Բլոկադան շարունակվում է

Բլոկադան շարունակվում է
Երեկ ժամը 11-ին Գյումրիի եւ Վանաձորի վրացական համարանիշներով ավտոմեքենաների վարորդները որոշել էին բողոքի ակցիա անել ՀՀ կառավարության շենքի առաջ: Սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել գալ Երեւան: Ժամը 14-ի դրությամբ փակ էին Գյումրիի կենտրոնական փողոցները, եւ 100-ից ավելի ոստիկաններ վրացական համարներով մեքենաներին թույլ չէին տալիս տեղից շարժվել՝ պատճառաբանելով, թե Երեւան-Վանաձոր ճանապարհը սառցակալած է:



«Ժառանգության» պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը եւ Զարուհի Փոստանջյանը, որ Գյումրիում էին, հայտնվել էին «շրջափակման» մեջ: Վանաձորում նույնպես առավոտյան ժամը 9-ից ոստիկանները փակել էին քաղաքի ելքը, կանգնեցնելով բոլոր վրացական պետհամարանիշներով մեքենաներին, որոնց մեջ կային նաեւ օդանավակայան ու հիվանդանոց շտապողներ, նույնիսկ  փաստաթղթերը տեսնելուց հետո ճանապարհային ոստիկանները չէին համոզվում: Օդանավակայան շտապողների եւ ոստիկանների միջեւ բախում է տեղի ունեցել, եւ վարորդները, մեքենաները թողնելով ճանապարհին, այլ մեքենաներով մեկնել են Երեւան: Վանաձորի ելքի մոտ հավաքված ոստիկաններից ոչ մեկը չկարողացավ հիմնավորել այդ վարքի պատճառը, միայն ասացին` «հրաման ունենք, կանգնացնում ենք»: Մինչ ժամը 14-ը քաղաքի ելքի մոտ հարկադիր կանգնեցվել էր շուրջ 30 մեքենա, որոնցից մոտ 10-ը կանգնած էին մնացել ճամփեզրին, իսկ մնացածը հետ էին վերադարձել քաղաք: Տեսնելով, որ իրենց բոլոր ջանքերը զուր են, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը վերադարձել էր Երեւան: Ի դեպ,  կառավարության շենքն էլ էր երեկ հսկվում մեծ թվով ոստիկանների կողմից: Այնտեղ կայանալիք բողոքի ցույցին պետք է ներկա լինեին նաեւ Նոյեմբերյանի եւ հարակից գյուղերի վարորդները, սակայն, ինչպես տեղեկացանք, նրանց եւս արգելվել էր դուրս գալ քաղաքից: