցանքի աղետալի հետեւանքները: Այսօր մենք ունենք կործանված հոգեբանությամբ ու կեղծ արժեքներով ապրող մի քանի  սերունդ, որը չմտածված լավ մտածված վարուցանքի հետեւանքն է: Երկրորդ` որովհետեւ մամուլը նախանձ ունի հեռուստատեսության ազդեցության լայն ոլորտի նկատմամբ, իսկ նախանձը մեծ մասամբ արտահայտվում է անզորությունից բխող չարախոսությամբ:



Երրորդ պատճառը նույն անզորության մեկ այլ դրսեւորում է`խոսում եմ վտանգից, որովհետեւ հնարավորություններս զգուշացնելուց բացի՝ ոչինչ չեմ կարող անել: Ըստ էության, հնարավոր է միայն զգուշացնել վտանգի մասին, ինչպես Աստված վարվեց արգելված պտղի դեպքում` չուտես, ասաց, բայց կատարել-չկատարելը թողեց մարդու հայեցողությանը:



Բայց կա նաեւ հարցի երկրորդ կողմը: Ընտրելու համար մարդուն անհրաժեշտ է առնվազն երկու բան, իսկ այսօր հայ հասարակության առջեւ դրված է միայն մեկը` ցածրորակը: Սա ենթադրում է ոչ թե ընտրություն, այլ պարտադրանք: Խոսքը հենց այդ երկընտրանքը ստեղծելու մասին է` այն բարձրորակը, որն անհրաժեշտ է պատրաստել ու հակադրել եղածին, որպեսզի խաղն արդար լինի: Դիր իրար կողքի ցածրորակն ու ճաշակով արվածը, եւ նժարը կսկսի կամաց-կամաց թեքվել: Մարդը կտեսնի, կզգա տարբերությունը, ու շատերը կհակվեն դեպի լավը: Պարզունակն ու անճաշակը կկազմեն փոքրամասնությունը, ինչպես էլ պետք է լինի:



Հեշտ է արդեն ձեւավորված լսարանին մատուցել այն ապրանքը, որին նա սովոր է: Դժվար կլինի հոսանքին հակառակ լողալը. դա հակասելու է լողացողի անձնական շահերին ու թեթեւացնելու նրա գրպանը: Համենայնդեպս` սկզբում: Ահա թե ինչու տրամաբանորեն շահագրգռված կարող է լինել միայն պետությունը, որը կարիք ունի գրագետ ու բարձրաճաշակ մարդկային ռեսուրս ունենալու: Այդ ռեսուրսն ի վերջո դառնալու է նրա այցեքարտը աշխարհում եւ նյութական հարստության գլխավոր աղբյուրը, այն էլ Հայաստանի նման երկրի, որի ունեցածն էլ հենց մարդկային ռեսուրսն է: Սա դանդաղ, աշխատատար գործընթաց է, որը, սակայն, արդյունքում կարող է դառնալ չորրորդ հանրապետության հիմքը:



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ