Ով շահեց, ով տուժեց

Ով շահեց, ով տուժեց
Ոմանք թեթեւացած շունչ քաշեցին, ոմանք էլ ատամները կրճտացրին՝ կոալիցիոն նոր հուշագիրը ստորագրվեց: Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն հասան իրենց ուզածին. ԲՀԿ-ին ստիպեցին, որ ստորագրի մի թղթի տակ, որտեղ նշված է, որ 2013-ին սատարելու են գործող նախագահին: ԲՀԿ պաշտոնյաներն էլ հասան իրենց ուզածին՝ պահպանեցին իրենց աթոռները եւ դիրքերը: Թվում էր՝ տրամաբանության բոլոր կանոնները հուշում էին, որ ԲՀԿ-ն չպետք է համաձայնի այս ելքին: Նախ, որ նրա քաղաքական ապագան է դառնում անորոշ: Մյուս կողմից, հայտնի է՝ ով ռիսկի չի գնում, նա շամպայն չի խմում: Ռիսկն այս դեպքում նշանակում էր մեկուկես տարվա զրկանք, բայց դա կարող էր փոխհատուցվել ԱԺ ընտրություններում ծանրակշիռ ձայներով եւ կրկին իշխանություն վերադառնալու, այս անգամ լուրջ դերակատարմամբ, հավանականությամբ: Բայց միշտ իշխանության տաքուկ գրկում ծվարած եւ պայքարի փողոցային սկզբունքներին անհաղորդ ԲՀԿ-ն ու իր առաջնորդը զգուշացան նման ուղուց: Ասում են՝ նրանց ավելի շատ իրենց ունեցվածքին ու բիզնեսին ուղղված սպառնալիքները վախեցրին: Այս պարագայում ՀՀԿ-ն ու գործող նախագահը հիրավի հաղթանակ տոնելու իրավունք ունեն՝ ԲՀԿ-ի նման լուրջ հակառակորդին հաղթեցին: Այս պարագայում թերեւս ուրախանալու իր առիթներն ունի նաեւ ընդդիմությունը՝ իր դաշտը ոչ ոք չմտավ, մրցակից չհայտնվեց: Կեղծ թե իրական՝ կարեւոր չէ, սակայն ԲՀԿ ներկայությունը, այն էլ իշխանական դաշտից դուրս, կարող էր սպառնալիք հանդիսանալ նաեւ ընդդիմության համար: Ո՞վ մնաց: Հա, մոռացանք ժողովրդին, այսպես ասած, Հայաստանի հասարակությանը, որը ոչ շահեց, ոչ տուժեց այս ամենից: Որն այս օրերին փողոցներում միտինգներ է անում. առեւտրականները՝ մի կողմից, վրացական համարներով մեքենաների վարորդները՝ մյուս կողմից: