Չինական Նոր տարին Երեւանում

Չինական Նոր տարին Երեւանում
Դժվար է ասել Հայաստանն է առանձնակի գրավչություն ձեռք բերել, թե զուգադիպություն է, օտարերկրյա բաձրագույն դիվանագետներին կարծես դուր է գալիս Հայաստանում տոներ դիմավորել: Անցյալ ամռանը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ԱՄՆ ազգային տոնը` Անկախության օրը դիմավորեց Հայաստանում: Որքան հիշում եմ նախագահականում էլ տիկ. Քլինթոնի պատվին ճաշկերույթ էր տրվել եւ ամերիկյան դրոշի պատկերով տորթ էր հյուրասիրվել, ինչից տիկ. պետքարտուղարն այնպես էր տպավորվել, որ հետո այդ մասին պատմել էր լրատվամիջոցներին:



Երեկ էլ, պարզվում է, չինական Լապտերների տոնն էր, այսինքն Նոր տարին, եւ Հայաստանում գտնվող Չինաստանի արտգործնախարարն էլ Լապտերների տոնը Հայաստանում դիմավորեց: Բնականաբար ԱԳ նախարար Յան Ձիեչիի պատվին էլ ճաշկերույթ էր տրվել, բայց վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից, կառավարությունում: Որքան կարողացանք պարզել, ճաշասրահում լապտերներ չեն եղել, մենյուն եղել է եվրոպական, մի հեռավոր-արեւելյան ուտեստով, բայց մթնոլորտը, հյուրընկալությունը եղել են ջերմ, այնքան, որ Չինաստանի ԱԳ նախարարն ասել է, թե Հայաստանում իրեն ուղղակի տանն է զգում եւ գրեթե ընտանեկան ջերմության մեջ է Ամանոր դիմավորում:



Ճաշկերույթներից եւ արարողություններից բացի Չինաստանի ԱԳ նախարարը բնականաբար նաեւ Հայաստանում բանակցություններ էր վարել: Նկատելով, որ հեռավոր-արեւելյան երկրներից, գոնե Չինաստանից առաջին անգամ էր այդքան բարձրաստիճան պաշտոնյա ժամանում Հայաստան, բնականաբար այցի, բանակցությունների, արդյունքների հանդեպ հետաքրքրությունը մեծ էր: Եթե անկեղծ լինեմ ինձ առանձնապես հետաքրքիր էր, թե չինաստանցի հյուրը մամուլի համար ինչ հայտարարությամբ հանդես կգա, որքանով դիվանագիտական ձեւակերպումներ կհնչեն, որքանով ջերմ խոսքեր: Թեեւ պրն. Ձիեչին Հայաստանում հանդիպել էր վարչապետին, նախագահին, բայց հիմնական աշխատանքային հանդիպումը, բանակցությունները ԱԳՆ-ում էին եւ պրն. Նալբանդյանի հետ էլ արվեցին մամուլի համար հայտարարությունները:



Էդվարդ Նալբանդյանը դիվանագիտական լեզվից չշեղվեց, բարձր եւ դրական գնահատեց Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունները, դրանց ներկա ընթացքն ու հեռանկարները: Շնորհակալություն հայտնեց Պեկինին տարածաշրջանային խնդիրների հանդեպ որդեգրած հավասարակշիռ քաղաքականության համար: ԱԳ Նախարարը նաեւ հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը օրերս որոշում է ընդունել Չինաստանի քաղաքացիների համար Հայաստան մուտքի ռեժիմը դյուրացնելու մասին:



Չինաստանի ԱԳ նախարարի խոսքը հնչում էր չինարեն, թարգմանվում ռուսերեն, ամենից հաճախ հնչող արտահայտությունը Հայաստանի մասին «բարեկամ երկիր» բառակապակցությունն էր: Պրն. Ձիեչին էլ նշեց, որ Հայաստանի հետ իր երկիրն ունի ընդլայնվող հարաբերություններ եւ հետագա համագործակցության հեռանկարներ է տեսնում գիտության, տեխնիկայի, գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի, էներգետիկայի, հանքարդյունաբերության ոլորտներում: Տարածաշրջանային խնդիրների առնչությամբ Չինաստանի ԱԳ նախարարը բարձրաձայնեց Պեկինի դիրքորոշումը, որ հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով: Նաեւ նշեց պրն. Նալբանդյանի հետ արդյունավետ ընկերային-աշխատանքային  հարաբերությունների մասին եւ շնորհավորեց հայաստանցիների Նոր տարին` չինական օրացույցով:



Եթե հաշվի առնենք, որ Չինաստանը աշխարհում ԱՄՆ-ից հետո երկրորդ երկիրն է իր տնտեսական հզորությամբ, ողջ հեռավոր ու Միջին Արեւելքում ամերիկյան կայսրության հետ մրցում է քաղաքական ազդեցությամբ, տարածվում է դեպի Ռուսաստան այդ երկիրը դեմոգրաֆիական աղետի առջեւ կանգնեցնելու աստիճան եւ որոշ ձեւակերպումներով գրեթե վերագաղութացնում է Աֆրիկան, նաեւ ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի որոշումներ է հաստատում կամ կասեցնում իր վետոյով, վերջապես ինչպես ՄԹ նախկին ԱԳ քարտուղար Դեյվիդ Միլիբենդն էր ասել. «Շուտով այս երկրագնդի վրա ամեն ինչ որոշելու են մի ԱՄՆ եւ մի Չինաստան», պարզ է, որ  Չինաստանի բարեկամությունը եւ նրա ԱԳ նախարարի ջերմ խոսքը ավելի քան արժեքավոր են: Հայաստանյան անցուդարձին հետեւող Թուրքիայի համար էլ գուցե նույնքան նշանակություն ուներ պրն. Ձիեչիի` Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելը: