Ես ոչ «Աննա» եմ նայում, ոչ էլ` «Բանակում»

Ես ոչ «Աննա» եմ նայում, ոչ էլ` «Բանակում»

Մեռել էի: Չեմ գրում` մահացել էի, որովհետեւ հենց մեռել էի, ու շատ հետաքրքիր մեռել: Իմ երազած մեռելը` չմահացած, որ հնարավորություն ունի աչքի տակով նայել, թե ով է լացում դագաղի մոտ, ով` հեռու կանգնած իր կողքինին ինչ-որ բան քրթմնջում, ու միասին ծածուկ ու լռելյայն խրխնջում են: Բայց ես հատակին էի ընկած, ճիշտ է` մեջքի վրա, բայց անհասկանալի դիրքով: Ինձ սպանել էի՞ն… լավ չեմ հիշում: Բայց ամեն ինչ լսում ու գիտակցում էի:



Կողքիս կքանստած էր դետեկտիվ Քեյթ Բեկետը* եւ ուշադիր նայում էր դեմքիս, նրա հետեւում դետեկտիվ ժանրի մեջ իր նմանը չունեցող գրող Ռիչարդ Քասլն** էր կանգնած` ձեռքերը կրծքին խաչած: Բայց նա ինձ չէր նայում, այլ գոյություն չունեցող սենյակի անկյուններից մեկին, ուր թունդ վիճաբանություն էր գնում: Փակ կոպերիս տակից հայացքս թեքում եմ այդ անկյան ուղղությամբ ու տեսնում եմ սարսափելի ծանոթ դեմքերով երկու տղամարդկանց:



Նրանցից մեկը բարձրահասակ է, չսափրված դեմքով, ձեռքին գավազան կա, հագին` կեղտոտ շապիկ` «House vs God» մակագրությամբ: Սա, ցինիկ արտահայտությունը դեմքին, առանց անհամբերության նշանների հետեւում է դիմացինի կապիկություններին, որը արտառոց ժեստիկուլյացիայով փորձում է նրան ինչ-որ բան բացատրել: Անթրաշ փնթիի օպոնենտը կարճահասակ մի մարդուկ է, որի հասակն ավելի ա կարճացնում նրա կիսակռացած դիրքը:



- Նա չի ստում, նա մեռել է,-ասում է կարճահասակը,-ես արդեն տասնյակ տարիներ է` ուսումնասիրում եմ մարդկանց ժեստերը, եւ նրա ընկած դիրքը ինձ հուշում է, որ նա մեռել է:



- Դոկտոր Լայթման*** (Լայթման, Լայթման… որտեղ եմ լսել այս անունը), բոլորը խաբում են,-հանգիստ տոնայնությամբ պատասխանում է անթրաշ բարձրահասակը,- նրա մոտ ընդամենը волчанка**** է…



- Ես հրավիրում եմ Ձեզ դուելի,- դեմքը ծամածռելով հանկարծ նետում է Լայթմանը ու էլի ինչ-որ անհասկանալի առարկա է նետում անթրաշի դեմքին: Առարկան, որը գիրք է հիշեցնում, ընկնում է գետնին եւ ես առանց մեծ դժվարության կարողանում են ընթերցել վերնագիրը` «Վամպիրի օրագրերը»*****… Այդ ընթացքում երկու պոտենցիալ դուելյանտների հագուստները վերափոխվում են գլադիատորական զրահների, անթրաշի գավազանը` գուրզի: Մեկի կրծքին գրված է` Սպարտակ******, մուսի կրծքին` Գանիկե*******:



- Իմ սեկունդանտները կլինեն Օլիվիա Դանըմն ու Փիթեր Բիշոփը********, նրանք կարծում են, որ մեռելին սպանել են այլ տարածաչափությունից եկածները,- ասում է կարճահասակը:



- Իմը կլինեն Վինչեստեր եղբայրները*********, նրանք կարծում են, որ մեռելին волчанка-ով վարակել են оборотень-ները,- լրիվ նույն ձայնով եւ նույն առոգանությամբ պատասխանում է դիմացինը:



Նրանց առոգանության, խոսքերի ու պահվածքի մեջ այնքան շինծու պաթոս կա, ու նրանց արտասանած տեքստն այնպիսի ապուշություն է թվում, որ մի պահ զզվանքս գալիս է ու առաջացած սրտխառնոցից աչքերս բացում եմ: Լափթոփս բաց վիճակում կողքս դրած է, էկրանին «Դեքսթերի» 4-րդ սեզոնի 6-րդ սերիան է` 22-րդ րոպեի վրա «պաուզա» տված վիճակում: Ստուգում եմ տորենտս` ավարտել է քաշել «Կապրիկա»-ի վերջին սերիան: Բայց չեմ նայելու: Ու ընդհանրապես բոյկոտում եմ Lostfilm.tv կայքը, առնվազն մի շաբաթով: Ու ինչ օգուտ, որ ոչ «Աննա» եմ նայում, ոչ էլ` «Բանակում»:



Լիկբեզ` բանից անտեղյակների համար



*Քեյթ Բեկետ - «Քասլ» սերիալի գլխավոր հերոսուհին

**Ռիչարդ Քասլ- «Քասլ» սերիալի գլխավոր հերոսը

*** Դոկտոր Լայթման - «Խաբիր ինձ» սերիալի գլխավոր հերոսը

****Волчанка – հիվանդություն, որի մասին հիշատակումների առատությունը «Հաուս» սերիալում արդեն հիստերիկ քրքիջ է առաջացնում

***** «Վամպիրի օրագրերը» - հերթական սերիալ… ուֆ…

******Սպարտակ - «Սպարտակ. Արյուն եւ ավազ» սերիալի գլխավոր հերոսը

*******Գանիկե- «Սպարտակ. Արենայի աստվածները» սերիալի գլխավոր հերոսը

********Օլիվիա Դանըմն ու Փիթեր Բիշոփ - «Ֆրինջ» սերիալի գլխավոր հերոսները

*********Վինչեստեր եղբայրներ - «Գերբնականը» սերիալի գլխավոր հերոսները



Ու տենց շարունակ…