Առաքելական եկեղեցուն արտոնություններ՝ մյուսների հաշվին

Առաքելական եկեղեցուն արտոնություններ՝ մյուսների հաշվին
Մի շարք հասարակական կազմակերպությունների, Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի տեղեկատվության վարչության երեւանյան գրասենյակի ներկայացուցիչների եւ արդարադատության նախարարի մասնակցությամբ երեկ «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում:



Քննարկումը հիմնականում վերաբերում էր 2010 թ. աշնանը կառավարության աշխատակազմի կողմից մշակված «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերին: Փաթեթները, որոնք արդարադատության նախարարությունը եւ կառավարությունը, կարելի է ասել, թաքուն ուղարկել էին Վենետիկի հանձնաժողով, արժանացել է բացասական գնահատականի: Արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը, բացելով քննարկումը, իր ելույթում նշեց, որ օրինագծերն իրոք անկատար են, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն իսկապես բացասական է, hետեւաբար անհրաժեշտ է լրամշակել օրինագծերի փաթեթները: Ի դեպ, փետրվարի 16-ին արդարադատության նախարարությունում Վենետիկի հանձնաժողովի փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկվել են օրինագծերի վիճահարույց հարցերը: Կլոր սեղանի ժամանակ  նախարարը նշեց այդ հարցերից մի քանիսը` հոգեորսությունը, կրոնական կազմակերպությունների գրանցման կարգը եւ այլ հարցեր, որոնք պետք է վերանայվեն:



Ինչ վերաբերում է հոգեորսությանը, նախարարն ասաց. «Չափազանց զգույշ պետք է լինել հոգեորսության բնորոշումը տալիս, քանի որ ցանկացած բնորոշում դառնում է վիճահարույց, խոցելի է, եւ այստեղ իրոք պետք է հետեւել եվրոպական փորձագետների խորհուրդներին եւ ձեռնպահ մնալ այս հասկացության դրական սահմանումից` ուղղակի թվարկելով արգելված գործողությունները»: Կրոնական կազմակերպությունների գրանցման կարգի վերաբերյալ (ըստ որի՝ կրոնական կազմակերպությունը պետք է ունենա նվազագույնը 500 անդամ, որպեսզի գրանցվի) Հրայր Թովմասյանը նշեց, որ, միջազգային փորձը հաշվի առնելով, ճիշտ կլիներ իջեցնել շեմը՝ հասցնելով 200 անդամի: Ի դեպ, միջոցառման մասնակիցներից շատերը զարմացած էին եւ դրական գնահատեցին նորանշանակ նախարարի դիրքորոշումը կրոնական հարցերի վերաբերյալ:



Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը կարծում է, որ Հայաստանում խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքն արդեն հնացած է եւ չի համապատասխանում անգամ ՀՀ Սահմանադրությանը: Այն «պետք է փոխվի, քանի որ լեցուն է սահմանափակումներով եւ հակասություններով, բայց, փաստորեն, Հայաստանի օրենսդիրները հակառակ ճանապարհով գնացին եւ ավելի սահմանափակումներ մտցրեցին»,-ասաց իրավապաշտպանը եւ հավելեց, որ այն քննադատական դրույթները, որոնք նշել է Վենետիկի հանձնաժողովը, նշվել են նաեւ Հայաստանում՝ քաղաքացիական հասարակության կողմից, բայց հաշվի չեն առնվել եւ այդպես էլ ուղարկվել են Վենետիկ: «Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում իշխանությունները կարծես թե սոցիալական բեւեռացումը, կոռուպցիան, անօրինականությունները շղարշում են ազգայնական կեղծ դրույթներով, որոնցից մեկը առաքելական եկեղեցուն առավելություն տալն է եւ մյուս կրոնների նկատմամբ սահմանափակումներ մտցնելը: Այդ անհանդուրժողականությունը, որը սերմանվում է, շատ վտանգավոր է: Սխալ տեսակետ կա, որ ով առաքելական եկեղեցուց չէ, հայ չէ, եւ նման շատ այլ կարծրատիպեր»,-ասաց Ավետիք Իշխանյանը:



ՀԳ - Ի դեպ, նախարարը նշեց, որ իրենք խնդիր են դրել միջազգային փորձագետների դիտողությունների հիման վրա լրջորել լրամշակել օրինագծերը, ապա նորից ուղարկել Վենետիկի հանձնաժողով եւ ստանալ հանձնաժողովի գնահատականը: